ԷՊՈՍԱԳԵՏԻ «ՔԻԼԼԵՐԻ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ասաց, որ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը սպառնում է իր կնոջը: Այս պատմությունից, ըստ Խաչատուրի, շահեց երեք հոգի` Պարույր Հայրիկյանին պետք էր փողը, Սերժ Սարգսյանին` իբր թե իր երկրում արդարություն կա, իսկ Մնացական Մարուքյանն էլ մեդալ ստացավ գործը բացահայտելու համար:

Հիշեցնեք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2013թ. հունվարի 31-ին: Այդ գործով, էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013 թվականի փետրվարի 18-ին առաջադրելով իր թեկնածությունը ՀՀ նախագահի կայանալիք ընտրություններում, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին պատվիրել էր Պարույր Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Ուստի, դատարանը Վարդան Սեդրակյանին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել Խաչատուր Պողոսյանի հետ, ով ուշագրավ մանրամասներ պատմեց: Խաչատուրի խոսքով` իրեն այս պատմության մեջ ներքաշել է իր ընկեր Սամվելը. «Խնդրեց, որ օգնեմ ու ասեց` հետո կասի: Մենք մահափորձ չենք ցանկացել անել, այլ, պարզապես, ցանկացել ենք վախեցնել, որ հետո Սամվելը էպոսագետից փող պոկեր` ասելով, թե եթե գումարը չտաս՝ Հայրիկյանին կասեմ»:
Ըստ մեր զրուցակցի՝ մինչ այս դեպքը, ինքը որեւէ քաղաքական գործընթացի մեջ չի եղել, որեւէ կուսակցության կամ քաղաքական գործչի հետ առնչություն չի ունեցել: Միայն փողի դիմաց, էպոսագետի համար նախագահական ընտրությունների ընթացքում տեղեկատվական բուկլետներ է տարածել:
Խաչատուրի պատմելով՝ կատարվածից հետո, երբ իրենց ձերբակալել եւ տարել են Ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն իրենց 2 ժամ համոզել է, որ գրեն իր ուզածը. «Ասում էր, եթե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը բերի գումարները տա, բոլորիդ բաց կթողնենք: Այս պատմությունը մի բանի համար սարքվեց: Վարդան Սեդրակյանը պարտք է Սերժ Սարգսյանին, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամ Ալիկ Աբրահամյանին: Մեզ Մարուքյանը զոռով գրել էր տալիս, թե ինչ ասեմ Սեդրակյանի դեմ պիտի գրեք, նրա անունը պիտի տաք, եթե չգրեք, ձեր կանանց կդատենք: Իմ կնոջն էլ, Սամվելի կնոջն էլ ձերբակալել էին: Ես նրանց ասեցի՝ թողեք կանանց ու մենք կպայմանավորվենք: Այս մասին դատարանում ասեցի, բայց հաշվի չառան: Եթե հաշվի առնեին, կծիկը կբացվեր: Մարուքյանը պահանջում էր միայն Սերժ Սարգսյանի գումարը, որը կրկնում եմ՝ Սեդրակյանն էր պարտք, ուրիշ հարց չկար այստեղ:Հարյուր տոկոս սրա համար սարքվեց»:
Ըստ Խաչատուրի` ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանի որդին` «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանը, համագործակցել է էպոսագետի հետ.«Էդուարդը տարածք էր տվել Սեդրակյանին նախագահի ընտրությունների քարոզարշավի համար: Դրանք երկուսով գնացել էին ինչ-որ երկիր, թանկարժեք մեքենաներ էին գնել: Չգիտեմ, թե հետո ինչ է եղել, Էդուարդը երեւի հորը չի կարողացել ասի, թե ինչ է արել գումարների հետ, ու այդտեղից սկսվեց այս պատմությունը: Ձեզ ավելին ասեմ՝ Էդուարդի հայրը՝ Ալիկ Աբրահամյանը, եւ Սերժ Սարգսյանն այն աստիճանի մտերիմներ են, որ Աֆրիկայում սեփական ինթնաթիռներ ունեն»:
Ինչեւէ, ըստ մեր զրուցակցի՝ անգամ այս գործով դատավճիռը հրապարակելուց հետո, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը բազմիցս զանգահարել է իր կնոջն ու սպառնացել.«Կնոջս ասում է, թե ամուսնուդ ասա՝ լռի: Եթե դուք կարողանաք իմ կնոջ հեռախոսահամարների զանգերը հանեք, կտեսնեք, թե քանի անգամ է Մարուքյանը զանգահարել ու անտեղի կնոջս կանչել ԱԱԾ եւ ասել, թե քեզ սենց կանենք: Ինչ գործ ունի նա փակված գործից հետո զանգի իմ կնոջը ու վախեցնի: Ավելին՝ այնպես է արել, որ ընտանիքս չկարողանա դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Ես վախենալու բան չունեմ: Մարուքյանը միշտ ասել է, թե ինքը տարբեր տեղեր մարդ ունի ու այնպես կանի, որ ինձ համար վատ կլինի, բայց ես չեմ լռելու»:
«Ժողովուրդ»-ը դատապարտյալի հնչեցրած մեղադրանքների մասին փորձեց պարզաբանում խնդրել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանից, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Հ.Գ Նշենք, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանը 1in.am-ին նամակ էր գրել, որտեղ պատմել էր, որ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աբրահամյանը եւ նրա հայրը` Ալիկ Աբրահամյանն են հովանավորել եւ ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ են ներդրել, ապա հետ պահանջել: Երբ Սեդրակյանը չի վերադարձրել պահանջվող գումարը, սպառնալիքներ են սկսվել իր եւ ընտանիքի նկատմամբ: Ըստ Սեդրակյանի նամակի` Ալիկ Աբրահամյանն ասել է, որ հենց իր շնորհիվ է, որ Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման: Ինչպես նաեւ, որ պետք եղած ժամանակ իր ձեռքերը երկար են, եւ ինքը կարող է վնասել Սեդրակյանին եւ նրա ընտանիքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԴԱՆԱԿԱՀԱՐԵՑԻՆ ԶՄԻՄԻԱՆՍ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին, «Վենեցիա» ռեստորանային համալիրում, հասակակիցներ` 24-ամյա երկու Նարեկների միջեւ լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ Նարեկ Ք-ն որովայնի շրջանի կտրած ծակած վնասվածքով շտապել է հիվանդանոց, որտեղ նրան հասցրել են օգնություն ցուցաբերել: Տեղեկություններ կան, որ տղաների միջեւ վեճը սկսվել է պարտքի շուրջ ծագած խնդրից: «Ժողովուրդ»-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին միայն, որ Նարեկ Հ-ն ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է քննություն:

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՈՒՂԻՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներից շուրջ երկու տասնյակ բորդ- ուղեկցորդուհիներ, որոնք աշխատում էին Ղազախստանում, ազատվել են աշխատանքից եւ վերադարձել Հայաստան, իսկ ութ ինժեներ դեռ շարունակում է Ղազաղստանում աշխատել: Ի դեպ, ընկերության նախկին աշխատակիցները մտադիր են առաջիկայում հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ ընկերության նախկին աշխատակիցները տեւական ժամանակ է, ինչ «Արմավիա»-ից պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձերը, սակայն ապարդյուն: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ Մ. Բաղդասարովը հենց այդ մասին հարց է լսում, միանգամից ագրեսիվ վիճակում է հայտնվում: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախկին աշխատակիցների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ շուտով Հայաստանում ստեղծվելու է տեխնիկական բազա, որն էլ զբաղվելու է ինքնաթիռների սպասարկմամբ:

 

«ՉԵԽՈՎ»-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն օրեր առաջ հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Պատճառը դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը ծեծի ենթարկելն է: Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ-ին հրապարակվել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծել է աշակերտուհի Լիդայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե տնօրենը հերքում էր եւ հայց ներկայացրեց դատարան՝ Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Նատալյան էլ իր հերթին հակընդդեմ հայցով էր դատարան դիմել` պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում: Բացի այդ՝ Նատալյան ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, եւ քրեական գործ չէր հարուցվել: Նա դիմել էր Առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել էր, եւ ուղարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ եւ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ սույն գործով տնօրենին հարցաքննել են: Իսկ թե ինչ կպարզվի, դեռեւս հայտնի չէ: Անցել է 2 ամիս եւ այս գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԲԼԹ

«Թե մի քանի լրատվամիջոցներ կամ մի քանի լրագրող ինչ են մտածում, դա իրենց խնդիրն է… ես զրոյից սկսել եմ մի կառույց, որն արդեն կայացել է եւ գործում է, եւ ես դրա համար շատ շնորհակալ եմ իմ գործընկերներից, հանրապետության նախագահից, մնացածն ավելորդ է»:

Հրանուշ Հակոբյան ԳԱԼԱ

Սփյուռքի նախարարի ասած՝ մի քանի լրատվամիջոցները կամ մի քանի լրագրողները գոնե մասամբ արտահայտում են նաեւ հանրության կարծիքը, եւ պարզ է դառնում, որ Հ. Հակոբյանի գործունեության մասին հանրային կարծիքն այդքան էլ դրական չէ եւ նրան այդքան էլ չեն պատկերացնում նախարարի դերում, չնայած Հայաստանի դեպքում դա նորմալ երեւույթ է: Համենայն դեպս իր՝ սփյուռքի նախարար եղած շրջանում Հ. Հակոբյանն ամենաշատը հայտնի դարձավ ոչ թե բուն գործառույթներ իրականացնելով, այլ, օրինակ, ինքնակոչ տիեզերագնացի պատվին ընդունելություն կազմակերպելով, կամ պարբերաբար բոլորին տուն կանչելով, չնայած որ, ոչ ոք չի գալիս:

 

 

 

«Ես փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում անել այն ամենը, ինչ որ կարեւոր եմ համարել մշակույթի ոլորտը զարգացնելու համար»:

Հասմիկ Պողոսյան ԳԱԼԱ

Հետաքրքիր է՝ ինչ է, ըստ մշակույթի նախարարի, անհրաժեշտ մշակույթի ոլորտը զարգացնելու համար: Երեւի թե այս հարցում ամենակարեւորը մշակութային արժեքների տարածքում սրճարան կառուցելու մտահղացումն է, որպեսզի զբոսաշրջիկները կամ էլ տեղացի այցելուները քյաբաբ ուտելու տեղ ունենան: Այս տեսանկյունից նախարարի ասածը կարելի է ճիշտ համարել, քանի որ հնարավոր է՝ նա քյաբաբ ուտելը մշակույթ է համարում եւ նպատակ ունի զարգացնելու մշակույթն իր պատկերացմամբ: Գառնու տաճարի տարածքում, բարեբախտաբար, դա նրան չհաջողվեց, տեսնենք, թե ինչպիսի նոր մտահղացումներով հանդես կգա Հ. Պողոսյանը վերանշանակվելուց հետո:

 

 

 

 

«Լավն է օրենքը, մեռնեմ օրենքին»:

Արփինե Հովհաննիսյան «Իրատես դե ֆակտո»

Ճիշտ էին ասում, որ Տ. Սարգսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելով շատ բան կփոխվի՝ մասնավորապես քաղաքական շրջանակներում շփման եւ հաղորդակցման մշակույթը: Եթե եվրոպական արժեհամակարգի կրող, ինտելեկտուալ Տ. Սարգսյանն իր կադրերով ավելի կիրթ վարվելակերպի կողմնակից էր, ապա Հ. Աբրահամյանի կադրերը կարծես թե ավելի հասարակ են, ինչպես Աբրահամյանի խնամի Գ. Ծառուկյանն է ասում՝ ժողովրդական: Ահա այսպես ժողովրդական «ջան-ջիգյար, ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ» օրենսդրական ձեւով էլ արձագանքում է ՀՀԿ-ական պատգամավորը, երբ իրեն դիմում են հուշարձանների հետ կապված օրենքում առաջարկություններ ներկայացնելու հարցով:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս