ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր երկիրը ներկայացնող միակ աղջիկը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, եզրափակչում գեղեցիկ ոճով հաղթելով իտալուհի Իրմա Տեստային, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Դա տեղի ունեցավ ապրիլի 24-ին, եւ Անուշը այդ հաղթանակը նվիրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իսկ մինչ այդ բրոնզե մեդալ էր նվաճել 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մեդալների հաշվարկով Հայաստանը 55 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը`1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալով:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել դեռեւս Բուլղարիայում գտնվող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ։ Նա մասնավորապես նշեց, որ թերեւս առաջին անգամ այսքան մեծ քանակությամբ երկրներ էին մասնակցում երիտասարդների աշխարհի առաջնությանը, մասնակից մարզիկների թիվն էլ՝ 500, գերազանցում էր բոլոր ժամանակներում անցկացված աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը։ Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ աշխարհի առաջնությունը եղել է չափազանց լարված, քանի որ «պայքար էր գնում նաեւ պատանեկան օլիմպիադայի ուղեգրի համար, եւ, բնական է, ավելի մեծ էր պատասխանատվության զգացումը։ Մեր երիտասարդները բավականին լավ էին պատրաստված, ու եթե նրանցից ցանկացածն էլ մրցանակային տեղ զբաղեցներ, մեզ համար անակնկալ չէր լինի։ Ավելի ոգեշնչված, ավելի լավ մարզավիճակում գտնվեցին Նարեկը եւ Անուշիկը, որոնցից առաջինը արժանացավ բրոնզե, երկրորդը՝ ոսկե մեդալի»։
Մեր այն հարցին, թե արդյոք Նարեկը կարո՞ղ էր հավակնել ավելի բարձր տեղի, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Կիսաեզրափակչում Նարեկի մրցակից բուլղարացի բռնցքամարտիկը ճանաչվեց մրցաշարի լավագույն մարզիկը։ Ընդ որում, ոչ թե այն բանի համար, որ նա տեղացի էր, այլ իսկապես նա շատ բարձր որակների տեր բռնցքամարտիկ էր։ Այնպես որ, Նարեկը մի փոքր զիջեց մրցակցին, բայց կարծում եմ, որ մինչեւ պատանեկան օլիմպիադան, որը կայանալու է Չինաստանում, դեռ աշխատելու եւ հետեւություններ անելու ժամանակ կունենա»։
Մեր զրուցակիցը համոզված է, որ ե՛ւ Նարեկը, ե՛ւ Անուշիկը այն տարիքային խմբում են գտնվում, որը նրանց հնարավորություն կտա եկող տարի հանդես գալ մեծահասակների մրցաշարերում եւ արդեն Բրազիլիայում 2016 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել։

ՌՈՒՍԼԱՆ  ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ՏՆԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՏՈՒՄ ԵՆ

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի՝ Ստեփանավանի եւ Գյուլագարակի անտառպետություններում հատումները կատարվում են միմիայն հատկացված հատատեղերում: Դրանք հիմնականում խնամքի եւ սանիտարական հատումներ են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Արսեն Միկոյանը:
Օրերս Ստեփանավանի բնակիչներից նկատել էին, որ «Չքանց թալա» կոչվող վայրում ծառեր են հատվում: Անհանգստացած բնակիչներն ահազանգել էին Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանին, որի հանդիպումը անտառտնտեսության տնօրեն Արսեն Միկոյանի հետ չուշացավ: Վերջինս հավաստիացրեց, որ հատումներն ապօրինի չեն, հատատեղերը հատկացված են համաձայն անտառկառավարման պլանի: «Չքանց թալա»-ում 2013-ին հատկացվել է 2 անցումային հատատեղ, որտեղ հատվել են սոճի տեսակի ծառեր: Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, 2012 թվականին ապօրինի հատվել է 14 ծառ, որի վերաբերյալ կազմվել է 4 անտառհատման արձանագրություն: 2013 թվականին, ըստ Արսեն Միկոյանի, ապօրինի հատումները նվազել են, հատվել է ընդամենը 1 ծառ, որի վերաբերյալ կազմվել է 1 անտառխախտման արձանագրություն: 2011-2013թթ. ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից անտառտնտեսության Ստեփանավանի մասնաճյուղում գրանցվել է ապօրինի հատված 61 ծառ, ինչի առթիվ հարուցված է քրեական գործ: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Հայաստանում կապույտ վառելիքի եւ էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներով պայմանավորված` ապօրինի ծառահատման դեպքերն ավելացել են, թե ոչ, անտառտնտեսությունում նշեցին, որ սկսած 2011 թվականից անտառամերձ բնակավայրերի բնակիչներին թույլատրվում է անվճար օգտվել թափուկ վառելափայտից` յուրաքանչյուր ընտանիքին մինչեւ 8 խմ ծավալի չափով: 2011 թվականին անվճար մթերվել է 352.1 խտ. խմ, 2012 -ին 776.3 խտ. խմ, , 2013`թվականին 466.7 խտ. խմ թափուկ վառելափայտ:
Ստեփանավանի եւ Գյուլագարակի անտառտնտեսություններում անտառպահպանությանն ուղղված մի շարք դժվարություններից մտահոգիչը բնական վերաճին եւ անտառտնկմանն ուղղված միջոցառումների բացակայությունն է: Համաշխարհային ճգնաժամի պատճառով, 2008թ. սկսած, դադարեցվել են գյուղնախարարության կողմից նշված միջոցառումներին ուղղված ֆինանսավորումները: Այստեղ վերջին անգամ անտառի բնական եւ բնաշիվային վերաճին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից օժանդակում պլանավորվել եւ կատարվել է 2008թվականին: Իսկ անտառի տնկում վերջին անգամ կատարվել է 2009թ. աշնանը` ճապոնական ծրագրի շրջանակներում: 25 հա տարածքում տնկվել են հիմնականում սոճենու, հացենու, խնձորի եւ տանձի ծառատեսակներ: Ինչպես նշում է Ստեփանավանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Արսեն Միկոյանը, 2014թ. համար իրենց կողմից ներկայացվել է մոտ 12 հա տնկման տարածք, հաստատվելու դեպքում այստեղ նախատեսված է տնկել սոճենու եւ հացենու սերմնաբուսակներ:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս