ՍՊԱՆԵԼ Է ՈՐԴՈՒՆ ՍՊԱՆՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարի է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է անչափահաս Սարգիս Վարդիկյանի դաժան սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալի աթոռին «Գժոյանների Արտակ» անունով հայտնի 38-ամյա Արտակ Մելքոնյանն է, որը դանակի 17 հարվածով սպանել էր իր անչափահաս որդի Սոսի սպանությանն առնչված 13-ամյա Սարգիսին: Վերջինս քրեական պատասխանատվության չէր ենթարկվել, քանի որ սահմանված տարիքը չէր լրացել:
Հիշեցնենք, որ Արտակի որդուն՝ Չարենցի անվան թիվ 67 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ 13-ամյա Սոս Մելքոնյանին, դաժանաբար սպանել էին 2009-ի նոյեմբերի 29-ին: Սպանության հաջորդ օրը որպես կասկածյալներ բերման էին ենթարկվել սպանվածի ընկերները՝ Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Ազատ Եղոյանը եւ թիվ 2 վարժարանի սան, 12-ամյա Սարգիս Վարդիկյանը: Վերջինիս, որը ներկա էր գտնվել Սոսի սպանությանը, ստորագրությամբ բաց էին թողել, հետո ազատել քրեական պատասխանատվությունից՝ հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով, իսկ Ազատ Եղոյանին մեղադրանք էին առաջադրել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կալանավորել, իսկ հետո դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Սոսի սպանությունից անմիջապես հետո նրա, ինչպես նաեւ այդ պահին նրա սպանության մեջ կասկածվողների բնակարանները գտնվել էին ոստիկանության հատուկջոկատայինների հսկողության տակ՝ հնարավոր վրեժխնդրությունը կանխելու նպատակով: Սակայն, ինչպես պարզվեց հետո, դա հարցի լուծում չէր. Սոսի սպանությունից մեկ տարի անց՝ 2010-ի նոյեմբերի 14-ին, դաժանորեն սպանված Սոսի հայրը՝ Արտակ Մելքոնյանը, նույն դաժանությամբ սպանել էր Սարգիս Վարդիկյանին հենց նրա մոր աչքի առաջ: Սարգիսը իրենց տան բակում ավտոմեքենան էր լվացել, երբ Գժոյանների Արտակը հարձակվել էր եւ դանակի 17 հարված հասցրել պարանոցի ու մարմնի տարբեր մասերին: Մայրը պատուհանից տեսել էր, գոռացել, սակայն ոչինչ չէր կարողացել անել: Հարեւանները պատանուն տեղափոխել էին հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չէր հաջողվել. հիվանդանոցում տղան, գիտակցության չգալով, մահացել էր:
Արտակը սպանությունից անմիջապես հետո ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել: Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ նա մտադրություն ունի հետագայում, երբ անչափահաս Ազատ Եղոյանի տարիքը լրանա եւ նրան անչափահասների գաղութից տեղափոխեն չափահասների մոտ, սպանի Ազատին, որովհետեւ որդու շիրիմի վրա երդվել էր, որ սպանողներին «ուղարկելու է նրա հետեւից»:
Արտակ Մելքոնյանին այժմ մեղադրանք է առաջադրված ապօրինի կերպով սառը զենք կրելու (235-րդ հոդվածի 4-րդ մաս) եւ առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար (104-րդ հոդ. 2-րդ մասի 5-րդ կետ):  
Երեկ գործով դատական նիստը հետաձգվեց:

  ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս