Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հնարավոր է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկայում բարձր պաշտոն ստանա:
Armlur.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նշեց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում և զարմացած է, որ նման խոսակցություններ են շրջանառվում:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Շիրակի մարզում առաջիկայում Ձեզ որևէ նշանակալի պաշտոն վստահեն:
-Ես նմանատիպ հարցերի չեմ պատասխանում, որվհետև գայլը սարի հետևում է: Ես նմանատիպ բաներից տեղյակ չեմ, ումից լսել եք նման բան, հենց իրենից կարող եք ճշտել, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը: Ամենաշատը հենց լրատվական կազմակերպություններն են տեղեկացված, և դուք եք ամենաշուտն իմանում, թե ում ինչ է սպասվում:
– Այսինքն՝ չե՞ք հերքում մեր այն տեղեկությունը, որ շուտով նոր պաշտոն եք ունենալու Շիրակի մարզում:
-Ես չեմ պատասխանի Ձեր այդ հարցին: Միայն ասեմ, որ ես նման տեղեկություն չունեմ:
-Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հնարավոր է, որ Ձեզ Շիրակի մարզի հարկայինի պետի պաշտոնը տրվի:
-Շիրակի մարզի հարկայինի պետի պաշտոն ստանձնելուն ես չեմ համաձայնվի: Ասում եմ` եթե առաջարկեն էլ, չեմ ընդունի:
-Իսկ ո՞ր ոլորտն է Ձեզ հոգեհարազատ: Ո՞ր բնագավառում կցանկանաք աշխատել:
-Ձեր ի՞նչ գործն է: Ես հետաքրքրվո՞ւմ եմ, թե Դուք ինչով եք զբաղվում:
-Իմ մասնագիտությունը թույլ տալիս է, որ ես հետաքրքրվեմ հանրային հետաքրքրություն ներկայացնող մարդկանց գործունեությամբ:
-Ես էլ պետք է ցանկություն ունենամ Ձեր հարցերին պատասխանել: Նման հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ, միայն կարող եմ ասել, որ ես տեղյակ չեմ՝ առաջիկայում ինձ որևէ պաշտոն առաջարկվելու է, թե ոչ: Ես նոր եմ Ձեզանից տեղեկանում:
Լուսինե Հակոբյան