ՎԹԱՐԱՅԻՆ ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Չուխաջյան փողոցի թիվ 30 շենքի արտաքին կոյուղագծերը վերանորոգման կարիք ունեն, շենքի նկուղային հարկերը ջրային ծածկույթի են վերածվել: «1973թ-ից ապրում եմ էս թաղամասում: Մեր թաղամասին ընդհանրապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում, ոչ մի կոյուղագիծ այսքան տարիների ընթացքում չի փոխվել»,-«Ժողովուրդ»-ին ասաց շենքի բնակիչ Հրաչիկ Բայադյանը:
Խնդիրը երկար տարիների պատմություն ունի, որի լուծման ուղիները բնակիչները միշտ էլ փնտրել են: «25 տարվա դիմումներ կան մեր տանը, քանի՜ «Ջրմուղ»-ի տնօրեն է փոխվել, մեկը մեկու վրա են գցում: Էս շենքի վիճակը վատ է, եթե մեր քաղաքային կառույցները չմտածեն, մենք ավելի վերեւներին կդիմենք»,-ասաց Ամալյա Մելքումյանը:
Շենքի արտաքին կոյուղագծերի վթարային վիճակն իր հետեւանքն է թողել առաջին հարկի բնակարաններում՝ շենքի պատերը գնալով խոնավությունից խարխլվում են: «Քաղաքապետարան, մարզպետարան, «Ջրմուղ» դիմել ենք` դրական պատասխան են տվել, բայց մինչեւ հիմա ոչինչ չեն արել»,-նշեց բնակիչներից  Սամվել Սիմոնյանը:
Դեռեւս նախորդ տարի մարզպետ Արթուր Նալբանդյանին ուղարկված դիմումին ի պատասխան՝ բնակիչները  ստացել են մի գրություն,  որտեղ նշված է. «Ըստ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության՝ Ձեր՝ 30 եւ 28 շենքերի ջրահեռացման համակարգում առկա խնդիրների կարգավորումն ընդգրկված է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության 2-րդ փուլում, համաձայն որի՝ աշխատանքները նախատեսված են իրականացնել 2012թ-ին»: 2012 թվականն արդեն կիսվել է, սակայն դեռեւս ոչինչ արված չէ:

ԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Լոռի




Լրահոս