«ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱՐ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր թերթի նախորդ համարում երաժիշտ ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ նշեց, որ անորակ երաժշտության հոսքը եթերից վերացնելու համար նախ եւ առաջ հարկավոր է պետական մտածողություն, եւ հսկողությունն ու դաստիարակությունը պետք է փոքրուց լինեն: Իսկ թե ինչ կարծիք ունի պարոն Ահարոնյանն այսօրվա «աստղիկների» մասին, կիմանաք հարցազրույցի այս հատվածում:
-Դրսի հետ համագործակցություն կամ կապեր չունե՞ք:
-Ոչ այնքան, ինչքան կցանկանայի: Լինում են դեպքեր, երբ հրավիրում են: Ես հիմա փոքր խումբ ունեմ, որը մեծանալու հնարավորություն ունի: Ես երկու տեսակի կիթառ եմ նվագում, մյուս երաժիշտն ազգային փողային գործիքներ` բլուլ, շվի, պարկապզուկ, մի քիչ զուռնա, մյուսն էլ՝ սինթեզատոր: Խումբը փոքր ենք արել, որ ճանապարհորդությունների համար հարմար լինի: Այդ խմբով մի քանի երկրում արդեն եղել ենք: Ես համագործակցում եմ նաեւ երկու Ջիվան Գասպարյանների` ավագի ու կրտսերի հետ: Անցած տարի նրանց հետ միասին եղանք Իտալիայում կայացած երաժշտական փառատոնին, նաեւ՝ Յուրմալայում:
-Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ եթե գումար չունես, դժվար թե կարողանաս նախագծեր իրագործել ու ներկայացնել հանրությանը:
-Հասարակ բան ասեմ, նույնիսկ փոքր գործ անելու համար պետք է ֆինանս լինի, որ տեսահոլովակ նկարես, հետո էլ վճարես, որ հեռուստատեսությամբ ցուցադրեն: Բավականին մեծ գումար ես ծախսում, մինչեւ մի գործը հասնի լսարանին:
-Իսկ ի՞նչ կասեք նոր կատարողների մասին, որոնք 2-3 տեսահոլովակ նկարելուց հետո իրենց «աստղ» են երեւակայում:
-Քննադատելը հեշտ է: Ես իրենց էլ այդքան չեմ մեղադրում: Իրենց համար պետք է սահմանված օղակներ լինեն, որ դրանցից դուրս չգան: Կան նաեւ լավ երգիչներ, որ զգում ես՝ ստիպված գալիս են այդ դաշտը, որ մեծ լսարան ունենան, ժողովրդին դուր գան: Ճանաչելով այդպիսի մարդու՝ գիտեմ, որ առանց մեծ ցանկության է դա անում, քանի որ ինքն ավելի բարձրակարգ  երաժշտություն է սիրում, ճաշակ ունի, բայց գումար վաստակելու, հրավերներ ստանալու, ճանաչում ու պահանջարկ ունենալու համար ոճը փոխել է: Իսկ երիտասարդ սերնդի մասին կասեմ, որ ավելի են գեղեցկացել, մանավանդ աղջիկները:  
-Լավ, իսկ այս անորակության խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի:
-Եթե մի քիչ չափի մեջ ցուցադրեն, կտրուկ սահմանափակեն այս անորակության հոսքը, ամեն ինչ շատ արագ կլուծվի: Ժամանակը, իհարկե, մաքրում, ֆիլտրում է, մնում են լավագույնները:
-Կարծիք կա, որ պահանջարկն է թելադրում ցածրորակ առաջարկը:
-Սուտ է: Տպավորություն է, որ մարդիկ հատուկ քաղաքականություն են տանում, որ ժողովրդի ճաշակն իջնի այդ աստիճան: Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդն այդ տեսակ երաժշտություն է ուզում:   
-Դուք 40 տարուց ավել երաժշտության մեջ եք, բայց շատ ավելի քիչ եք երեւում եթերում, քան երեկվա նորաթուխ երգիչը:
-Նրանք նաեւ ճարպիկ են, նրանց համար աշխատանք է տարվում: Դա չէ հարցը, երիտասարդներին պետք է տեղ տրվի, բայց գոնե թող որակյալ երաժշտություն մատուցեն:
Ինձ այսօր շատերն ուզում են համոզել, որ այդ երաժշտությունը, որ մենք լսում ենք, Կոմիտասն էլ է այդ տեսակ գրել: Ո՞նց կլինի ախր: Եթե դուք Կոմիտասին հարգում եք, դրոշակ եք սարքել ու ասում եք, որ նրա երաժշտությունը բարձր է, այդ դեպքում ինչի՞ եք այդ ավելորդ բաները լցնում ձեր երգի մեջ:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ոճի մեջ է այժմյան երգերի մեծամասնությունը:
-Հունական, արաբական, նույնիսկ հնդկականից ու պարսկականից էլ կան բաներ: Դե ադրբեջանական մուղամաթի վիճակի մասին էլ չեմ ասում: Նույն թուրքերն իրենց երաժշտության մեջ  ու տարբեր ազգերից լավն են վերցնում, իսկ մենք վերցնում ենք նրանց ցածրորակն  ու մերն աղավաղում: Նրանք ամեն հարցում են էդպես: Երկիր ընտրելիս ամենալավ կտորն են վերցնում, կանանց էլ են ամենագեղեցիկներին ընտրել:
-Ի՞նչ մեծ ցանկություն ունեք հիմա:
-Կցանկանայի չհրատարակված գործերս մարդկանց հասցնել, ամենից շատ «Աստվածաշունչ»-ը, որ գոնե մեկ անգամ հնչեր: Շատ մեծ աշխատանք է արված, շատ մաքուր հնչողությամբ:
-Չե՞ք փորձել որեւէ մեկին դիմել հովանավորության խնդրանքով:
-Փորձել եմ, բայց չի ստացվում: Ես չեմ հասնում այն մարդկանց, որոնք կարող են այդքան գումար տալ, սակայն հույսս չեմ կտրում, երեւի դեռ ժամանակը չի եկել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս