ՀԱՐՑ. Ես ու նշանածս պատրաստվում ենք ամուսնանալ եւ որոշել ենք անպայման եկեղեցում պսակադրվել, բայց ես դեռ մկրտված չեմ: Ոմանք ասում են՝ հենց հարսանիքի օրը եկեղեցում կարող եմ մկրտվել, ոմանք էլ պնդում են, որ այդպես չի կարելի: Եկեղեցին հարսանիքին զուգահեռ արդյոք կարող է մկրտության արարողություն անցկացնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Միանշանակ բացառվում է նույն օրը երկու արարողությունների կատարումը: Մկրտվելուց հետո մկրտված անձը երեք օր պահում է մեռոնի շրջանը: Այդ ընթացքում ջրի հետ շփումը, մարդկանց համբուրելը եւ շատ այլ բաներ արգելվում են: Այդ պատճառով ցանկալի կլինի, որ ամուսնանալուց գոնե 4 օր առաջ գնան եկեղեցի, մկրտվեն եւ մեռոնի շրջանից հետո նոր ամուսնանան: Առանց մկրտության եկեղեցական կարգով ամուսնություն չեն կատարում: Կան մարդիկ, որոնք թաքցնում են իրենց մկրտված չլինելու հանգամանքը եւ ամուսնանում են, բայց դա ընդունելի արարք չէ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնանալ պատրաստվող քաղաքացին եկեղեցուց պետք է թաքցնի իր մկրտված լինել-չլինելը, ապա ավելի ճիշտ կլինի՝ ընդհանրապես եկեղեցում պսակադրության արարողություն չկազմակերպի: Մեր ժամանակներում առավել տարածված է եկեղեցու օրհնությամբ ամուսնանալը: Եթե քաղաքացին իր կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը նախընտրում է հոգեւոր միջնորդությամբ կազմակերպել, ապա սրբորեն պետք է պահպանի նաեւ գործող կարգը: