Ազատամարտիկներին ծեծի ենթարկողները Վովա Գասպարյանի տեղակալ Լյովա Երանոսյանի թիկնապահներն են եղել. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ը գրում է. «Խնդիր ունեն, թող գան հայտարարություն տան, ոչ թե թերթերում հադվածներ տպել տան»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով երեկ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի ծեծի դեպքին: Ոստիկանապետը, ըստ էության, խուսափեց խոսել դեպքի մանրամասների մասին, թեև նրա որոշ ձևակերպումներից ակնհայտ էր դառնում, որ նա ավելին գիտի:

Ոստիկանապետի լռությունը պատահական չէ, քանի որ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաև իր տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի թիկնապահները:

Բանն այն է, որ ազատամարտիկներին «Գետափ» ռեստորանում ընթրելու է հրավիրել հենց Երանոսյանը, որտեղ երկար-բարակ զրուցել են տեղի ունեցող իրադարձություններից, պլաններից և այլնից: Հավանաբար Երանոսյանը, որը լավ հարաբերությունների մեջ է նշված ազատամարտիկների հետ, այդ ընթրիքի ժամանակ փորձել է բարեկամական խորհուրդ տալ՝ հեռու նմալ քաղաքական գործընթացներից և չներքաշվել տեղի ունեցող քաղաքական խմորումների մեջ: Այդ ընթացքում նրանց սեղանին պարբերաբար մոտեցել ու հեռացել են ինչ-որ երիտասարդներ, որոնք արդեն դրսում մասնակից են եղել վիճաբանությանը:

Ռեստորանից դուրս գալուց հետո, Մանվել Եղիազարյանի խոսքով, իրենց են մոտեցել 7-8 երիտասարդներ և խոսքուզրույցի բռնվել: Երիտասարդներն ասել են, թե «կողքի կուպեում» նստած են եղել և լսել են, որ ազատամարտիկները ուզում են իշխանափոխություն անեն, նախագահ փոխեն: Հետո ավելի է թեժացել վիճաբանությունը և, ազատամարտիկի ձևակերպմամբ, «մի երկու հատ տվել են իրար», ու հետո նրանք գնացել են իրենց ճամփով, ազատամարտիկները՝ իրենց:

Երեկ Եղիազարյանից նաև հետաքրքրվել էինք, թե ինչ էին քննարկում ազատամարտիկները հանդիպման ժամանակ, սակայն Եղիազարյանը չասաց: Ասաց՝ դա հետո կիմանաք: Փաստորեն, նրանք երկուսով չեն եղել, և քննարկման թեման էլ բավական լուրջ է եղել:

Ինչևէ, ծեծից հետո ազատամարտիկները հայտարարություն չեն տվել ոստիկանություն՝ համարելով, որ իրենք «միմոս» չեն:

Նշենք սակայն, որ այսօր էլ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ 4 դիմակավոր անձ մոտեցել են իրեն, դուրս եկել մեքենայից, ծեծել ու հեռացել:

Կայքի տեղեկություններով՝ առաջիկայում ազատամարտիկների ակտիվ թևը, հիմնականում ԵԿՄ-ական, պատրաստվում է հանդիպել և իր զորակցությունն ու աջակցությունը հայտնել ազատամարտիկներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ասում են՝ անգամ գեներալ Մանվելն է զայրացել այս դեպքերից՝ համարելով, որ իրենց համար անընդունելի է, երբ ազատամարտիկների են ծեծում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս