Կոտայքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Սևանի հոգեբուժարան: Հանդիպումը նախապես ծրագրված չէր: Ու չնայած այցի անսպասելի լինելուն, հոգեբուժարանում կատարվել էին նախորդ հանդիպման ժամանակ նախարարի կողմից տրված հանձնարարականները: Մասնավորապես` մեկ ամսում հիմնանորոգվել են հոգեբուժարանի չորրորդ և վերանորոգվել յոթերորդ մասնաշենքերը:
Տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին ներկայացրեց իրականացված աշխատանքները: Արմեն Մուրադյանն այցելեց ճաշարան, լվացքատուն, շրջեց բաժանմունքներով, ծանոթացավ բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի և դեղերի ապահովման, հանգստի կազմակերպման հնարավորություններին:
Առողջապահության նախարարը կարևորեց անհրաժեշտության դեպքում հիվանդների անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպմանը, անվտանգությանը, ինչպես նաև հակահրդեհային կանոնների պահպանմանը վերաբերող հարցերը։ Նախարարը զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Նա իր գոհունակությունը հայտնեց Սևանի հոգեբուժարանում հիվանդների բուժման և խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքներից: