Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց շուկայում իրականացված վերլուծության և առանձին ապրանքների գնաճի վերաբերյալ տվյալներ: Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրության են ենթարկվել խոշոր ընկերությունները, և առանձնացվել են այն ապրանքները, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության:
Որպես օրինակ նա բերեց շաքարավազը, կարագը, հավի ձուն, հավի միսը, ալյուրը և այլ ապրանքներ: Նրա խոսքով՝ հայկական դրամն արժեզրկվել է մոտ 13 տոկոսով, որն ազդել է ներմուծված ապրանքների գների վրա, սակայն Շաբոյանը նշեց, որ գնային բարձրացումներ են նկատվել նաև տեղական արտադրության շուկայում:
Շաբոյանի խոսքով՝ տեղական արտադրության շուկաներից հանձնաժողովի տեսադաշտում է գտնվում կաթնամթերքի շուկան:
«Իհարկե, սա տեղական արտադրություն է, սակայն սրա որոշ արտադրիչներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ՝ ձմռանը կաթնամթերքի արտադրությունը նվազում է Հայաստանում, և այս պատճառով էլ կաթնամթերքը ևս թանկացել է: Սակայն սա դեռևս վերջնական դիրքրոշում չէ, լայնածավալ դիտարկում ենք սկսել ու վերջնական դիրքորոշումը կներկայացնենք»,-նկատեց նա:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ կաթնամթերքի գները տարբեր չափով են փոփոխվել, սակայն կան որոշ կաթնամթերքներ, որոնց գները չեն բարձրացրել: Նա հայտնեց, որ բրինձն է չորս տոկոսով թանկացել, հնդկաձավարի գինը ևս ավելացել է, ինչի վրա ազդել են ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են: Ըստ նրա՝ հնդկաձավարը ներմուծվում է ռուսաստանյան շուկայից, իսկ այնտեղ այդ բերքը կրճատվել է 20 տոկոսով, ու գները բարձրացել են: