«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել է Լեւոն Երանոսյանը:
Նշենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկը: Այն եզակիներից է, որ հաճախ է հյուրընկալվում Սարգսյանին եւ հնարավորություն ունի ուղիղ զանգահարելու երկրի ղեկավարին, երբ ցանկանա: Եւ, ահա, այս պաշտոնյան երկու ըմբոստ հրամանատարներին հրավիրել է «Գետափ»՝ հաց ուտելու, այդ ընթացքում նրանց փորձել է համոզել քաղաքական գործընթացներին չխառնվել:
Երբ չի ստացվել, զգուշացրել է, թե ակտիվ մի՛ եղեք: «Լավ կլինի երկրից հեռանաք, թե չէ կարող է կրակենք»,- կատակել է գեներալ Երանոսյանը: Հրամանատարները դուրս են եկել պանդոկից եւ փողոցում հարձակման ենթարկվել: Սա արդեն ուղղակի «բեսպրեդել» է, սադրանք, որն արդարացում չի կարող ունենալ. ազատամարտիկներին դրդում են կոշտ գործողությունների, որ բանտարկե՞ն»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: