
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 5-ից մեկնարկել է ծառերի և թփերի աշնանային սանիտարական էտը:
Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող այս գործընթացը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտվում են թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիներն ու անկման վտանգ պարունակող ծառերը։ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության հիման վրա խոր էտ կատարվում է միայն թեղի և առանձին դեպքերում բարդի տեսակի ծառերի դեպքում, քանի որ, այդպիսով, հենց առաջին տարվա ընթացքում դրական ազդեցություն կապահովվի աճի, տերևների մեծության, հիվանդությունների նվազեցման, արտաքին տեսքի կարգավորման, ծառերի կենսունակության և զարգացման վրա։
Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Նախատեսվում է աշնանային էտի ժամանակահատվածում ձևավորել շուրջ 6000 ծառ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն