Ռուսաստանի պետդումայի պատգամավորները ներկայացրել են, այսպես կոչված, «հակառոստովյան» նախագիծ, որն ուղղված է օգնելու ՌԴ քաղաքացիներին՝ սպառողական վարկերն ավելի դյուրին ձևով մարելու համար: Ինչպես հաղորդում է «Известия»-ն, այն նաև նախատեսում է 2016 թվականի հունվարի 1-ից «վարկային համաներման» կիրառում:
Հաղորդվում է նաև, որ օրինագծի կազմման ընթացքում նկատի են ունեցել նաև արագացված վարկավորման վիճակագրությունը: Այսպես, արագացված սպառողական վարկերը 2014 թվականի ավարտին կազմել են 15%, միկրովարկավորումները՝ ավելի քան 30%:
Պատգամավորներն առաջարկել են սահմանափակել վարկային պայմանագրի տոկոսագումարները, ինչպես նաև՝ միկրոֆինանսավորող կազմակերպությունների իրավունքները:
Կոմունիստներն առաջարկել են նաև 2016 թվականի հունվարի 1-ից զրոյացնել վարկառուների խախտումների արդյունքում առաջացած կետանցերը և տոկոսների ավելցուկները, եթե, իհարկե, նա ամբողջությամբ մարել է մայր գումարը, վարկային պայմանագրի տոկոսները:
Պատգամավորների կարծիքով՝ շատ քաղաքացիներ վարկի կարիք ունեն, սակայն ի վիճակի չեն վճարել շատ բարձր տոկոսներ:
Կոմունիստները բացասական պատասխան են սպասում բանկերից և միկրոֆինանսավորող կազմակերպություններից: Այդուհանդերձ, նրանք կարծում են, որ նշված օրինագիծը հնարավոր է օգնի վարկառուներին կրկին վերականգնել պատշաճ վարկային պատմությունը և ամբողջությամբ դուրս գալ վարկային պարտավորություններից: