«Ղազախստանը չի խոչընդոտի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը». 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ը գրում է.

«Ղազախստանը չի խոչընդոտի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, պարզապես տարաձայնությունները ձգձգում են պրոյեկտների ընդլայնումը:

Կայքի հետ զրույցում այս մասին ասաց Ղազախստանի գործարարների ազգային պալատի ղեկավարի տեղակալ, ղազախստանցի վերլուծաբան Ռախիմ Օշակբաևը՝ անդրադառնալով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև առկա առևտրային տարաձայնություններին և այս ֆոնին Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:

Նա նշեց, որ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ընդլայնման հարցում եվրասիական երկրները վաղուց են համաձայնության եկել, ուստի այդ երկրների միջև ներկայում առկա առևտրային տարաձայնությունները չեն խոչընդոտի եվրասիական պրոյեկտների՝ նախապես ծրագրված զարգացման տեմպին: Նա վստահությամբ նշեց, որ Ղազախստանը չի խոչընդոտելու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության գործընթացին այն պայմանավորվածությունների համաձայն, որոնք նախկինում ձեռք են բերվել Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միջև:

«Հայաստանն արդեն համարվում է այդ միությանը միացած, իսկ Ղրղըզստանն այդ ճանապարհին է: Մենք ընդլայնման հարցում տարաձայնություններ չունենք, և այդ ընդլայնումը ձեռնտու է բոլոր երեք կողմերին՝ հատկապես, երբ այդ ընդլայնման հետ կապված բոլոր կնճռոտ հարցերը հարթվել են»,- ասաց Ռախիմ Օշակբաևը: Վերջինս ասաց, որ Ղազախստանի խորհրդարանը կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, պարզապես այսօր ԵՏՄ անդամ-երկրները զբաղված են առաջացած տարաձայնությունները հարթելով:

«Հուսով ենք, որ այդ տարաձայնությունները շուտափույթ կերպով կհարթվեն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստում է պրոյեկտ, որը ռուսական կողմին պարտադրելու է պահպանել ՄՄ օրենսդրությունը, այսինքն՝ այն, ինչ այսօր անում է «Ռոսսելխնադզորը» հակասում են ՄՄ օրենքներին: Տեսնում ենք, որ Բելառուսը հայելային միջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, և այս գործընթացն այլևս դուրս է եկել միացյալ մաքսային տարածքի ռեժիմից: Սա թյուրիմացություն է, և բանակցային գործընթացի շրջանակում այս տարաձայնությունները կարգավորվելու են: Այստեղ կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության որոշակի կառույցների գործունեությունը էականորեն սահմանափակում է ապրանքների շրջանառության ՄՄ ֆունդամենտալ սկզբունքը: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր դժվարություն է, մեր գործարարները եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցն են և շատ մեծ հույսեր ունեն, որ ՄՄ օրենսդրության խախտումները, թյուրիմացությունները վերացվելու են»,- ասաց Ռախիմ Օշակբաևը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել երկու ղեկավարներին խոսել միմյանց հետ և պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաև պայմանավորվել Սարգսյան-Նազարբաև հանդիպման մասին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս