Դեռ որոշված չէ՝ ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ դրվելու է, թե՝ ոչ: Օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն էր արել ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:
Նա հայտարարել էր, թե այդ հարցը կքննարկեն 2015-ին, երբ հավաքվեն արտգործնախարարներն ու կառավարության անդամները: Այս հայտարարությունն ավելի քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ հայրենի խորհրդարանի պատգամավորներն ու մյուս պաշտոնյաները մշտապես համառորեն հայտարարել են, թե անհնար է, որ ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ տեղադրվի:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է Ղարաբաղը վերաբերվում մաքսակետի տեղադրման հարցին: Նա նշեց, թե առհասարակ տեղյակ չէ քննարկումների ընթացքից և չգիտի, թե, ի վերջո, ինչ է որոշվելու: Աթանեսյանը վստահեցրեց, թե Լեռնային Ղարաբաղում այս հարցն ընդհանրապես չի քննարկվում:
Հետաքրքիր է, որ ԵՏՄ-ին միանալու որոշման առաջին իսկ օրվանից սկսած՝ մաքսակետերի հարցը մշտապես բարձրացվել է, սակայն պարբերաբար այս կամ այն պետական պաշտոնյայի կողմից ակտիվորեն հերքվել է մաքսակետ դնելու հավանականությունը: