Պահեստազորի գնդապետ, 6 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակից Գեւորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու, շարժման մյուս մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու, ինչպես նաեւ ազատամարտիկների նկատմամբ բռնությունների դեպքերի առթիվ հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է.
«Մեր երկիրը բռնազավթված է: Կառավարող ռեժիմն իր կյանքը երկարացնելու համար պատրաստ են ամեն ինչի: Այսօր նա արդեն հանձնում է Արցախը եւ մեր պետականությունը:
Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Մի կողմից նա փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հաշտվելու այս վիճակի հետ: Մյուս կողմից՝ նա ձգտում է բարոյապես թուլացնել հայկական բանակը, որպեսզի կարողանա իր սեւ գործն անել առանց լուրջ դիմադրության:
Եվ զարմանալի կլիներ, եթե Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին, Հայկ Կյուրեղյաննին կամ ինձ չբանտարկեին: Չէ՞ որ մենք թեկուզ տարբեր ձեւերով, բայց կոնկրետ քայլերով դեմ ենք դուրս եկել ռեժիմին: Սակայն բանտարկությունը չի կարող ընդհատել պայքարը: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր եղբայրների ու քույրերի արյան ձեռք բերած Արցախն ու հայկական պետականությունը պահպանելու համար:
Մեզ կործանող չարիքի աղբյուրը ռեժիմն է, այդ պատճառով առաջին հերթին պետք է հեռացնենք նրան: Իսկ դրա համար պետք է համախմբվել եւ կազմակերպվել: Այդ նպատակով ես միացա Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների սկսած շարժմանը եւ 2014թ. մայիսի 16-ին առաջադրվեցի որպես Նոր Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու:
Սիրելի մարտական ընկերներ եւ հայ ժողովուրդ, մենք ժամանակ չունենք: 2015թ. ապրիլի 24-ին լրանում է Մեծ Եղեռնի 100-ամյակը: Սակայն պատմությունը կարծես կրկնվում է: Եթե մենք չկանխենք այսօրվա սպիտակ ցեղասպանությունը, վաղը նաեւ կարմիր ցեղասպանության կենթարկվենք:
Մենք պարտավոր ենք ստեղծել այն Հայաստանը, որի համար զոհվել են Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը եւ մեր մյուս հերոսները:
Կոչ եմ անում իմ բոլոր ազատամարտիկ ընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին: Մեր կռիվը կիսատ է մնացել: Ամեն ինչ արեք, որպեսզի հեռացնենք սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին եւ կառուցենք հայկական պետություն: Մի խաբվեք ընդդիմություն խաղացող գործիչներին եւ օլիգարխներին: Միացեք ճշմարիտ ազատամարտիկ եւ ազգային գործիչ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա գլխավորած շարժմանը:
2015թ. ապրիլի 24-ին պետք է դուրս գանք փողոց, հեռքացնենք ռեժիմին եւ կանխենք վաղվա ցեղասպանությունը: Սա Հայաստան է եւ վերջ
10 դեկտեմբերի 2014թ., Նուբարաշենի բանտ»:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է գտնվում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Նրան առաջին ատյանի դատարանը դատապարտել է 6 տարի, 6 ամիս ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: