
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ուղևորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ և քիչ անց տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաև այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: