Փաստաբանի տան ուղղությամբ արձակված կրակոցները Վարդան Ղուկասյանի եղբորորդու հետ կա՞պ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ վաղ առավոտյան, անհայտ անձինք կրակոցներ են արձակել փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ: Արձակված գնդակները մեծ մասամբ դիպել են տան լուսամուտին: Փաստաբանի տունը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ քաղաքապետարանի հարևանությամբ:

Քիչ առաջ Armlur.am-ին փաստաբանը հայտնեց, որ հաղորդում է տվել ոստիկանություն, փորձագետներն այս պահին զննում են տարածքը: Փաստաբանը ևս մեկ անգամ նշեց, որ կրակոցների մեջ դիտավորություն չի տեսնում, որևէ թշնամի չունի: Հարազատներից ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը եղել է նախորդ տարվա ապրիլի 23-ին  Գյումրիում հնչած կրակոցների գործով վկա ներգրավված նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբանը: Վերջինս Armlur.am-ին հայտնեց, որ բացառում է այն հանգամանքը, որ կրակոցները կարող են այս փաստի հետ կապ ունենալ:

Իսկ Վարդան Ղուկասյանն Armlur.am-ին հայտնեց, որ տեղյակ չէ կրակոցներից, և հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ նախորդ տարի փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանին Գյումրու ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ:




Լրահոս