Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նիստում քննարկվել է ազատամարտիկների վրա կատարված հարձակման հարցը։
«Հայ ազգային կոնգրեսը», «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը» և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունն» այդ կապակցությամբ տարածել են համատեղ հայտարարություն, որում ասվում է. «Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) և Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ և մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։
Ռեժիմը, դավադրաբար, ձեռք է բարձրացնում մարդկանց վրա, որոնք ոչ միայն 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ էին, այլև այդ Շարժման այն հերոսներից, որ ինքնակամ, անձնազոհաբար գնացին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները։ Ռեժիմը դրանով անարգում է ազատամարտի երևույթը որպես այդպիսին՝ մահացու վիրավորելով նրա բոլոր մասնակիցներին ու ներկայացուցիչներին։
Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաև ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված Համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաև Ազատամարտիկների դաշինքը։ Այս քայլով վարչախմբը մատնում է սեփական հոգեվարքային վիճակը, երբ առողջ բանականությունն ու տրամաբանությունը անվերադարձ տեղի են տալիս։
Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը, կոչ անում հասարակության բոլոր շերտերին ու անդամներին համախմբվել Համաժողովրդական շարժման շուրջ՝ օր առաջ լուծելու համար ամբողջական և համակարգային իշխանափոխության առաջնահերթ խնդիրը»։