Ամոթից չեն խոսում, որ Սերժ Սարգսյանի անունը չտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկների՝ մեկը մյուսին հաջորդող ծեծի թեման իշխանության ամոթն է դարձել: Սա այն դեպքն է, երբ  տեղի ունեցածի համար բոլորն են իսկապես զղջում ու դրանով իսկ խուսափում գնահատականներ հնչեցնելուց: Դատապարտող հայտարարություններ, իհարկե, եղել են, բայց կուսակցական հայտարարություններն այս դեպքում ընդամենը դեպքին հաջորդած շտամպային եզրակացություններ են և իրական գնահատական տվողները լռում են:

Իսկ իրական գնահատական տվողը պետք է հենց Երկրապահ կամավորական միությունը և Հանրապետական կուսակցությունը լինի, քանի որ մի կողմից ծեծի ենթարկվածներն ազատամարտիկներ են, մյուս կողմից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի անունը շոշափելն է տհաճ միջադեպի պատճառ դարձել: Կրակից շագանակ հանելու ավանդական գործելաոճը որոշ ընդդիմադիրների մղում է, առիթն օգտագործելով, իշխանության դեմ խոսելու: Բայց միևնույնն է՝ հակադարձելու տրամադրվածություն երկրապահական շրջանակներից այդպես էլ չի զգացվում և դատելով լռությունից, նրանք չեն էլ ցանկանում խոսել:

Բոլոր անհասանելի հեռախոսահամարները երբ հասանելի դառնան և գործին դեռևս «չծանոթացած» մարդիկ թեկուզ օրվա թերթերից տեղի ունեցածի մանրամասներին տեղյակ լինեն, հաստատ արդեն ուշ կլինի. տուժածները վերջնականապես կապաքինվեն, իսկ բարոյական ճաքը հաստատ ու երբեք չի վերականգնվի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Դեպքից մի քանի  օր անց ծեծի ենթարկվեց նաև ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նրանք այս ամենը համարում են իշխանությունների և հատկապես Սերժ Սարգսյանի պատվերը:

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրահանգով են Մ. Եղիազարյանին և Ռ. Պետրոսյանին ծեծի ենթարկել՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: Նշենք նաև, որ երեկ ծեծի է ենթարկվել նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:




Լրահոս