Չորս օր սոված մնացած դերասանուհու քաղցը հագեցրեց սերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոֆիկ Սարգսյանն այժմ էլ արցունքով է հիշում իր կյանքի փոքրիկ մի դրվագ մոտ քառասուն տարի առաջ նկարահանված «Երկունք» ֆիլմի շրջանակներից: «Նահապետ», «Խնձորի այգի», «Եռանկյունի» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, որ այս մի դեպքը նրա մոտ առանձնակի է տպավորվել՝ հույզերի, սիրո ու թաքնված սպասումի զգացումները մեկտեղելով կնոջ սրտում:

Երբ երիտասարդ Սոֆիկը նկարահանվում էր «Երկունք»-ում եւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ մեկնել էր Գավառ, ինչպես բոլորը, պետք է հյուրանոցում հաստատվելուց առաջ նախ օրավարձ ստանար տնօրենից: Վերջինս, սակայն, Խորեն Աբրահամյանի օրավարձը տալուց հետո անմեղ մի հումոր է անում դերասանուհու հետ՝ հարցնելով. «Քե՞զ էլ է օրավարձ պետք»: Այդ խոսքերի ներքո Սոֆիկը որոշակի տողատակ է տեսնում եւ հրաժարվում իր օրավարձից: Անհավատալի է, բայց արդյունքում այնպես է ստացվում, որ դերասանուհին նկարահանման չորս օրերին պարզապես սոված է մնում, եւ այդ մասին ոչ ոք չի էլ ենթադրում, իսկ ինքն էլ ամաչում է որեւէ մեկին դիմել: Սոֆիկ Սարգսյանը երջանիկ հուզմունքով է հիշում այդ գիշեր իր տեսած երազը՝ հացից պատրաստված մանկական փայլփլուն կոշիկներ…

Չորրորդ օրը Երեւանից Գավառ մի ավտոբուս է գալիս՝ նկարահանման նոր խմբով. «Եվ ես նրանց մեջ տեսա Միհրան Քեչողլյանիս… Շատ եմ նրան սիրել եւ չեմ թաքցնում, որ սիրում եմ ու կսիրեմ…Շատերն էին նրան սիրահարվում, անհնար էր դիմանալ Միհրանի ոչ միայն գեղեցկությանը, այլեւ` ներքին բովանդակությանը»,-անկեղծացավ դերասանուհին:

Ֆրունզե Դովլաթյանի որոշ ֆիլմերում հանդես եկած նկարիչը նկատում է, որ Սոֆիկը գունատ է. «Արդեն հազիվ էի ոտքիս վրա կանգնում, ասացի՝ Միհրա՛ն, կարո՞ղ եմ քեզ մի բան խնդրել, ինձ համար մի բուտերբրոդ կառնե՞ս: Զարմացած նայեց վրաս, ասաց՝ ո՞նց, այսքան օր սոված ես եղել ու ձայն չե՞ս հանել…Գնաց, մի մեծ բուտերբրոդ բերեց, իսկ իմ արցունքները չէին թողնում, որ ես այն ուտեմ…Այդպես, Միհրանս փրկեց ինձ սովամահ լինելուց»,-արդեն ծիծաղելով՝ պատմեց դերասանուհին:

«Որքան տարի է՝ նա չկա, Կանադայում էր, երբ իմացա, որ հեռացել է կյանքից…Ես ուզում եմ այս փոքրիկ պատմությունը նվիրել նրա չքնաղ հիշատակին…»,-եզրափակեց Սոֆիկ Սարգսյանը:

Դեկտեմբերի 8-ին դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը նշեց իր 63-ամյակը: «Ժողովուրդ»-ն այդ առթիվ ներկայացրեց այս փոքրիկ, բայց սրտառուչ պատմությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս