Կենտրոնական բանկը սահուն քայլերով շարունակում է արժեզրկել դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) պաշտոնապես սակարկությամբ արտարժույթ է վաճառում: Ըստ այդմ,ՀՀ ԿԲ-ն երեկ վաճառել է վեց միլիոն դոլար` մեկ դոլարը 458.31 դրամ փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն կրկին վեց միլիոն դոլար էր վաճառել, բայց 456.63 դրամ սակագնով: Այսինքն՝ երկօրյա սակարկությունների արդյունքներով մեկ դոլարի փոխարժեքն արդեն իսկ բարձրացել է 1,68 դրամով:

Այս երկուշաբթի ՀՀ ԿԲ-ն հայտարարեց. «Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչեւ տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում՝ ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով»: Այսպիսով՝ առնվազն վերջին 15 տարում ՀՀ Կենտրոնական բանկն առաջին անգամ հրապարակային հայտարարում է արտարժույթ վաճառելով, նույն է թե՝ ֆինանսական ինտերվենցիայով արժույթի շուկայում տատանումները վերահսկելու մասին: Մինչ այս ՀՀ ԿԲ-ն պարբերաբար ֆինանսական ինտերվենցիաներ է իրականացրել, սակայն այդ մասին երբեք չի հայտարարել: Նախկինում դոլարի ինտերվենցիաները ՀՀ Կենտրոնական բանկն իրականացնում էր Հայաստանի ֆոնդային բորսայի («ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) միջոցով: Այսինքն՝ ամեն անգամ, երբ Հայաստանի ֆոնդային բորսայում արտարժույթի պահանջարկ է առաջացել, որը բորսայի մյուս մասնակիցների կողմից չի բավարարվել, եւ ակնհայտ է եղել, որ այդ պահանջարկի չբավարարումը կարող է հանգեցնել դրամի կտրուկ արժեզրկման, ԿԲ-ն մշտապես միջամտել է ու վաճառել անհրաժեշտ քանակությամբ արտարժույթը: Հետագայում, երբ արտարժույթի գինը կարգավորվել կամ, անգամ, ինչ-որ չափով իջել է, ԿԲ-ն հետ է գնել իր կողմից վաճառված արտարժույթը, երբեմն նաեւ՝ ավելի շատ, քան վաճառված է եղել:
Այս մեխանիզմը գործել է մեկուկես տասնամյակ շարունակ, եւ թվում էր, թե ԿԲ-ին հնարավորություն է տալիս արժույթի շուկայում իրավիճակը լիարժեք վերահսկել: Սակայն 2009-ին՝ մարտի 3-ին, արժույթի շուկայում տեղի ունեցած փլուզումը ցույց տվեց, որ ԿԲ-ի կողմից իրականացվող ֆինանսական ինտերվենցիաներն արդյունավետության որոշակի սահման ունեն, որից հետո իրավիճակն այլեւս սկսում է ինքնաբուխ զարգանալ: Հիշեցնենք, որ 2009-ի մարտի 3-ին դոլարի փոխարժեքը մեկ օրում թանկացավ մոտ 50 դրամով, չնայած մինչ այդ ԿԲ-ն մի քանի հարյուր միլիոն դոլարի ինտերվենցիա էր իրականացրել:
Դրամի հաջորդ կտրուկ անկումը սկսվեց այս տարվա նոյեմբերի վերջին: Սական այս անգամ ի սկզբանե ամեն ինչ ակնհայտ էր, եւ դրամի արժեզրկումը չէր կարելի համարել անսպասելի: Այն պահից, երբ միջազգային հանրությունը խստացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, իսկ միջազգային շուկայում էլ նավթի գները սկսեցին կտրուկ իջնել, ինչի արդյունքում ռուսական ռուբլու փոխարժեքը նույնպես սկսեց իջնել, ակնհայտ էր, որ այդ ալիքը վաղ թե ուշ հասնելու էր Հայաստան: Ավելին՝ ՀՀ ԿԲ-ն փոխարեն թույլ տար, որ դրամի փոխարժեքը դանդաղ, բայց հաստատուն ընթացքով իջներ, ամեն կերպ փորձում էր պահպանել հայկական դրամի փոխարժեքը՝ մեկ դոլարը 405-ից 415 դրամի սահմաններում: Այս նպատակով ԿԲ-ն կրկին մի քանի հարյուր միլիոն դոլարի ինտերվենցիա էր կատարել, սակայն ապարդյուն. նոյեմբերի 24-ին դրամին այլեւս հնարավոր չէր «փրկել», եւ փոխարժեքը կտրուկ նվազեց միանգամից 17 դրամով: Հաջորդ օրերին դրամը շարունակեց արժեզրկվել, իսկ վերջին մեկ շաբաթում շուկայում արդեն սկսեցին խուճապային երեւույթներ նկատվել, քանի որ բանկերը հրաժարվում էին հարյուր կամ երեք հարյուր դոլարից ավել վաճառել, ու արտարժույթ կարելի էր գնել միայն սեւ շուկայում` ձեռքի վրայից, այն էլ՝ հայտարարված կուրսից 20-30 դրամով ավել:

Այսինքն՝ այս երկուշաբթի ԿԲ-ի կողմից կատարված քայլը` պաշտոնապես արժույթի ինտերվենցիաներ իրականացնելու մասին հայտարարելը, Հայաստանի ֆինանսական շուկայում կատարվող գործընթացները վերահսկողության տակ վերցնելու վերջին փորձն է: Ի դեպ, ԿԲ-ն հայտարարել է, որ այդ գործիքը կիրառելու է մինչեւ այս տարվա վերջ: Այսինքն՝ ենթադրվում է, որ առաջիկա քսան օրերին ԿԲ-ն փորձելու է դրամի փոխարժեքը բերել այն մակարդակին, որը, իրենց գնահատմամբ, համապատասխանում է Հայաստանի տնտեսության հնարավորություններին: Այլ կերպ ասած՝ ԿԲ-ն ղեկավարելու է դրամի արժեզրկման գործընթացը, որպեսզի այն սահուն կերպով ընթանա, եւ կտրուկ տատանումներ ու խուճապային իրավիճակներ չլինեն:
Այլեւս ակնհայտ է, որ եթե ԿԲ-ն փորձի պահպանել դրամի փոխարժեքը, ապա այդ մոտեցումն ավելի ծանր հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ զսպող գործիքներով հնարավոր չէ փոխարժեքն անվերջ հաստատուն պահել: Իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու դեպքում էլ շուկան ուղղակի կարող է «պայթել»: Վերջին երկու օրերի տվյալները, ըստ որոնց, ԿԲ-ն դրամի փոխարժեքը մեկ օրում նվազեցրել է 1,68 դրամով, վկայում են, որ շուկայում տարվում է դրամի վերահսկվող արժեզրկման քաղաքականություն: Իսկ մինչեւ ուր կիջնի դրամի արժեքը, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Արտարժույթի մեծ պահանջարկի պայմաններում, միեւնույն է, Հայաստանի ֆոնդային բորսայում արդեն երկու օր է՝ գործարքներ տեղի չեն ունենում, ինչը նույնպես ԿԲ-ի միջամտության արդյունքն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս