ԿԱՆԱՅՔ 50 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԵՆ ՇՈՐԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ արտառոց դեպք է բացահայտվել Գյումրիում: Վարպետաց քաղաքի  բնակչուհի  49-ամյա Հասմիկ Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնություն է ձեռք բերել ՌԴ-ում բնակվող իր ազգականների՝ ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Վարդան եւ 27-ամյա Վահան եղբայրների, իր դստեր Դունյայի, ծանոթներ Աննայի, Քրիստինայի եւ Արուսյակի հետ, որպեսզի համացանցի միջոցով կարողանան մարդկանցից գումարներ “պոկել”: 
Վերը նշված կանայք այլ մարդկանց անվան տակ ծանոթությունների տարբեր ցանցերի միջոցով կապ են հաստատել մի շարք եվրոպական երկրների քաղաքացիների հետ եւ նրանց հետ մտել կեղծ սիրային նամակագրության մեջ: Կանայք, չարաշահելով այդ քաղաքացիների վստահությունը, հասել են նրան, որ ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով այդ տղամարդիկ Հասմիկի, Դունյայի, Աննայի, Քրիստինայի եւ Արուսյակի հաշվեհամարներին դրամական համակարգերի միջոցով գումարներ են փոխանցել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ այս կանանց պատճառով կան մի շարք տուժողներ: Մասնավորապես` Շվեդիայից՝ չորս հոգի, Նիդերլանդներից՝ երկու, Բելգիայից՝ մեկ, Մեծ Բրիտանիայից՝ երկու, Ավստրիայից՝ մեկ, Իրանից՝ երկու, Արաբական Միացյալ Էմիրություններից՝ մեկ տուժող: Տեղեկացանք նաեւ, որ այդ քաղաքացիները կանանց գումարները փոխանցել են “Մանիգրամ” եւ “Վեսթերն Յունիոն” դրամական փոխանցման համակարգերի միջոցով:
Պարզեցինք, որ 2008-2009թթ. ընթացքում Հասմիկ Սարգսյանի եւ նրա հանցակիցների անվամբ 40-ից ավելի դեպքերով Հայաստանի մի շարք բանկերի փոխանցվել է ընդհանուր առմամբ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով:  
Ի դեպ, այս խումբը նախապես համաձայնության է եկել գումարային հարցերում: Կանխիկացնելուց հետո “ավարի” 10 տոկոսը տնօրինվել է 49-ամյա Հասմիկի եւ նրա հանցակիցների կողմից, իսկ մնացած գումարը միջազգային այլ բանկերի միջոցով  Հասմիկի անունից փոխանցվել է Վարդանին ու Վահանին` գործն ի կատար ածելու համար: Մեր տեղեկություններով՝ այս խմբի կողմից էլի տուժողներ կան, որոնց ինքնությունը  շուտով կբացահայտվի: 
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս