Սիվիլիթասի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիվիլիթաս” հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ` կապված ԱԱԾ-ում հիմնադրամի գործունեության հետ կապված քրգործի հարուցման հետ:
Հայտարարությունում ասվում է.
“Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ “Սիվիլիթաս” հիմնադրամի եւ “ՍիվիլՆեթ” լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու եւ մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք “փողերի լվացման եւ հարկերից խուսափելու” մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:
Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարեւոր առաքելությունից եւ ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու “Սիվիլիթասի” եւ “ՍիվիլՆեթի” գործունեությունը:
“Սիվիլիթասի” նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել եւ իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության եւ Հայաստանի օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:
“Սիվիլիթաս” հիմնադրամի խորհրդի որեւէ անդամի եւ/կամ որեւէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը:
Առհասարակ, անընդունելի եւ պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն եւ ներդրումներ է արել: Միթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց եւ հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:
Հասարակական այն լայն աջակցությունը, որ “Սիվիլիթասն” ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին”:
 




Լրահոս