Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն առաջիկայում դեռ իրենց շատ սուր զգացնել կտան: Ընդ որում համատարած ընտրակեղծիքների, դրանց արդյունքում ստեղծված պատկերի համար կփոշմանի ոչ միայն հասարակությունը, այլեւ ընտրակեղծիքների միջոցով բացարձակ մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն:
Հասարակությունն արդեն իսկ սեփական մաշկի վրա է զգում իր վերցրած ընտրակաշառքի եւ դրա միջոցով ձեւավորած խորհրդարանի հետեւանքները: Քաղաքացիներին 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանած ուժերը ձեռնամուխ են եղել իրենց գումարները ետ բերելուն: Ընդ որում գումարները ետ են բերվում ոչ միանգամից, այլ աննկատ կերպով: Ինչպես հայտնի է, վերջին օրերին համատարած թանկացումներ են նկատվել՝ մոտ 10-30 դրամի սահմաններում. բարձրացել է շաքարավազի, մակարոնեղենի, ընդեղենի, բենզինի եւ այլ ապրանքների գինը: Կուռ տրամաբանություն պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ սա տեղի է ունեցել հենց ԱԺ ընտրություններին բաժանված ընտրակաշառքի աննախադեպ չափերի հետեւանքով. ընտրակաշառքի գանձանակին գումարներ “նվիրաբերածները” հիմա լիարժեք իրավունք են ստացել ետ բերելու իրենց ներդրումները, դեռ ավելին, բազմապատկել դրանք ու շահույթ ստանալ: Վստահաբար կարելի է պնդել՝ եթե հասարակությունը մերժեր ընտրակաշառքը, իշխանություններն այդ գումարները չբաժանեին, ապա այսօր սակագների նման աճ տեղի չէր ունենա:
Բայց սրանից բացի, շատ ավելի դաժան են լինելու քաղաքական հետեւանքները: Ակնհայտ է, որ ե՛ւ նախագահի, ե՛ւ ԱԺ ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների, նաեւ մարտի 1-ի դեռեւս չբացահայտված գործի հանդեպ աչք փակելու գինը լինելու է ԼՂ հարցը: ՀՀԿ-ականներն, իհարկե, դեռ չեն գիտակցում, թե ինչի գնով են իրենք խորհրդարանում հասել բացարձակ մեծամասնության: Ժողովրդական խոսքով ասած՝ ՀՀԿ-ականների գլուխը դեռ տաք է, եւ ,աննախադեպ հաջողություններիցե հիմա ընկել են էյֆորիայի մեջ, ու թվում է՝ իրենց դիրքերն անսասան են: Սակայն նման ռեժիմները, ինչպես ցույց է տալիս պատմությունը, միանգամից փլուզվում են հենց այն ժամանակ, երբ իրենց թվում է՝ արդեն անպարտելի են: Ի դեպ, Հայաստանի պատմության մեջ եւս քիչ չեն եղել նման դեպքերը:
ԵՐԲ ՀՀԿ-Ն ԱՅԼԵՎՍ
ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
ԱԺ վերջին ընտրություններից հետո բավական ուշագրավ զուգահեռներ են անցկացվում քաղաքական դաշտում: Շատերն այս օրերին հիշել են ՀՀ նախկին վարչապետ, դաշնակցական գործիչ Հովհաննես Քաջազնունու հայտնի աշխատությունը՝ ,Հ.Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւսե: 1923թ. հրապարակված այս գրքույկում ներկայացված են Առաջին Հանրապետության իշխանության արարքները, եւ նրանք որեւէ բանով չեն զիջում այսօրվա ՀՀԿ-ականներին: “1919թ. օգոստոսի 1-ին բացվեց Հայաստանի պառլամենտը, որը եկավ փոխարինելու նախկին խորհրդարանին: Պառլամենտական ընտրությունները կատարվել էին ամենալայն դեմոկրատական սիստեմով` ընդհանուր հավասար, ուղղակի ու գաղտնի, համեմատական ներկայացուցչություն, բայց տարօրինակ էր ու վհատեցուցիչ այդ իբր-թե ժողովրդավարական հաստատության կազմը: 80 անդամից 72-ը դաշնակցականներ էին: Մենք` դաշնակցականներս, երեւել էինք տարած հաղթանակով, չէինք հասկանում, որ մեր դավանած դեմոկրատական իրավակարգը չի կարելի հաստատել այսպիսի ընտրությունների վրա: Չէինք հասկանում, որ մեր հաղթանակը հաղթանակ չէր, այլ` կատարյալ պարտություն: Որ 72 մարդ նստեցնելով պառլամենտում` մենք կորցնում էինք մեր ոտի տակի հողը` դեմոկրատիզմի հիմքը: Չէինք հասկանում, որ, վերցնելով մեր ձեռը անբաժանելիորեն ամբողջ իշխանությունը, մեզ վրա էինք վերցնում նաեւ ամբողջ պատասխանատվությունը, եւ որ այդ բեռի տակից պատվով դուրս գալու համար չունեինք հարկավոր ուժ ու պատրաստություն: Չէինք հասկանում, որ մեր սեփական դաստիարակության համար մեծ կարիք ունեինք, որ մի զորեղ օպոզիցիա կանգնած լիներ մեր կողքին, միշտ զգաստ պահեր մեզ, ի կարգ հրավիրեր եւ թույլ չտար, որ դուրս գայինք օրենքի ու իրավասության սահմաններից: Չէինք հասկանում վերջապես, որ, փոխադրելով մեր կուսակցական նիստերը պառլամենտական սրահ ու Կառավարության շենքը` մեռնում էինք կուսակցականորեն: Պառլամենտ չկար Հայաստանում: Մի դատարկ ձեւ էր` առանց պարունակության… Չկար եւ Կառավարություն. սա եւս ենթարկված էր Բյուրոյին: Մի տեսակ գործադիր մարմինն էր պետության մեջ: Բոլշեւիկյան սիստեմ էր սա: Բայց այն, ինչ որ բոլշեւիկներն անում են հետեւողականորեն ու բացահայտ, մենք աշխատում էինք քողարկել դեմոկրատական ձեւերի տակե:
Նմանություններն այնքան շատ են, որ կուսակցությունների անվանումներն ու խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը փոխելու դեպքում կթվա՝ այս տողերը գրված են այսօրվա Հայաստանի մասին: Կա միայն մեկ տարբերություն. Բյուրոյին փոխարինելու է եկել ոչ թե ՀՀԿ ԳՄ-ն, այլ Ս. Սարգսյանի մերձավոր-ընտանեկան շրջապատը: Դժվար է ասել՝ Ս. Սարգսյանն ու Տ. Սարգսյանն այդքան խիզախություն կունենան իրենց հուշերում նման ինքնախոստովանությամբ հանդես գալ: Մինչ այդ, արժի հիշել, որ Քաջազնունու նկարագրած Հայաստանն ունեցավ 2 տարվա կյանք՝ 1918-1920թթ.:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ