Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով ԲՀԿ-ի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից՝ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել կոալիցիա կազմելուց հրաժարված այս կուսակցության հնազանդեցմանը: Բանն այն է, որ այս օրերին զանազան քրեական գործերի շրջանակում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել ամենատարբեր տրամաչափի ԲՀԿ-ական գործիչները:
Նախորդ շաբաթ ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի համայնքապետ, ԲՀԿ-ական Հրայր Նիկողոսյանի տանն ու աշխատասենյակում:
Անսպասելին, թերեւս, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ կատարվածն էր. երեկ նա հրավիրվել է ԱԱԾ, որտեղ որպես վկա հարցաքննել են «Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Օսկանյանն իր հայտարարության մեջ կատարվածը որակել է որպես քաղաքական հետապնդում: ««Սիվիլիթաս»-ի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդերլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ: Այս ամենի մասին չէին կարող չիմանալ ՀՀ համապատասխան կառույցները,-ասել է Վարդան Օսկանյանը՝ հավելելով,-Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա»:
Սակայն ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն առայժմ չի շտապում գնահատական տալ կատարվածին: Այնտեղ պաշտոնապես խուսափում են հայտարարել, որ համամիտ են Օսկանյանի հնչեցրած տեսակետին: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ իրավապահները կառաջնորդվեն ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան. «Ցանկացած դեպքում, այդ թվում` այս, մենք ուզում ենք հույս հայտնել, որ իրավապահ մարմիններն առաջնորդվելու են օրենքներով ու Սահմանադրությամբ եւ հանցագործություններ բացահայտելիս քաղաքական նկատառումներ ու ենթատեքստ չեն փնտրելու»: Նա նաեւ նշեց, որ ԲՀԿ-ն հետեւում է իրադարձությունների զարգացմանը: «Եթե մեզ համար նկատելի լինեն որեւէ անիրավաչափ գործողություններ, մենք անմիջապես կանենք եզրակացություն՝ հանդես կգանք հայտարարությամբ եւ քայլեր կձեռնարկենք»,-ասաց նա:
Կատարվածին երեկ արձագանքել է նաեւ ՀՀԿ-ն: Այս կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձել է, թե Հայաստանում անցել են քաղաքական ռեպրեսիաների, հետապնդումների  եւ պատվերների ժամանակները: «Պարոն պատգամավորի արտահայտած կարծիքն առնվազն տարօրինակ է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն այս տարիների ընթացքում ապացուցել են, որ կառուցում են երկիր, որը հիմնված է ժողովրդավարական ազատությունների հիման վրա, եւ այդ տարիների ընթացքում նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրել են ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք, ի գիտություն նախկին ԱԳ նախարարի, արժանացել են միջազգային կառույցների, այդ թվում՝ վերջերս ԱՄՆ պետքարտուղարի դրական ու բարձր գնահատականին»,-ասել է նա:
Հարկ է նկատել, որ զարմանալի զուգադիպությամբ այս ամենը հաջորդեց կոալիցիոն բանակցությունների ձախողմանը, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել իշխող կոալիցիային: Բացի այդ, գնալով ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է դեմ քվեարկել կառավարության ծրագրին, եւ հիմա առանձին ԲՀԿ-ականներ կամ ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձածներ անխնա քննադատում են Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Իսկ որ ամենագլխավորն է՝ ԲՀԿ-ն չի պատասխանել հետեւյալ հարցին. արդյոք ուժի մեջ է իր ստորագրությունը 2013թ. ընտրություններում գործող նախագահին սատարելու մասին, թե ոչ: Ու տեսակետ կա, որ այսպես Սերժ Սարգսյանը փորձում է լուծել ԲՀԿ հարցը՝ հնազանդեցնելով Ծառուկյանին: Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում ականատես լինենք նման դեպքերի: Մանավանդ որ սա առաջին անգամը չէ, երբ իշխանությունները քրեական հալածանքների շարք են սկսում իրենց համար վտանգ ներկայացնող կամ իրենց տեսակետները չկիսող քաղաքական ուժերի հանդեպ:
Սակայն ԲՀԿ-ի մասով իրավիճակն առավել հետաքրքիր է, քանի որ նրանց ու մասնավորապես Վարդան Օսկանյանի թիկունքին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Հետաքրքիր է, թե այս քայլով Սերժ Սարգսյանն ինչ է փորձում հասկացնել Քոչարյանին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս