ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով ԼՂՀ անկախությունը»:

ՏԵՍՔԻ՛ ԲԵՐԵՔ
ՀՀ փոխոստիկանապետ Սաշա Աֆյանը նշել է, որ մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաեւ գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցների, որոնց շահագործումը բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում, վնասում քաղաքացիների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը: Աֆյանն ասել է, որ ՀՀ ոստիկանապետը խիստ հանձնարարական է տվել  պատասխանատվության ենթարկել կարգազանց վարորդներին:

ՈՉ ՄԻ ԹԻԶ
«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ինչպես եւ զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին՝ ակնարկելով նաեւ այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը, այն է՝ մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ: Ոչ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումն իբր կանխելու պատրվակով ոչ մի օտարերկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը»:

ԴԵՌ ՀԱՐԳՈՒՄ Է
Հունիսի 12-ը ՀՀ նախկին վարչապետ եւ ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ այսօր` ժամը 10:15-ին, Կոմիտասի անվան պանթեոն կայցելեն ՀՀԿ բարձրաստիճան այրեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունից: ՀՀԿ-ականները Պանթեոն կայցելեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Aravot.am-ի տեղեկացմամբ, երկու օր առաջ թալանել են Գյումրու մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի նորանշանակ դեկան Ռուզաննա Մարդոյանին եւ տարել ոսկեղենը: Թալանը կատարվել է հենց այն օրը, երբ տիկինն իր կոլեգաների հետ մեկնել է Երեւան` դոկտորական թեզը պաշտպանելու, այսինքն՝ տանը մարդ չի եղել: Դուռը բացել են հարմարեցված բանալիով, ինչը ենթադրելու առիթ է տալիս, որ թալանը մոտ մարդու ձեռքի գործ է:




Լրահոս