ԿԱՐԿՈՒՏԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՆՄԱՆ ԱՎԵՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում հունիսի 9-ին մոտ 53 րոպե տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել տեղի գյուղատնտեսությանը: Բացի այդ, սատկել են կենդանիներ, պտղատու ծառերը՝ արմատախիլ եղել: Իսկ Լճափ գյուղում տեղացած կարկուտի հետեւանքով սատկել են 10 եղջերավոր անասուններ:
Արծվաքար թաղամասի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկարագրեցին, որ ձյանը նմանվող կարկուտի այդ շերտը օրուկես պահպանվել է: «Հավի ձվի չափ էր կարկուտի ամեն մի հատիկը: Մենք ունեինք 450 հա հողատարածք` կարտոֆիլի, ցորենի, գարու, բայց արի՛ ու տես, որ հիմա ոչինչ չունենք: Կարկուտի հետեւանքով ամբողջն ավերվել է»,-մեզ հետ զրույցում նշեց Արծվաքար թաղամասի պատասխանատու Պարույր Մարտիրոսյանը` ավելացնելով, որ անգամ  պտղատու ծառերն արմատախիլ են եղել: «Մենք միջհամայնքային առուներ ունեինք, բայց կարկուտի հետեւանքով բոլորը խցանվել են»,-տեղեկացրեց նա:
Նրա նկարագրմամբ, տների նկուղներն ու առաջին հարկերը լցվել են ջրով: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանը երեկ է տվյալները փոխանցել գյուղատնտեսության նախարարություն, որտեղից դեռեւս ոչինչ չեն ասել: «Պատասխանի ենք սպասում: Աղետ էր դա, հաշվե՛ք՝ երկրաշարժի նման բան էր: Բոլորս տուժել ենք: Իսկ մեր անձնական բյուջեն չի կարող այդ հարցը լուծել, միանշանակ դա պետք է կառավարությունը լուծի»,-բացատրեց գյուղացին` տեղեկացնելով, որ կարկուտը Գավառից դեպի Կարմիր գյուղ տանող ճանապարհներից մեկի մոտ անգամ մի հենապատ է շուռ տվել, որը 30 մետր երկարություն, երեքուկես մետր բարձրություն է ունեցել: «Մեր բանավոր հաշվարկով դրա ծախսը կազմում է մոտ 30 միլիոն դրամ: Դա երթեւեկելի մաս է ու պետք է անպայման սարքվի»,-կարեւորեց մեր զրուցակիցը:
Վերջինս ունի երեքուկես հա ցորենի եւ 5 հա էլ գարու հողատարածք, բայց կարկուտի հետեւանքով ամբողջն ավերվել է: Նա վարուցանքի եւ սերմերի համար ծախսել է միլիոնուկես դրամ: «Գյուղվարկ էի վերցրել մյուսների նման: Ու արդյունքն էլ ահա թե ինչ եղավ: Եթե 53 րոպե կարկուտ տեղա, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի դրանից հետո: Նույնիսկ բնակիչներից մեկը՝ 100 տարեկան մի կին, զարմացավ՝ ասելով, որ իր ապրած տարիների ընթացքում նման կարկուտ չի տեսել»,-պատմեց Պ. Մարտիրոսյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արծվաքարի բնակիչ Իշխան Սարգսյանի հետ. «Լացներս է գալիս: Հիմա չգիտենք, թե ինչ անենք: Հավերին ու հորթերին  էլ է խփել: Գոմը լրիվ ավերվել է: Մի ամիս հետո եկե՛ք, ստուգե՛ք, կտեսնեք, որ այսօրվա կարկուտի խփած կարտոֆիլից էլ բան չկա: Արծվաքարը վարի է գնացել, հոգո՛ւդ մատաղ: Թոշակառու մարդիկ ենք, անջաղ յոլա ենք գնում»: Մեր հարցին, թե ինչ սպասելիքներ ունի ՀՀ կառավարությունից, նա ծիծաղելով պատասխանեց. «Խեղճ կառավարությունն ի՞նչ անա: Երեւի հնարավորություն չունի, որ ունենային, կանեին»:
Գավառի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ իրենք հակակարկտային կայաններ չունեն եւ երբեւէ չեն ունեցել: Իսկ «խեղճ կառավարությունը» միայն ամեն առիթով խոսում է հակակարկտային կայանների անհրաժեշտության մասին, նույնիսկ պարբերաբար գումարներ են հատկացվում, բայց ոչ մի արդյունք: Գյուղացին շարունակում է տուժել, իսկ կառավարության դեմքն այդպես էլ գյուղացու կողմը չի շրջվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս