«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Սոսեի 2/2 հասցեում գտնվող իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատգամավորին դարանակալած անհայտ անձը, հարձակվելով Մանուկյանի վրա, սկսել է հարվածներ հասցնել նրա դեմքին:Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մարդաորս է սկսվել: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեպքում թվում էր, թե հայտնի էր՝ ինչ է տեղի ունեցել, եւ ովքեր են եղել մասնակիցները:
Հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի դեպքում գործ ունենք մարդկանց դեմ կազմակերպված հարձակման հետ, որի հեղինակները դեռեւս անհայտ են:
Իհարկե, բացառված չէ, որ Սուրեն Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի դեմ կազմակերպված հարձակումների նպատակն առաջին միջադեպից հանրության ուշադրությունը շեղելն է: Ամեն դեպքում, եթե ոստիկանությունն այս դեպքերը չբացահայտի, ապա կարելի է ասել, որ Հայաստանում բանդա է գործում իրավապահների թողտվությամբ կամ միգուցե՝ «օրհնությամբ»:
Ի դեպ, Արամ Մանուկյանի վրա իրականացված հարձակումը ոստիկանությունը պարտավոր է բացահայտել, քանի որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իրավապահների տրամադրության տակ կա նաեւ միջադեպի տեսագրությունը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: