«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից երեկ հետաքրքրվեցինք, թե Ազգային ժողովում «Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի» նիստերը, որոնք անցնում են ռուսերենով, արդյո՞ք չեն հակասում մեր երկրում գործող օրենսդրությանը:
«Բոլոր դեպքերում օրինախախտությունը արդեն սխալ է: Դա անհատ քաղաքացին է անում, հաստատությունն է անում. Ազգային ժողովն է անում, միևնույն է օրենքը խախտվում է»:
Նշենք, որ ՀՀ վարչական օրենսգիրքը «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար պատասխանատվություն է նախատեսում: ՎՕ 189-4 հոդվածը վերնագրած է. «Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը»:
Այն նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով: Ի դեպ, տուգանքի նշանակումից հետո նույն արարքը երրորդ անգամ կրկնվելու դեպքում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, և հիմա, ըստ օրենքի, ՀՀ Լեզվի պետական տեսչությունը պետք է վարույթ սկսի օրենքի կոպիտ խախտման մեղավորներին գտնելու և պատժելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։