ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւս 1-2 օր` եւ հայտնի կդառնա նոր կառավարության կազմը, որը, բնականաբար, ցնցումային կամ էլ անակնկալներով լի չի լինելու: Սերժ Սարգսյանը որոշել է «գետանցի ժամանակ ձիերին չփոխել», այսինքն՝ կմնա գրեթե խամաճիկային կառավարությունը, որն ունի նաեւ իր «դիրիժորներն» ու «ավանգարդը», որն արդեն քանի՜ տարի տեր է կանգնել երկրի հարստություններին, իրեն հպատակեցրել ամեն ինչ, անգամ` օրենքները: Կառավարություն կոչվողի վերին բուրգում է նաեւ Արմեն Գեւորգյանը, ում երբեմն մեր ժամանակների կարդինալ Ռիշելյե են կոչում, իսկ ոմանք էլ նրան համեմատում են Ժոզեֆ Ֆուշեի հետ:
Դեռեւս քննարկվում է այն հարցը, թե տրոհվելու է արդյոք փոխվարչապետի ինստիտուտը տարածքային կառավարման նախարարի ինստիտուտից: Փոխվարչապետ-ՏԿ նախարար գործառույթի տարանջատումը ձեռնտու է գործառական եւ իրավական առումներով, սակայն հազիվ թե նախագահական ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը կամենա նեղացնել Արմեն Գեւորգյանին, որը, մշտապես փորձելով մնալ «երկրորդ պլանում», ըստ էության` երբեմն շատ ավելի հզոր է, քան վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ա. Գեւորգյանի ներկայությունն իշխանության մեջ միշտ էլ խանգարել է ոմանց, միշտ էլ կաշկանդել է վարչապետին ու մի շարք նախարարների: Երեւի դա էր պատճառը, որ դեռեւս 2011թ. նոյեմբերին ոմանք «փսփսացել» էին նախագահի ականջին, որ հարկավոր է ազատվել Արմենչիկի ներկայությունից: Եւ քննարկվել էր նրան մեկ այլ` ավելի ցածր պաշտոն տալու հարցը: «Արմեն Գեւորգյանը չի համաձայնել ստանձնել իր ներկայիս կարգավիճակից ցածր պաշտոն` հասկացնելով, որ եթե այդպես լինի, ինքը պարզապես հրաժարական կտա եւ մոտ ապագայում գոնե որեւէ պաշտոն չի ստանձնի»,-այդ օրերին գրեց «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը` անգամ հայտնելով, թե փոխվարչապետն արդեն հրաժարականի դիմում է գրել: Թերթը, իհարկե, չէր սխալվել, որովհետեւ Ա. Գեւորգյանի հրաժարականի դիմումի տեքստն արդեն պատրաստ էր… Ի դեպ, հրաժարականի դիմումն այնքան իրական էր, որ փոխվարչապետի մամլո խոսնակ Զոյա Բարսեղյանը հրաժարվել էր այն մեկնաբանել` չիմանալով, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները:
Սակայն նրա հեռացմամբ խարխլվում էր իշխանական բուրգը, Ս. Սարգսյանի դեմ էին ելնելու ինչպես մի շարք ռուսաստանյան խոշոր գործարարներ, որոնց հետ համագործակցության մեջ է փոխվարչապետը, այնպես էլ մի շարք բանկային կառույցներ, հզոր շինարարական կազմակերպություններ: Կարճ ասած` օլիգարխիայի մի հսկա շրջանակ, որի հետ, բնականաբար, Ս. Սարգսյանը չէր կամենա խնդիրներ ունենալ: Այս ամենից զատ, առկա էր Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան-Արմեն Գեւորգյան ալյանսը, որը պակաս հզոր չէր, քան Ս. Սարգսյանը: Նրանց գումարենք նաեւ երկրի հզորագույն օլիգարխներից մեկին` Սամվել Մայրապետյանին, որը կանգնած է Արմեն Գեւորգյանի թիկունքին, եւ ում հետ այսօր Գեւորգյանը միլիոնավոր դոլարներ է աշխատում…
Ա. Գեւորգյանն իշխանության մեջ Ռ. Քոչարյանի «մարդն» է: Սակայն այսօր սա արդեն հնացած է թվում, որովհետեւ չունենալով որեւէ հակասություն էքս-նախագահի հետ՝ Գեւորգյանը, այնուհանդերձ, ինքն իր մարդն է` հզորագույն լծակներով, ահռելի ֆինանսական միջոցներով, բիզնեսների լայն ցանցով, իրեն հպատակվող մարզպետերով ու քաղաքապետերով, որոնք ավելի հաշվետու են իրեն, քան վարչապետին: Ճիշտ է, Ա. Գեւորգյանը «համեստաբար» հրաժարվում է իր ունեցվածքից` ասելով. «…այդպիսի փայաբաժիններ կամ բիզնեսներ, որը Ա. Գեւորգյանն է հովանավորում կամ կուրացիա է անում կամ կոնտրոլի տակ է պահում, չունեմ եւ չեմ էլ պատրաստվում առաջիկայում ունենալ: Աշխատավարձը, ես կարծում եմ, ինչպես բոլորիդ՝ այստեղ նստածներիդ, նույնպես իմ աշխատավարձն էլ ինձ չի բավարարում», սակայն ով չգիտի, թե նրան այս երկրում ինչն է պատկանում…  
Հիշատակենք մի չափազանց հավաստի փաստ. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ամիսներ առաջ քննարկվել էր «Գեոպրոմայնինգ» ընկերության ստվարածավալ փաթեթը` նվիրված Սոթքի ոսկու հանքերին: Այդ քննարկմանը մասնակցել էր նաեւ Ա. Գեւորգյանը` ոմանց հուշելով, որ դեմ քվեարկելու դեպքում դեմ կլինեն իրեն, քանի որ ինքն ընկերության հովանավորներից մեկն է: Իսկ սա նշանակում է նաեւ, որ այսօր Ա. Գեւորգյանը թույլ չի տա, որ նոր կառավարության կազմում չլինի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ում թիվ մեկ հովանավորը հենց Գեւորգյանն է: Վերջինս սերտ հարաբերություններ ունի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ եւս, իսկ սա նշանակում է, որ երկրի իրական ռեսուրսներից շատերը հենց նրա վերահսկողության տակ են:
Բնականաբար, պատահական չէ, որ շատ մարզպետեր եւ համայնքապետեր չեն ընդունում վարչապետի իշխանությունը, չեն ենթարկվում նրան, մինչդեռ Ա. Գեւորգյանից վախենում են: Ուշագրավ մի հանգամանք. նախընտրական շրջանում սկսեցին շրջանառվել ապագա վարչապետի անուններ, որոնց մեջ էր նաեւ Արմեն Գեւորգյանի անունը: Սա պատահական չէր: Ա. Գեւորգյանը ԲՀԿ-ի ճարտարապետներից մեկն է, նա է Ռոբերտ Քոչարյանի հետ ստեղծել այդ կուսակցությունը, սակայն ընտրությունների նախօրյակին, երբ ապագա կառավարության ուրվագծման խնդիրներն էին շոշափվում, նա բոլորի համար անսպասելի հայտարարեց. «Իմ վերջին 12 տարվա գործունեությունը պետական համակարգում ամենասերտ ձեւով կապված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Իսկ վերջին 2 տարվա իմ գործունեությունն ուղղակիորեն բխում է ՀՀԿ-ի գործունեությունից: Տրամաբանական է լինելու, որ ապագա իմ գործունեության առումով նույնպես այդ ամեն ինչը պետք է կապված լինի Հանրապետական կուսակցության հետ»: Սա յուրատեսակ մեսիջ էր ինչպես Ս. Սարգսյանին, այնպես էլ բոլոր հանրապետականներին, այսպիսով՝ նա վարչապետության հայտ էր ներկայացնում` յուրովի ահուսարսափի մեջ պահելով ինչպես Տ. Սարգսյանին, այնպես էլ նրա շրջապատին:
Հետագայում նախագահականից եկող ցուցումներով որոշ լրատվամիջոցներ շրջանառության մեջ դրեցին այլ անուններ` այսպես չեզոքացնելու համար Ա. Գեւորգյանի հավակնությունները: Հավանաբար, նաեւ կայացել էր «խորհրդավոր ընթրիք» Ռ. Քոչարյանի թամադայությամբ, որի ընթացքում էլ Արմենչիկին խորհուրդ էր տրվել ձեռնպահ մնալ եւ շարունակել իր ձեռքում ունենալ այն բոլոր լծակները, որոնք բավական են ցանկացած ժամանակ Տ. Սարգսյանին գահընկեց անելու համար:  

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս