Ո՞ՒՄ ԲՈՂՈՔԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 15 դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուցչական անձնակազմը  երկու ամիս շարունակ աշխատավարձ չի ստացել, ինչը զայրացրել է նրանց, եւ որոշել են դիմել լրատվամիջոցներին՝ գոնե իրենց հարցը հրապարակայնացնելու եւ խնդրին լուծում տալու ակնկալիքով: Տնօրեն Անահիտ Խաչատրյանը դպրոցում տիրող իրավիճակը  պայմանավորում է ուսումնական հաստատության կուտակած պարտքերով: Կրթօջախը կուտակել է շուրջ 5 մլն դրամի պարտք: Դա էլ հիմք է դարձել, որ աշխատավարձերի վրա կալանք դրվի: «Պարզ էլ չէ՝ աշխատավարձ ստանալու ենք, թե չէ: Էլ չենք պատկերացնում, թե ուր գնանք կամ ում բողոքենք»,-բարձրաձայնում են դպրոցի ուսուցիչները:
Տնօրենը չի առարկում, որ կոլեկտիվի դժգոհությունները տեղին են: Նա բացատրում է, որ 15 դպրոցը՝ որպես թիվ 36 դպրոցի իրավահաջորդ, ըստ դատական վճռի՝ մանկավարժ Սուսաննա Մրյանին պարտավորված է վճարել երկրաշարժի ժամանակ դպրոցում ստացած վնասվածքի փոխհատուցում: Դատական քաշքշուկը շարունակվում է, արդյունքում դպրոցի ուսուցիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ Սուսաննա Մրյանը՝ փոխհատուցում: ՇՄ ֆինանսական բաժնի վարիչ Հովհաննես Մամիկոնյանը փոխանցեց հետեւյալը. «ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվի վրա արգելանք է դրված ԴԱՀԿ-ի կողմից դատարանի որոշման հիման վրա՝ ինչ-որ քաղաքացու վնասի փոխհատուցում տալու համար»:
 Դատարանի որոշումը մանկավարժներն անտրամաբանական են համարում: Ասում են՝ անարդար է մեկի ցանկությամբ ուսուցչի աշխատանքը չգնահատել եւ զրկել նրան աշխատավարձից: «2005թ. դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 5 տարի շարունակ մենք բողոքել ենք այդ վճռի դեմ»,-ասում է Անահիտ Խաչատրյանը:
ՇՄ իրավաբանական բաժնի պետ Տիգրան Ղարիբյանը եւս դատարանի որոշումը ոչ իրավաչափ է համարում եւ պնդում է, որ ուսուցիչներն անպայման կստանան իրենց գումարները. «Համապատասխան մարմինները չեն թողնի, որպեսզի ինչ-որ քաղաքացու գործողությունների հետեւանքով տուժի ուսուցիչը»:
Զրուցեցինք նաեւ Սուսաննա Մրյանի հետ, որը ցույց  տվեց ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը: Նա հաղթել է բոլոր դատական վեճերը, միայն թե մանկավարժի կարծիքով՝ պետական ատյանների սխալ աշխատանքի արդյունքում են տուժել ինքն ու իր գործընկերները: «Ես փող չեմ ստացել 6 տարի շարունակ: Մի արկղ բողոք կա: ԴԱՀԿ պետ Մաթեւոսյանն ասում է՝ վերեւից քեզ խանգարողներ կան: Հավատացե՛ք, ինքն ինձ զանգում է ու ասում՝ շնորհավորում եմ, փողդ ԴԱՀԿ-ում նստած է, առավոտյան կստանաս: Գնում եմ, ասում են՝ չկա: Մաթեւոսյանը մարզպետի հանձնարարությամբ գնում է հարցեր լուծելու՝ հօգուտ դպրոցի: Ես չգիտեմ՝ էս հարցը ոնց է վերջանալու»:
ՇՄ կրթության վարչությունը տեղյակ է 15 դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին: Վարչությունից մեզ հայտնեցին, որ խնդիրը մոտ օրերս կպարզաբանվի եւ կստանա վերջնական հանգուցալուծում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս