Տարոն Մարգարյանը մասնակցել է «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է երկրորդ տարին անընդմեջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպվող «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ. Հեքիաթին հյուր» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայազգի մի շարք գործարարներ և հասարակական գործիչներ: Դեսպանի հետ միասին կատարելով տոնավաճառի հանդիսավոր բացումը, Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տարածքում, ծանոթացել տաղավարներում ներկայացվող հայկական ապրանքատեսականուն: Ներկայացնելով տոնավաճառի կազմակերպման մանրամասները, Մակար Նահապետյանը նշել է, որ այս անգամ էլ մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան հավուր պատշաճի՝ տոնավաճառի այցելուներին առաջարկելով հայկական բազմատեսակ արտադրանքները, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Հայկական տոնավաճառում տեղադրվել է նաև հայկական ավանդական թոնիր, որն այցելուներին հնարավորություն կընձեռի ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:

Նախորդ տարի «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել էր «Արմենիա» տոնավաճառը: Սույնը հաշվի առնելով՝ Մակար Նահապետյանը վստահեցրել է, որ այս տարի ևս կարվի հնարավորը՝ լավ արդյունք գրանցելու ուղղությամբ:

Նաև նշենք, որ փառատոնի շրջանակում աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչների կողմից Մոսկվայի տարբեր հատվածներում բացվող ամանորյա տոնավաճառներն այս անգամ կգործեն մինչև 2015-ի հունվարի 12-ը:




Լրահոս