Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակցի: Armlur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման տեղեկություններ չունեն:
Այդուհանդերձ, մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ազատումը տեղի է ունեցել ոստիկանապետի կողմից այսօր առավոտյան հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո:
Նկատենք, որ նախօրեին լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում իրենց մտածելակերպով և վարքագծով: Եվ դա շարունակվելու է: Ես կարծում եմ, որ 2015 թվականից կմտնենք ավելի ինտելեկտուալ փուլ: Այսինքն՝ որոշակի գիտելիքներով, որոշակի մարտավարությամբ կմտնենք մյուս փուլ և կունենանք ավելի կիրթ ու գրագետ ոստիկաններ շարքայինից մինչև…»: Վլադիմիր Գասպարյանը բազմիցս նշել է, որ այն բոլոր ոստիկաններին, ովքեր չեն համապատասխանում ոստիկանի պահանջված կերպարին, ինքը «կհանի համազգեստի միջից»: Թերևս, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: