Չկան չբացահայտվող հանցագործություններ և չկան անպատիժ հանցագործներ: Հանցավորի համար միշտ գալիս է հատուցման ժամը, անկախ սեռից, տարիքից, կարգավիճակից, աշխարհագրական տեղակայումից ու արդարադատությունից խույս տալու թվացյալ հնարամտությունից: Պատժի անխուսափելիությունը ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքներից է և ամրագրվում է ամենօրյա հետևողական աշխատանքով: Հատուցման ժամը եկավ նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Հրայր Հարությունյանի համար, որն անցյալ տարվա հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ընկերոջ հետ վեճի էր բռնվել Սեյրան Հարությունյանի հետ, անցորդների դիտողություններն անտեսելով՝ հայհոյանքներով խախտել հասարակական կարգը, ապա ձեռքերով ու դանակով հարվածներ հասցրել Սեյրան Հարությունյանին: Չէր անսացել նաև վերջինիս կնոջ և դստեր ներկայությանն ու չհարվածելու խնդրանքներին. շարունակել էր վայրագությունը: Կյանքից զրկելու դիտավորությամբ, առանձին դաժանությամբ, բացառիկ անգթություն ցուցաբերելով, հարձակվել ու դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Հարությունյանի կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս:
Հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում. հարձակումը հետ էր մղել պատահական անցորդը… Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հետախուզման աշխատանքներում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն աշխատում էին միասին, համագործակցության կար նաև արտասահմանյան գործընկերների հետ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ միջպետական հետախուզման մեջ գտնվող Հրայր Հարությունյանը թաքնվում է Մոսկվա քաղաքում: ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում 2014 թվականի փետրվարի 4-ին Հրայր Հարությունյանը հայտնաբերվեց Մոսկվայում ու ձերբակալվեց: Իսկ այս տարվա դեկտեմբերի 11-ին մեր քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից էտապավորվեց Հայաստան: Ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից նրան բերման են ենթարկել Բազումի բաժին: Հրայր Հարությունյանը կալանավորված է:
Քննությունը շարունակվում է: