Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ՝ ժամը 20:00-ին, դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղից 2 քաղաքացի: Հիվանդանոցում Լուսակերտ գյուղի բնակիչ, 50-ամյա Ժուլվեր Սայադյանը մահացել է, իսկ նրա որդին՝ 27-ամյա Վահագն Նազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ:
Armlur.am-ի հետ զրույցում Արգել (Լուսակերտ) համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանը հայտնեց, որ սպանություն կատարելու մեջ կասկածվող տուժողների փեսան՝ Հունան Մարտիրոսյանը, ով Արգելի բնակիչ է, երկար ժամանակ տարաձայնություններ է ունեցել խնամիների հետ: Դեպքի օրը, գյուղապետի փոխանցմամբ, աները զանգահարել է այս պահին հետախուզման մեջ գտնվող փեսային և ասել, թե «գալիս եմ ձեր տան մեջ խփեմ ձեզ»: Լսելով այս խոսքերը՝ տան անդամները հասկացել են, որ անախորժություններ են լինելու, որոշել են երեխաներին դուրս բերել տանից, որպեսզի վերջիններս ականատես չլինեն հնարավոր խառնաշփոթին:
«Խնամիներն Արզական գյուղից են, և ես ու գյուղապետ Նորիկ Մովսիսյանն անընդհատ կապի մեջ ենք: Գյուղապետն ասաց, որ սովորական ընտանիք է, աշխատում են: Նա նույնպես հաստատեց մեր այն տեղեկությունը, որ խնամիներով մշտապես տարաձայնությունների մեջ են եղել: Տուժողն ու մյուս խնամին հարևաններ են: Հունանը խնամու բնակարանում խմել է, հետո բարձրացել վերև՝ մյուս խնամու տուն, ու այստեղ սկսել են կռվել: Սայադյանը փեսային տանից դուրս է բերել, որպեսզի հանգստացնի, և երկուսով հեռացել են տարածքից: Թե այստեղ ինչ է կատարվել, ինչ են խոսել, չգիտենք: Զանգել են տղային՝ Վահագին, ասել են՝ հորդ ծեծում են: Սա էլ վազել է այնտեղ, տեսել է՝ ինչ է կատարվում, զայրացել է, ու արդյունքում այսպիսի պատկեր»,- պատմեց գյուղապետ Մաթևոս Ավագյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ Հունան Մարտիրոսյանը երկու երեխա ունի՝ աղջիկ և տղա՝ 4-5 տարեկան:
Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկացավ, որ Ժուլվերտ Սայադյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձին քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ՝ Ժ.Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին՝ սպանելով նրան:
Վ.Նազարյանը վնասվածք է ստացել ձախ նախաբազկի շրջանում:
Ժ.Սայադյանն ու Վ.Նազարյանը ճանաչվել են տուժողներ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: