Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գնել է Երեւան TV հեռուստաընկերությունը: Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը նշել է. «Տեւական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը»: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հեռուստատեսության դաշտի քվոտաները վաղուց ի վեր բաժանվում են ՀՀ նախագահի նստավայրից՝ Բաղրամյան 26-ից իջեցված լոտերով, եւ ըստ այդմ՝ մեդիա դաշտում քաղաքական ուժերից մասնաբաժին ունեին քվոտավորված ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ն, եւ այլընտրանքային ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիմա ավելացավ եւս մեկը` ԱԺ-ում արդեն իրեն ընդդիմադիր հռչակած ՕԵԿ-ը: Ահա այստեղ է «հանելուկի» ցցուն խեղկատակությունը:
Նախեւառաջ հարց է առաջանում. 250 հզ դրամ աշխատավարձով ապրել չկարողացող, վարկերով «Հայասի» կոնյակի, հյութերի գործարան հիմնադրած եւ աշխատակիցներին աշխատավարձ չվճարող Արթուր Բաղդասարյանը ի՞նչ միջոցներով է հեռուստատեսության բաժնեմաս գնել: Ավելին՝ դեռ, համաձայն ՀՌԱՀ-ի ընդունած կարգի, թվայնացման համար Երեւան TV-ին առաջիկայում 300 հզ ԱՄՆ դոլար պետք է վճարի, որպեսզի կարողանա նոր պայմաններում եթեր դուրս գա: Եվ երկրորդ` մոմի լույսով էլ հնարավոր չէ Հայաստանում գտնել Բաղրամյան 26-ի ազդեցությունից դուրս գործող քաղաքական ուժի, ով տիրապետում է հեռուստաեթերին: Այնպես որ, առաջիկայում «ընդդիմադիր» դաշտում կարելի է սպասել,որ «այլընտրանքային» ընդդիմադիրների կատաղի պայքար կսկսվի` ֆավորիտի տեղի համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձեւով էլ հրաժարվել է մեդիաոլորտից: Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլեւս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի եւ օրաթերթերի: Մեր տեղեկություններով՝ Տ. Սարգսյանը տեւական ժամանակ չի լինելու քաղաքական դաշտում: Օրերս նա պատրաստվում է մեկնել Արցախ՝ հանգստանալու: Նախատեսված է, որ մոտ 10-15 օր հետո նոր Տ. Սարգսյանը վերադառնալու է ԼՂՀ-ից ու կհայտարարի, թե ինչով է ցանկանում զբաղվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այժմ նախկին վարչապետը չի որոշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, արդյոք դիվանագիտական աշխատանքներ է իրականացնելու, թե ՀՀ-ում որեւէ այլ գործունեություն է ծավալելու: Նախկին վարչապետը սպասում է նոր առաջարկների: Այժմ Տ. Սարգսյանը նեղացածի կարգավիճակում է:
Այսօր Մինսկում կայանալու է Մաքսային միության եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները: Բելառուսի նախագահի նստավայրից հայտնել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հայաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման մասին տեղեկություն չկա: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ չնայած Հայաստանը չի մասնակցում Մինսկում կայանալիք նիստին, բայց աշխատանքները՝ «ճանապարհային քարտեզի» ուղղությամբ, տարվում են: Սակայն ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Եկեք սպասենք արդյունքներին եւ վաղը կայանալիք հանդիպմանը, որտեղ Սերժ Ազատովիչը եւս մասնակցություն է ունենալու»: Հետաքրքիր է՝ ո՞վ է ավելի տեղեկացված ՀՀ նախագահի այցի մասին. ՀՀ արտգործնախարարությունը, թե՝ ՌԴ տրանսպորտի նախարարը:
2013թ. տարեվերջին հիմնովին վերանորոգվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Երեւանի Մ.Խորենացու փողոցում գտնվող ՊԵԿ 3 եւ 7-րդ մասնաշենքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել են պատերը, կոյուղին, սանհանգույցը, կտուրը եւ այլն: Այդ աշխատանքներն իրականացրել է «Կարալանս» ՍՊԸ-ն: Ուշագրավը, սակայն, ծախսված գումարի չափն է՝ մոտ 36 մլն դրամ կամ ավելի քան 87 հազար դոլար: Գումարը, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից: Դժվար է միանշանակ պնդել, թե այս վերանորոգումից հետո կբարելավվի՞ ՊԵԿ աշխատանքների որակը, թե՝ ոչ: Փոխարենը կարելի է վստահեցնել, որ այս գումարը կարելի էր ծախսել մի շարք այլ՝ կարեւորագույն խնդիրների լուծման համար. դրանից ՀՀ քաղաքացիները հաստատ ավելի շատ կշահեին, քան այս վերանորոգումից: Հետաքրքիր է, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի` ֆինանսների նախարար նշանակվելուց հետո, ՊԵԿ-ին տրվելիք վերանորոգումների գումարը ավելանալո՞ւ, թե՞ պակասելու է:
ԱՌԱՆՑ ԽԱԼԱԹՆԵՐԻ
Ապրիլի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքում, սեփական բնակարանում, դաժանաբար սպանվել է հայազգի Նունե Սարգսյանը: Իր ծննդյան 26-րդ տարեդարձի օրը նա դանակի 40 հարված է ստացել: Ընդամենը երեք օրում Տյումենի ոստիկանության քննիչները բացահայտել են սպանությունը. պարզվել է, որ երիտասարդ կնոջը սպանել է պիցցայի առաքիչը, ով առաքումից հետո վերադարձել է բնակարան` իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու: Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է, եւ դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով:
Բնակարանի վրա ավազակային հարձակում (այն էլ` չպլանավորված) կատարած անձը, ըստ տրամաբանության, պետք է որ ձգտեր հնարավորինս արագ ավարտել իր արյունոտ գործը եւ հեռանալ, այլ ոչ թե եզակի գեղեցկության տեր կնոջը (ըստ լուսանկարների` Նունեն իսկապես բացառիկ գեղեցիկ կին էր) դանակի քառասուն հարված հասցներ: Ինքնին ենթադրելի է, որ ռուս իրավապահների կողմից կարվի ամեն բան` այս սահմռկեցուցիչ սպանությանն անցանկալի հնչեղություն չհաղորդելու եւ որպես սովորական ավազակային հարձակում ներկայացնելու համար: Առավել եւս` որ այդ հարցում նրանք բացարձակապես ոչ մի խոչընդոտ չեն ունենա: Ով պետք է ռուսներից բացատրություն պահանջի, եւ կամ` ով է խորամուխ լինելու, որ դեռ պարզի` արդյոք այդ ռուս տականքը նացիստ էր, սեռական մոլագար, թե շարքային ավազակ:
Այ եթե հանկարծ հակառակը տեղի ունենար, եւ մի որեւէ հարբած հայազգի տականք սպաներ ռուս կնոջ, այդ դեպքում ահա ռուս «հայրենասեր ինծիլիգենցիան» կընդվզեր, իսկ ողջ իշխանական մեդիամեքենան էլ կհեղեղվեր հակահայկական նացիստական ռեպորտաժներով: Այնպես, ինչպես եղավ մի քանի ամիս առաջ` հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարի դեպքում, երբ 18 զոհ եղավ, սակայն ոչ կանխամտածված, եւ առավելեւս` ոչ Հրաչյայի կողմից ծրագրված հանցագործության արդյունքում: Մինչդեռ հենց նույն ռուսական պետական հեռուստաընկերություններով «հայազգի մարդասպան» բառակապակցությունը մի քանի օր շարունակ թեւածում էր, իսկ հակահայկականություն քարոզող լրագրողուհին էլ արդյունքում արժանացավ մասնագիտական խրախուսանքի:
Նունեին սպանող եւ նրա երեք մանկահասակ երեխաներին որբ թողած տականքին, վստահաբար, որեւէ մեկը հայրենի «միլիցիայում» չի ստորացնի եւ կանացի խալաթով դատարան քարշ չի տա: Եվ որքան էլ ցավալի հնչի, դա լավ է, դա ճիշտ է: Քանզի անգամ ամենավերջին մարդասպանը արժանապատվության իրավունք ունի: Եվ այդ արժանապատվությունը որեւէ կապ չունի նրա ազգային պատկանելության հետ: Տականքներ կան ամենուր եւ բոլոր ազգերի մեջ: Եվ ռուս ազգն այս հարցում ավելի քան բացառություն չէ: