ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀՈԳՍՆ Է ԿԻՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց կողմից ստեղծվելիք ազատամարտիկներին միավորող նորաստեղծ կառույցին` հայտարարեց, թե դրանում ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր ԵԿՄ-ի հետ կապ չեն ունեցել:

-Պարոն Գասպարյան, հայտարարվեց, որ Դուք եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը որոշել եք ԵԿՄ-ի նման մի կառույց ստեղծել, որում ընդգրկված կլինեն միայն ազատամարտիկները: Կառույցի կազմավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են գտնվում: Տեսակետ կա, որ այս կառույցը ստեղծվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ:
-Գագիկ Ծառուկյանի հետ մի կապեք այդ կառույցը, խնդրում եմ: Հազար անգամ ասել եմ՝ Գագիկ Ծառուկյանն ինչ կապ ունի ազատամարտիկների հետ: Ստեղծում ենք կազմակերպություն մեր ազատամարտիկներից, որոնք ԵԿՄ-ի մեջ չեն, որոնք այսօր կարիքներ ունեն, որոնց էսօր տեր կանգնել է պետք, իրոք անտեր վիճակում են: Ստեղծում ենք կազմակերպություն, որ կարողանանք այդ տղաներին հավաքել իրար գլխի ու ինչ-որ չափով հոգալ իրենց հոգսերը:
-Եթե Գ. Ծառուկյանը որեւէ կապ չունի, այդ դեպքում ովքե՞ր են գլխավորելու կառույցը, ո՞վ է այդ ամենի նախաձեռնողը:
-Ջոկատների հրամանատար կազմով հավաքվել ենք ու որոշել, որ այդ տղաները պետք է ունենան օգնություն, պետք է կարողանանք այդ տղաներին ինչ-որ չափով օգնել: Մենք ղեկավար կազմ չունենք, այս կառույցը նաեւ նախագահ չի ունենալու, ստեղծվելու է վարչություն ու վարչությունն էլ ղեկավարելու է: Իսկ արդեն վարչության կազմում լինելու են հրամանատարները, որոնց հետեւից ազատամարտիկները ժամանակին գնացել են:
-Իսկ ովքե՞ր են ընդգրկված վարչության կազմում:
-Կլինի՝ կիմանաք: Շատերն են ընդգրկվել:
-Արդեն քանի՞ հոգի են անդամագրվել Ձեր նորաստեղծ կառույցին:
-Ես հիմա հոգին չեմ կարող ասել, բայց ահագին մարդիկ ընդգրկվել են, ովքեր ի սկզբանե ԵԿՄ-ի մեջ էլ չեն եղել: Շուտով կլինի՝ կիմանաք, էլի, մեկը ես եմ, Ռուբեն Գեւորգյանն է, ավելի շատը հրամանատարներ են:
-Ձեր կողմից ստեղծվելիք կառույցը ինչով է տարբերվելու ԵԿՄ-ից, տեսակետ կա, որ գրեթե նույնպիսի կառույց եք ցանկանում ստեղծել:
-Խնդրում եմ այս կառույցը մի կապեք ԵԿՄ-ի հետ… ես անձամբ ԵԿՄ վարչության անդամ եմ եղել, տարիներ շարունակ: ԵԿՄ-ն մեր անցած ուղին է, մեր ճանապարհն է, մեր կյանքն է, մեր կենսագրությունն է: Այս կառույցը համարյա նույն կառույցի նման մի բան է դառնալու, որը զբաղվելու է տղաների սոցիալական եւ այլ խնդիրներով:
-Եթե, ինչպես հավաստիացնում եք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի նոր ստեղծվելիք կառույցի հետ, այդ դեպքում, ովքե՞ր են հովանավորելու Ձեր կառույցը, որպեսզի կարողանանք օգնել սոցիալապես անապահով ազատամարտիկներին:
-Հովանավորներ կճարվեն, իհարկե, եւ արտերկրից մեր գործարար ընկերները կօգնեն… միգուցե նաեւ պարոն Ծառուկյանին խնդրենք: Այսօր Գագիկ Ծառուկյանը հովանավորում է տարբեր կազմակերպությունների, տարբեր ոլորտներում` գյուղատնտեսության, սպորտի, բոլոր բնագավառներում: Այսինքն՝ նաեւ այն մարդիկ, ովքեր սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, իրենց եւս պարոն Ծառուկյանը հովանավորում է: Տղաները փողոցում են ինչի՞ համար. սոցիալական ծանր վիճակի, տղաներ, ովքեր պատերազմ են անցել, տվել են ե՛ւ կյանք, ե՛ւ առողջություն, ե՛ւ իրենց ունեցվածքը, անգամ մարդիկ եղան, ովքեր իրենց տները ծախեցին ու զինամթերք գնեցին, բայց այսօր փողոցում են մնացել: Այդ մարդիկ հայրենիքի համար կռվել են ու կորցրել են ամեն ինչ ու իրենք այսօր խնդիրներ ունեն ու ակնկալում են օգնություն:
-Տեղեկություններ կան, որ Ձեր կողմից ստեղծվելիք կառույցի հետ կապված լուրջ տարաձայնությունների մեջ եք ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, եւ որ անգամ արգելվել է նման կառույց ստեղծել: Այդպե՞ս է արդյոք, այդ առիթով զրուցե՞լ եք Մ. Գրիգորյանի հետ:
-Չէ, առիթ չենք ունեցել զրուցելու, բայց նման խնդիր էլ չկա: Նույն գործն ենք անելու ու նեղանալու խնդիր էլ չունի Մանվել Գրիգորյանը, քանի որ նրա հոգսը կիսում ենք ինչ-որ տեղ:
-Նշվում է, որ Ձեր կառույցում ընդգրկվելու են ԵԿՄ-ից «նեղացածները»:
-Չէ, ինչու ԵԿՄ-ից նեղացածները: Ասում եմ` տղաներ, ովքեր ի սկզբանե չեն եղել ԵԿՄ-ում, տղաներ, ովքեր երեւի ԵԿՄ-ից դուրս են մնացել: Ինչի՞ց պետք է նեղանան տղաները, իրենք նեղանում են իրենց կարգավիճակից:
-Ե՞րբ կսկսի գործել նոր կառույցը:
-Դա չեմ կարող ասել, դեռեւս աշխատում ենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱԿՑԻԱ-ԵՐԹԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Երեկ եւս մեկ ակցիա էր նախատեսված: Այս անգամ ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության: Ակցիան կազմակերպել էր «Արարում եմ» նախաձեռնությունը, որի անդամներն այդպես էլ չժամանեցին իրենց իսկ կազմակերպած միջոցառմանը` Ազատության հրապարակ, որտեղից էլ նախատեսված էր երթով շարժվել դեպի ՌԴ դեսպանատուն: Այդուհանդերձ Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել, որոնց թվում էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ով էլ «ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ չիրականացված ակցիայի փոխարեն իրենք ակցիա կանցկացնեն մայիսի 18-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Արարում եմ» նախաձեռնության անդամ Հովհաննես Եսայանը պարզաբանեց, որ իրենք կապ չունեն ակցիայի հետ` ուղղակի աջակցել են իրենց դիմած մի խումբ երիտասարդների` հայտարարության տարածման գործում.«Մենք ընդամենն աջակցեցինք, որպեսզի նրանք կարողանան ակցիա կազմակերպել»,- նշեց նա: Փաստորեն` լավ չաջակցեցին:

 

«ՓՐԿԵՆՔ ՍԵՎԱՆԸ» ՊՈՐՏԱԲՈՒՅԾ ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻՑ
Երեկ «S.O.S. Սեւան» քաղաքացիական նախաձեռնության անդամները Ազգային ժողովի դիմաց ակցիա էին կազմակերպել ընդդեմ Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողնման կառավարության որոշման: «Մենք պետք է հասնենք նրան, որ Սեւանա լիճն այլեւս չօգտագործեն Արարատյան հարթավայրի ձկնաբուծարաններն աշխատեցնելու եւ անդարդ մարդկանց գրպանները լցնելու համար»,- «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
ՀՀ կառավարության հեղինակած եւ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի դեմ պայքարող ակցիայի մասնակիցներին վրդովվեցնում է այն իրողությունը, որ նոր օրենքով նախատեսվում է 5 տարվա ընթացքում Սեւանա լճից ջրի բացթողնման ծավալն ավելացնել 40 %-ով, ինչի հետեւանքով, ըստ նրանց, Սեւանա լճի մակերեւույթը կիջնի ու ճահճացում տեղի կունենա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այս խնդրի մասին բարձրաձայնեց նաեւ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը` Սեւանից ջրի բացթողումը համարելով ապազգային ծրագիր: Ակադեմիկոսի հայտարարությունը, սակայն, արժանացավ Սերժ Սարգսյանի զայրույթին:
Հաշվի առնելով, որ «S.O.S. Սեւան» նախաձեռնության բարձրացրած հարցը կարեւորագույն նշանակություն ունի, ակնկալվում էր, որ ակցիան բազմամարդ կլինի, բայց Սեւանի հավելյալ ջրբացթողնման դեմ բողոքողները քիչ էին. ակցիային մասնակցում էր մոտ 20 հոգի. «Ես կարծում էի, որ ավելի շատ մարդիկ կգան, դեռ մարզերից գալը մեզ համար խնդիր է»,- ասաց Մարտունուց Երեւան եկած Անահիտ Գեւորգյանը: Ի դեպ, ակցիայի մասնակիցներին որեւէ պատգամավոր չմոտեցավ` հետաքրքրվելու նրանց խնդրով:

 

ՄՆԱՑ ՄԻ ՏԵՂ
ՀՀԿ-ում դեռեւս վերջնական որոշում չունեն, թե Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ դառնալու դեպքում ով է նրա փոխարեն ղեկավարելու ՀՀԿ խմբակցությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում քննարկվում է Գագիկ Մելիքյանի անունը, ով, ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում խմբակցության նախկին քարտուղարն էր: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ում քննարկում են խմբակցության մեկ այլ նախկին քարտուղարի՝ Սամվել Նիկոյանի թեկնածությունը եւս: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրանց երկուսի նկատմամբ ՀՀԿ ներսում չկա միանշանակ վերաբերմունք, քանի որ շատերը պարզապես չեն ընդունում նրանց: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ստիպված լինի դիմել մեկ այլ տարբերակի՝ Գ. Սահակյանը լինելով ԱԺ նախագահ, շարունակի համատեղությամբ զբաղեցնել խմբակցության ղեկավարի պաշտոնը եւս: «Ժողովուրդ»-ը երեկ Գ.Սահակյանին հարցրեց՝ որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, ում կուզենա տեսնել իր փոխարեն: «Չեմ սիրում անուններ շրջանառության մեջ դնել, որովհետեւ բոլորս պիտի որոշենք: Եթե ես լինեի որոշողը, անմիջապես կասեի, բայց ես չեմ որոշողը»,- ասաց Սահակյանը:

 

ՀԱԿ-Ը ԴԵՄ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ նամակ է ուղարկել ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով, որպեսզի վերջիններս ընդգրկվեն Կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք մտադիր են մերժել կառավարության առաջարկը, քանի որ չեն ցանկանում որեւէ կերպ մասնակից դառնալ այս իշխանության գործողություններին եւ պատասխանատվություն կրել նրանց արածների համար: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «հրաշալի քառյակ»-ի նիստին անակընկալ եկել էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա իր հետ վերցրել էր Քառյակի հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը՝ խոստանալով ծանոթանալ դրան ու արտահայտել իր վերաբերմունքը:

 

ԷԼԻՏԱՐ ՀԱՐՍԱՆԻՔ
Այսօր հերթական էլիտար հարսանիքը տեղի կունենա: Ամուսնանում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղան եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աղջիկը: «Ժողովուրդ »-ին հայտնի դարձավ, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու «Ֆլորենսի» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

ՆԱԽԱՐԱՐ ՉԿԱ, ԲԱՅՑ ՆՈՏԱՐ ԿԱ
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աղջիկը` Աննա Աբրահամյանը, երեկ Արդարադատության նախարարությունում նոտարի որակավորման քննություն է հանձնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա քննությունը հաջող հանձնելուց հետո կնշանակվի նոտար: Այլ մանրամասներ առայժմ մեզ չհաջողվեց պարզել, քանի որ Հովիկ Աբրահամյանն ինչ տեղափոխվել է նոր աշխատանքի, դեռ մամուլի խոսնակ չունի:




Լրահոս