ՀՀԿ-Ի ԲԱԽՏԸ 5-6 ՀՈԳՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ն հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԱԺ 6 խմբակցություններից 5-ը այլեւս դեմ է իշխանությանը: ԱԺ ՕԵԿ խմբակցությունը երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի սկզբում եւս հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: Ու հիմա ստեղծված քաղաքական նոր իրավիճակում ՀՀԿ-ին, հատկապես խորհրդարանում բավականին ծանր օրեր են սպասվում:

ԱԺ-ում առաջին նախանշանները երեւացին երեկ, երբ պարզվեց, որ հինգ խմբակցություններն էլ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ պատրաստվում են բոյկոտել ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները: Արդյունքում՝ ողջ օրվա ընթացքում ՀՀԿ-ում խուճապային վիճակ էր. ՀՀԿ-ականներից մի քանիսը ԱԺ կանոնակարգը ձեռքերին, այս ու այնտեղ էին վազվզում, ինչ-որ մարդկանց զանգահարում, կարծիք հարցնում. կարճ ասած՝ ակտիվ քննարկումների մեջ էին՝ ի՞նչ անել, որպեսզի քվորումի բացակայության պատճառով հանձնաժողովի աշխատանքները չտապալվեն: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավիրած խորհրդակցությունն էլ ապարդյուն անցավ` ե՛ւ ՀԱԿ, ե՛ւ ԲՀԿ, ե՛ւ ՀՅԴ, ե՛ւ «Ժառանգություն» եւ անգամ ՕԵԿ խմբակցությունները հաստատակամ էին բոյկոտի հարցում: Դրանից հետո ՀՀԿ-ին այլ բան չէր մնում, քան դիմել կտրուկ քայլերի՝ կոպտորեն խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքը: Օրվա վերջում ՀՀԿ-ական 44 պատգամավորի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարվեց եւ փոփոխություններ կատարվեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձեւավորելու մասին ԱԺ որոշման մեջ: Ըստ այդմ, հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը 11-ից դարձավ 13, որտեղ միայն 7-ը՝ կեսից ավելին ՀՀԿ-ականներ են: Միայն թե, այս փոփոխությունն արվեց ԱԺ կանոնակարգը խախտելով. քանի որ, ԱԺ Կանոնակարգի 24-րդ հոդվածի համաձայն, հաշվիչ հանձնաժողովը ձեւավորվում է յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյային ու մինչեւ հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը այդ հանձնաժողովը պահպանում է իր լիազորությունները: Այս տարվա փետրվարի 3-ին արդեն ձեւավորվել էր հանձնաժողով, եւ այն պիտի իր լիազորությունները պահպաներ մինչեւ մայիսի վերջ:
ՀՀԿ-ի «տառապանքները», սակայն, դեռ առջեւում են. բանն այն է, որ իշխանական այս խմբակցությունն ունի 70 պատգամավոր, գումարած՝ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով մշտապես քվեարկել է ՀՀԿ-ի նման: ԱԺ կանոնակարգի համաձայն, ցանկացած օրենք կամ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի առնվազն 66 պատգամավոր մասնակցի քվեարկությանը՝ քվորում ապահովելու համար: Նախկինում քվորում ապահովողի դերում ՕԵԿ-ն էր: Բայց հիմա, երբ ՕԵԿ-ը հայտարարել է ընդդիմադիր լինելու մասին, արդեն վտանգված է իշխանական որոշումների ընդունումը: Պատահական չէ, որ իր վերջին ասուլիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ականների «երեսով էր տվել» կոալիցիայում իրենց դերն ու նշանակությունը՝ hիշեցնելով, որ «բազմաթիվ վիճահարույց քվեարկություններ կյանքի են կոչվել ՕԵԿ-ի քվեներով»:
Այսուհետ, ՀՀԿ-ն ստիպված է միայնակ ապահովել քվորում, իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ. թեեւ փաստացի ՀՀԿ-ն ունի 71 պատգամավոր, բայց գործնականում ոչ բոլորն են միաժամանակ մասնակցում նիստերին՝ քառօրյաների ժամանակ քիչ չեն դեպքերը, երբ նրանցից ոմանք կամ գործուղման մեջ են, կամ պարզապես բացակայում են հանրապետությունից, կամ էլ ուղղակի չեն գալիս նիստերին: Հիմա, եթե բացակայի 5-6 ՀՀԿ-ական` լինեն գործուղման մեջ, հիվանդանան եւ այլն, իշխանությունների «բանը բուրդ կլինի». հինգ խմբակցությունները, միահամուռ բոյկոտելով, կկարողանան պարզապես տապալել ՀՀԿ նախաձեռնությունները:
Ի դեպ, այս իրավիճակում փաստի առաջ կհայտնվեն նաեւ խորհրդարանական այն ուժերը, որոնք կմտածեն «խաղեր տալու մասին»: Եթե դահլիճում ՀՀԿ-ն չունենա 66 պատգամավոր (իսկ դա միանգամայն հավանական է), ապա ցանկացածի մասնակցությունը, անկախ նրանից՝ ինչպես կքվեարկի, պարզապես ցույց կտա, որ նա կատարում է իշխանությունների պատվերը եւ, մեղմ ասած, ազնիվ չէ ժողովրդի առաջ: Արդյունքում՝ այդ ուժը շատ արագ կվարկաբեկվի:
Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ ինչպե՞ս է ՀՀԿ-ն քվորում ապահովելու, եթե 6 խմբակցություններից հինգը դեմ է իրենց: «ԱԺ-ում քաղաքական բացարձակ մեծամասնություն ունենք, եւ որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե կլինեն գործուղումներ, մեր աշխատանքները կկազմակերպենք այդ տեսանկյունից ելնելով, այդ հանգամանքը հաշվի առնելով: Դրա համար մենք մեր աշխատանքները կկազմակերպենք ավելի կազմակերպված»,- ասաց Սահակյանը:
Հ.Գ. Ի դեպ, երեկ աշխատանքային օրվա ավարտին ԱԺ-ն սկսեց խորհրդարանի խոսնակի ընտրությունները. այս պաշտոնում առաջադրվել են Գալուստ Սահակյանն ու Հրանտ Բագրատյանը: Սկզբում «Ժառանգություն»-ն առաջադրել էր իր խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, ով հետո ինքնաբացարկ ներկայացրեց: ԱԺ 6 խմբակցություններից երկուսը՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, հայտարարել են ԱԺ նախագահի ընտրությունները բոյկոտելու մասին, Ռ.Հակոբյանի ինքնաբացարկից հետո հնարավոր է՝ այդ քայլին գնա նաեւ «Ժառանգություն»-ը: Իսկ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեռ վերջնական որոշում չեն կայացրել. չի բացառվում, որ նրանք եւս գնան այդ ճանապարհով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ
ԴԱՀԿ ՊԵՏԸ՝ ՊԵԿ ՆԱԽԱԳԱ՞Հ
Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացնում է նորանշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այդ ընթացքում նախարարության աշխատակիցները լարված սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Հավելենք, որ արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել նախկին նախարար Դավիթ Սարգսյանի մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մյուս աշխատակիցները նույնպես սպասողական եւ լարված վիճակում են: Նշենք, որ առաջիկայում հնարավոր է՝ ՊԵԿ-ից անջատվի հարկային ծառայությունը եւ ներառվի Ֆինանսների նախարարության կազմում: Իսկ առանձնացված Մաքսային ծառայության ղեկավար, ըստ շրջանառվող լուրերի` նշանակվելու է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը:

 

ԿԱՐՃԵԼ ԵՆ
ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է կարճել «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություններն` ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի դիմումի քննությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Բադեյանին հաջողվել է նիստի ժամանակ «համոզել», որ ինքը որեւէ նպատակ չի ունեցել նեղացնել եզդիներին ու իր արտահայտությունն էլ որեւէ վիրավորական տարր չի պարունակում: Ինչի համար էլ էթիկայի հանձնաժողովը որոշել է կարճել գործը: Armlur.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի անդամ Բորիս Թամոյանն անդրադառնալով հարցին՝ նշել էր. «Նամակով դիմել ենք բոլոր խմբակցություններին` իմանալու համար կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը: Բադեյանի ասածի շուրջ մենք համապատասխան գնահատական տվել ենք հենց նույն օրը, հետո դիմել ենք էթիկայի հանձնաժողով: Իսկ հետագայում, երբ կասեն, թե իրենք չեն խախտում ազգային փոքրամասնությունների իրավունքները, մենք էլ ապացույցներով ցույց կտանք, որ խախտում են»: Հիշեցնենք, որ Մ. Բադեյանը նաեւ վիրավորել էր լրագրողներին, ովքեր ստորագրահավաք էին կազմակերպել հանձնաժողով դիմելու համար: Ու քանի որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ն դիմել էր, լրագրողները սպասում էին դիմումի քննությանը, որպեսզի իրենք էլ դիմեին:

 

ՉԵՆ ԹՈՂՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը պլանավորել է նոր բիզնես սկսել: Նա պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել եւ մեզ հետ զրույցում հաստատելով լուրը նշեց. «Այդ մտադրությունը կա, որ այդ ուղին բացվի, բայց դա մենակ իմ անելիքը չէ, միջկառավարական շատ համաձայնագրեր պետք է լինեն: Երկուստեք՝ ե՛ւ հայկական կողմը, ե՛ւ Իրաքի կողմն այդ ցանկությունը հայտնել են»: Չվերթը իրականացնելու է Բադեյանին պատկանող «Եվրոստան ույուտ» ընկերությունը: Բայց ամեն ինչ չէ, որ Բադեյանի գործերում հաջող է ընթանում: Բանակցությունները դժվարանում են ՀՀ-ում նրա եւ եզդիական համայնքի միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Բանն այն է, որ միջադեպի մասին տեղեկացվել են Իրաքի եզդիները, չնայած Բադեյանը համոզում է բոլորին, որ ինքը եզդիներին վիրավորելու նպատակ չի ունեցել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀՍՏԱԿ ՉԷ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի փոխարեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակման հարցը դեռեւս քննարկման փուլում է: Մեր տեղեկություններով՝ դեռեւս Սերժ Սարգսյանը չի հստակեցրել Ա. Գրիգորյանի նշանակման հարցը, ու մարզպետին եւս հայտնի չէ, թե Ս. Սարգսյանն ինչ որոշում է կայացնելու:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆԸ
Armlur.am-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանին: Ս. Սարգսյանը շաբաթ օրը Ե. Զախարյանին «հրահանգել է» հավաքել իրերն ու պատրաստվել նախարարությունում աշխատելու: Ե. Զախարյանը սպասում է պաշտոնական նշանակմանը: Armlur.am-ին, սակայն, նա ասել է. «Դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես նման տեղեկություն չունեմ»:

 

ՉԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ
«Սերժ Սարգսյանը ինտրիգային բան է անում: Հին կադրերին բերում է, այդպիսով ասում է, թե ասում էիք՝ մեր ժամանակ լավ էր, հիմա բերել եմ ձեզ»,-Aravot.am-ի հարցին՝ շատերն այնպիսի տպավորություն ունեն, որ ՀՀ նոր կառավարությունը «Քոչարյանի կառավարությունն է», նման դիտարկում է արել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Անդրադառնալով Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին` ՆԺԿ ղեկավարն ասել է. «Ես Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանից չեմ տարանջատում: Գիտեմ, ինչքան փող ամենօրյա ռեժիմով ով ում հետ է կիսում, ուստի ինձ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են նրանք ուղղակի քաղաքական եւ տնտեսական հակասություններ ունենալ»:

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Նշենք, որ ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը. «Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում լուրջ ներուժ է ձեւավորվել, առկա են էական ձեռքբերումներ եւ պատրաստ եմ ներդնել բոլոր ջանքերը մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշել է վարչապետը:

 

ՎԵՐՋ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ՆԵՐԻՆ
Տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը «Քարֆուր»-ին է վաճառել իր` «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Առաջիկայում, ըստ ամենայնի, «սիթիների» փոխարին կտեսնենք «Քարֆուրի» մարկետները: Ընդ որում, Ալեքսանյանը միայն բիզնեսն է վաճառել, իսկ «Երեւան Սիթի» սուպերմարկետների տարածքները վարձակալությամբ է տվել: Ինքը` ԱԺ պատգամավորը, սակայն, «Առավոտ»-ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը:




Լրահոս