«ՍԽԱԼՄՈ՞ՒՆՔ», ԹԵ՞ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում կրակոցների «շքերթը» շարունակվում է: Եվ ինչպես գրեթե բոլոր դեպքերում, այս դեպքում էլ, ըստ տեղեկությունների, կրակոցների հեղինակը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցների ձեռքի գործն է:

Եվ այսպես, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ ժամը 21:30-ին, Գյումրիում հայտնի Բուլվարային թաղամասում, ավելի կոնկրետ՝ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց: Կրակոցների հետեւանքով մեջքից հրազենային վիրավորում էր ստացել Արտակ Անդրեասյանը, ում շտապ տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների` հրազենային վիրավորում ստացած Արտակը Գյումրիում իր հոր հետ միասին սեփական մեքենաներով տաքսու վարորդ են աշխատում:
Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցների հեղինակը եղել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմներից մեկը` Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդին` Արկադիկ Խաչատրյանը, ով մեկ այլ գործի շրջանակներում նախկինում դատապարտված է եղել եւ ընդամենը մեկ տարի է, ինչ ազատության մեջ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Ա. Խաչատրյանը պարտքի հետ կապված խնդիր է ունեցել Արտակի հետ: Վերջիններս չեն կարողացել հարթել խնդիրը եւ բանը հասել է կրակոցներին: Ըստ գյումրեցիների՝ կրակոցն անձամբ իրականացրել է Հրաչիկ Խաչատրյանի որդին, սակայն վերջիններս ամեն ինչ անում են, որ մեղքը «բարդեն» իրենց մտերիմներից մեկի «գլխին»: Իսկ պատճառն այն է, որ Հրաչիկ Խաչատրյանը եւ իր որդին մշտապես օգտվել են Արտակի եւ նրա հոր տաքսի ծառայությունից, սակայն հրաժարվել են գումար վճարել, ինչն էլ դարձել է միջադեպի պատճառը:
Դեպքից անմիջապես հետո, Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխած Արտակին շուրջ 3 ժամ վիրահատել են: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տուժողին վիրահատող բժիշկ Արթուր Սահակյանը: Ըստ նրա՝ Արտակի վիճակը միջին ծանր կայուն է. «Բարդացում չկա, հստակ չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ տղան կմնա վերակենդանացման բաժնում: Մի շարք գործողություններ ենք իրականացրել՝ վերքերի մշակումից սկսած»:
Իսկ ուշագրավը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արտակ Անդրեասյանի հորեղբոր` Հակոբ Անդրեասյանի՝ դեպքից ներկայացրած որոշ մանրամասներն են: Ըստ նրա՝ Արտակը հենց մեքենայից իջել է, անմիջապես հնչել են կրակոցներ. «Արտակն անգամ չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ով է իր ուղղությամբ կրակողը: Մենք շատ զարմացանք, երբ իմացանք դեպքի մասին: Արտակն ընդամենը նոր-նոր է ընտանիք կազմել: Երեք ամիս առաջ է ամուսնացել»,-ասաց հորեղբայրը` նշելով, որ տղայի ծնողներին երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունում են պահել եւ հարցաքննել:
Ըստ Հակոբ Անդրեասյանի` Արտակը դեռ չի խոսում, իրեն ուղղված հարցերին էլ չի կարողանում պատասխանել. «Վիճակը հաշվի առնելով, դեռ ոչինչ չենք հարցնում: Քիչ առաջ թույլ տվեցին մտա մոտը, գրկեցի, հազիվ ճանաչեց, ուր մնաց թե կարողանա խոսել»:
Մեր այն հարցին, թե ըստ տեղեկությունների՝ կրակոցների հեղինակը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ` Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդին է իրականացրել, իսկ պատճառը պարտքն է եղել, տուժողի հորեղբայրը պատասխանեց. «Այդ ամենն ընդամենը խոսակցություններ են: Արտակը պարտք, պահանջ չունի: Մենք անգամ կասկածներ չունենք, թե դա ով արած կլինի: Ես կարծում եմ, որ այդ կրակոցները Արտակի դեմ ուղղված չեն եղել: Այլ ուրիշներն են վիճել ու պատահական Արտակը հայտնվել է այդտեղ ու այդ կրակոցները կպել են նրան»:
Հակոբ Անդրեասյանը նաեւ նշեց, որ այս ընթացքում իրենք տղայի ընկերներից էլ են հետաքքրվել, թե կարող է Արտակը ինչ-որ մեկի հետ խնդիրներ է ունեցել, սակայն ընկերները եւս տեղյակ չեն, թե ինչը կարող էր լինել պատճառը: Իսկ առհասարակ, ըստ հորեղբոր, իր եղբոր որդին թշնամիներ չունի, ովքեր նրա մահը կցանկանային. «Կրկնում եմ, իմ կարծիքով՝ այս ամենը սխալմունք է եղել», -համոզված շեշտեց հորեղբայրը: Նշենք, որ երեկ, ողջ օրվա ընթացքում, ոստիկանությունում մի շարք անձինք են հարցաքննվել, ձերբակալվածներ առայժմ չկան:
Հ.Գ.-1. Տուժողի հորեղբոր «համոզվածությունը», թե Արտակը «պատահական» կրակոցի «զոհ» է, կրկին փաստում է այն հանգամանքը, որ մեր հասարակությունում դեռեւս ամուր է նստած հանցագործի նկատմամբ ցուցմունք չտալու մշակույթը, որն, ի դեպ, նշել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Գյումրիում անցկացված խորհրդակցության ժամանակ, եթե տուժողը պաշտպանի հանցագործին, հրաժարվի ցուցմունքներ տալուց, ինչպես է ոստիկանը օգնելու նրան:
Հ.Գ.-2. Նկատենք, որ տարօրինակ օրինաչափությամբ, Գյումրիում ցանկացած միջադեպ կապվում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան հետ: Ոնց պտտվում է «հանցավոր» անիվը, սլաքը կանգնում է նախկին քաղաքապետի կա՛մ հարազատների, կա՛մ մտերիմների ուղղությամբ: Իսկ թե որքանով այս միջադեպը կապ ունի նախկին քաղաքապետի հետ , թերեւս կպարզի ոստիկանությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՇԵՆՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԵՆ, ԵԹԵ…
«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները երեկ Կառավարության շենքի առջեւ կազմակերպած բողոք-ակցիայի ժամանակ դիմում են փոխանցել ՀՀ նախագահին եւ վարչապետին` պահանջելով ՀՀ Հարկային ծառայության 137 միլիոն ՀՀ դրամ անհիմն պահանջը վերացնել եւ կառավարության մակարդակով օգնել վերադարձնելու բնակարանները իրական տերերին: Հիշեցնենք, որ արդեն 4 տարի է` Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ձգձգվում է կոոպերատիվի քրեական գործով դատավարությունը: ՀՀ հարկային ծառայությունից Ռազմիկ Ավագյանը եւ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` հարկային ծառայության նախկին պաշտոնյա Դավիթ Բեգլարյանը, այս գործում անցնելով որպես վաշխառուներ եւ օգտագործելով բարձրաստիճան պաշտոնյայի իրենց դիրքերը, կոոպերատիվին 137 միլիոն դրամի պահանջ են ներկայացրել: Բնակիչների հավաստմամբ, սակայն, այդ պահանջն անհիմն է եւ վրեժխնդրություն՝ վերը նշված անձանց կողմից: Բողոքող բնակիչներից ոմանք ասացին, որ եթե իրենց խնդրին ընթացք չտրվի, ապա իրենք շենքը պայթեցնելու են: «Ես էդ շենքը տրաքացնելու եմ այլապես, ինչո՞ւ… իրավունք ունեմ եւ էդ իրավունքը կարամ ցույց տամ, թե ինչու ունեմ»,- ասաց բնակիչներից Ս. Բաբաջանյանը:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գյումրիի ծերերի տուն-ինտերնատի տնօրենի եւ բնակիչներից մեկի` 54-ամյա Գագիկի միջեւ սննդի հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Գագիկն ինքնասպանության փորձ էր կատարել: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, ոստիկանությունում հարցաքննել են տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանին, ով «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր եւ Գագիկի վեճը սնունդից չի առաջացել. «Գագիկը տուն-ինտերնատի աշխատակիցներին անվայել խոսքեր էր ասել, ես անմիջապես բարձրացել եմ նրա մոտ ու ասել՝ չի կարելի նման բան անել: Դրանից հետո բոլորին ասել եմ՝ գնացեք ձեր սենյակները, իսկ 10 րոպե չանցած 911-ից ասացին, որ ձեր տուն- ինտերնատի կտուրին մարդ կա: Տեսանք, որ Գագիկը բազրիքի վրա է նստել, զանգահարեցինք ոստիկանություն ու Գագիկին իջեցրեցինք»,- ասաց տնօրենը` հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, որ Գագիկը նման բան է անում:

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՉԼՍԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, դատավոր Արթուր Սմբատյանն ՀՀ արդարադատության խորհրդի կողմից իրեն հայտարարված նախազգուշացման վերաբերյալ ասաց. «Իմ վարույթում 560 հատ գործ կա ու բոլորը իդեալական քննել պարզապես ի վիճակի չեմ լինի: Մի դատական գործի հետ կապված համարել են, որ ես սխալ եմ թույլ տվել: Արդարադատության նախարարությանը եւ խորհրդին իմ գրավոր առարկութուններն եմ ներկայացրել, չեմ կարծում, որ կոպիտ սխալ էի գործել, որ վարույթ հարուցեին»:

 

 

 
ԲԼԹ

«Ապագայում, եթե դու կունենաս նորից 500 հազար թոշակառուներ, որոնք կդառնան իրենց թոշակներով հասարակության սոցիալապես մի մաս, որը չի ենթադրում, որ մենք ինչ-որ տեղ կարող ենք ավելի արժեքավոր խնդիրներ լուծած հասարակություն ունենալու պահանջներ կայացնել հետագայում»:

Գալուստ Սահակյան

Սա նույնիսկ մեկ նախադասություն էլ չէ, այլ հատված է նախադասությունից, որն արտաբերել է այն մարդը, ով պատրաստվում է դառնալ ԱԺ նախագահ: Հիմա մի քանի ապարդյուն փորձեր անենք հասկանալու, թե ինչ է ասում Գալուստ Սահակյանը: Կարծես թե ոչ մի կերպ չի ստացվում: Սա այն դեպքն է, երբ կարիք կա դիմելու կոդավորված խոսքի գաղտնազերծման գծով մասնագետների: Եվ այս մարդը պետք է ղեկավարի մեր խորհրդարանը, նիստեր վարի, մարդկանց կարգի հրավիրի: Ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե, օրինակ, ինչպես է Գ. Սահակյանը սաստելու պատգամավորների ծիծաղի պոռթկումները, որ կառաջանան իր խոսքերից հետո:

 

 

 
«Մենք քառյակի նախորդ նիստում որոշեցինք, որ, ԱԺ նախագահի հետ կապված, պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ, եւ երկուշաբթի կփորձենք ստանալ այդ դիրքորոշումը»:

Աղվան Վարդանյան Yerkir.am

Դե քառյակի մոտ շատ էլ լավ ստացվում է միասնական դիրքորոշմամբ հանդես գալ, միայն թե դեռ այնքան էլ պարզ չէ, թե ում օգտին են այդ ելույթները: Նախորդ անգամ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ վարչապետի փոփոխության նախաձեռնությամբ էին հանդես եկել, եւ արդյունքում վարչապետ դարձավ Հ. Աբրահամյանը, ինչը քառյակը համարեց իր ձեռքբերումը, միգուցե նույնիսկ հավատաց դրան: Իսկ «ձեռքբերման» շարունակությունը դարձավ Գ. Սահակյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու դառնալը: Հիմա, ՀՅԴ-ական պատգամավորի հավաստմամբ, նոր միասնական դիրքորոշմամբ են հանդես գալու: Հետաքրքիր է՝ ինչ սյուրպրիզ են պատրաստել այս անգամ:

 

 

 

 

«Գալուստ Սահակյանն արժանավոր է, մի բան էլ ավելի»:

Արտաշես Գեղամյան Yerkir.am

«Ասա՝ ով է քեզ գովում, ասեմ՝ ով ես դու» անալոգիան կիրառելով տեսնում ենք, որ այն պահից, երբ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախկինում ծայրահեղ ընդդիմադիր եւ ՀՀԿ-ին ամենաշատը սուր քննադատության ենթարկած Ա. Գեղամյանը մտել է ՀՀԿ, նրա համար բոլոր ՀՀԿ-ականները դարձան արժանավոր, քանզի ՀՀԿ-ի շնորհիվ մարդը պատգամավոր դարձավ, հարստացավ, գրքեր հրատարակեց, գտավ իր տեղը «երաժշտական նվագախմբում»: Եվ այդ ամենը նա ստացավ «արժանավորների» շնորհիվ, իսկ արժանավոր ՀՀԿ-ականների մեջ էլ կան ավելի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես Գ. Սահակյանը, որոնք մի բան էլ ավելի են:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս