ԱԳՆ մամուլի խոսնակը Facebook-ում «ստատուս» գրելը բարձր տեխնոլոգիա է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական իշխանությունների գործելաոճը, ինչպես հաճախ, այսօր նույնպես, մարդկային տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում: Հարևան հանրապետությունը գիշերն ինտենսիվորեն խախտել է հրադարարի ռեժիմը, բայց ինչպես քիչ առաջ Բաքվի առաջատար կայքերից մեկն է հաղորդել, անսպասելիորեն ազատ է արձակել դեռևս 2010 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ընտանիքին:

Որպես կանոն` հարևան հանրապետությունը մարդասիրության անշահախնդիր գործողություններով աչքի չի ընկնում, և այս լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապվել ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Վերջինս զարմանալիորեն պատասխանեց մեր հեռախոսազանգին, ապա հորդորեց հարցն ուղղել գրավոր: Խնդրանքը` այնուամենայնիվ լսելու մեր հարցը, նա չմերժեց, բայց իր «բարձր դիրքից» մեզ ուղղորդեց դեպի ֆեյսբուք սոցիալական ցանց՝ ավելի կոնկրետ դեպքի մասին իր գրառումը՝ միաժամանակ հարցնելով՝ դուք ժամանակակից տեխնոլոգիաներին ծանո՞թ եք:

Հետաքրքիր է, որ նման պատասխանատու կառույցի մամուլի խոսնակը սոցցանցերում «ստատուս» գրելը բարձր տեխնոլոգիա է համարում: Մինչդեռ, պետական միջոցների հաշվին մեր հարկատուները ԱԳՆ և համապատասխան մամուլի ծառայություն են պահում և աշխատավարձ վճարում գոնե նման իրավիճակներում պաշտոնական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով: Ավելին` Տիգրան Բալայանը, երևի թե, չգիտի, որ նույն պրոֆիլով սոցցանցերում տասնյակ էջեր կարող է բացել ցանկացած ոք: Այսինքն` սոցցանցերը ոչ պակաս ապատեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ: Բացի այդ, եթե նման պարզաբանումները տեղ գտնեն այնտեղ, որտեղ նախատեսված է, հնարավոր կլինի ԱԳՆ պաշտոնական կայքէջը դուրս բերել կիսամեռ վիճակից ու ավելի լուրջ վերաբերմունքի արժանանալ գոնե լրատվամիջոցների կողմից:

ՀԳ. Լուրը թողարկելու պահին ԱԳ նախարարության կայքում, այնուամենայնիվ, ոչինչ տեղադրված չէր վերոնշյալ դեպքի մասին, իսկ Facebook սոցիալական ցանցում ամիսներ առաջ իմ կողմից ուղարկված ընկերության առաջարկը Տ. Բալայանը չի ընդունել, հետևաբար նրա գրառումը անմատչելի է, եթե, իհարկե, կա:

Տաթև Հարությունյան




Լրահոս