Հուլիսի 22-ից 27-ը Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք-2014» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հայսուպերսթար-5» Սոնա Ռուբենյանը: Մոսկվայում տեղի ունեցած կիսաեզրափակչին երգչուհին ներկայացել է Փինքի երգացանկից «Try», Յուլիա Սավիչեւայի «Прости за любовь», Անուշիկ Ալավերդյանի «Երեւի սիրում եմ», Ռիհաննայի երգացանկից «Man Down» եւ իր երգացանկից «Իրական պատրանք» երգերով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ երգում է հինգ տարեկանից, իսկ Կոնսերվատորիայի ջազ դաշնամուրային բաժնի երկրորդ կուրսում սովորելիս որոշել է մասնակցել «Հայսուպերսթար» նախագծին։
-Մասնակցեցի եւ հաղթեցի թե՛ այդ, թե՛ «Շանթ» հեռուստաընկերության մեկ այլ՝ «Պրեմիերա» նախագծում։ Վերջերս էլ նույն հեռուստաընկերությունից առաջարկ ստացա մասնակցել «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի նախընտրական փուլին։ Մոսկվայում Հայաստանը ներկայացնում էինք ես, Իվետա Մուկուչյանը, Լենա Ղազարյանը, Վալերի Մայրումյանը եւ տեղաբնակ մի աղջիկ։ Առաջին օրը բոլորս երգեցինք, ու երկրորդ փուլ անցանք ես, Լենա Ղազարյանը եւ Վալերի Մայրումյանը։ Երկրորդ օրվա արդյունքներով ժյուրին երեքից ընտրեց ինձ։
-Բայց ինչո՞ւ էր նախնական փուլն անցնում Մոսկվայում, եթե պետք է ընտրվեր «Նոր ալիք»-ի Հայաստանի ներկայացուցիչը։
-Միայն այս տարի էր այսպես, իսկ մինչ այդ նախընտրական առաջին փուլը եղել է Հայաստանում, երկրորդը՝ Մոսկվայում։ Այս տարի կանոնները փոխվեցին, որովհետեւ «Շանթ»-ը մրցույթը հեռարձակելու իրավունք ստացավ։ Եվ նախընտրական փուլն ու կիսաեզրափակիչը մեկ օրվա տարբերությամբ անցան Մոսկվայում։
-Երգել եք, մասնակցել տարբեր մրցույթների։ Բացի ճանաչում ձեռք բերելը, Ձեզ այլ բան տվե՞լ են այդ մրցույթները, ասենք, պրոֆեսիոնալիզմի, վոկալը կատարելագործելու, մասնագիտական առումներով։
-Եթե «Շանթ» հեռուստաընկերության մրցույթները չլինեին, ես այնուհետեւ չէի կարողանա մասնակցել «Նոր ալիք» մրցույթին։ Ընդհանրապես նման կարգի լուրջ միջազգային մրցույթի մասնակցելու համար փորձ է անհրաժեշտ. պետք է այդ մրցութային մթնոլորտը, կյանքը, ամեն ինչը վերապրես, հասկանաս՝ ինչպես է լինում, ինչ երգեր են պետք երգել։ Նման փորձի բացակայության դեպքում գուցե կմասնակցես լուրջ մրցույթի, բայց հաջողություն չես կարող ակնկալել։
-Դուք լավ վոկալային տվյալներ ունեք, բայց մտավախություն չունե՞ք, որ հետագայում կմտնեք, այսպես կոչված, 6/8-ի, ռաբիսի դաշտ։ Թե՞ կփորձեք զերծ մնալ դրանից։
-Ես շատ եմ ասել այն մասին, որ զերծ եմ մնում եւ զերծ եմ մնալու Ձեր նշած դաշտ մտնելու գայթակղությունից, որովհետեւ դա իմը չէ, իմ ոճը չէ։ Ներաշխարհս այնպիսին է, որ չեմ կարող դա անել, ճաշակս դա թույլ չի տա։ Սովորաբար երգում են թե՛ նրանք, ովքեր իսկապես սիրում են երգ-երաժշտությունը, առանց դրա չեն պատկերացնում իրենց կյանքը, թե՛ նրանք, ովքեր ցանկանում են ֆինանսական խնդիրներ լուծել։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին. մարդիկ ընտանիք են պահում։ Բայց եթե նույնիսկ ֆինանսական խնդիրներ էլ ունենամ, միեւնույն է, դա հոգեպես ինձ օտար է, եւ ես ստիպողաբար ոչինչ չեմ անի։
-Ովքե՞ր են Ձեր սիրած հեղինակները։
-Դասականներից մինչեւ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Արթուր Գրիգորյան…
-Ո՞ւմ երգերն եք ավելի մեծ հաճույքով երգում։
-Երգել եմ Ռուբեն Հախվերդյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արթուր Գրիգորյանի երգերը, վերջերս երգեցի Երվանդ Երզնկյանի երգերից՝ ֆրանսերեն…
-Ձեր թույլտվությամբ` մտնենք անձնական դաշտ։ Ձեր ընտանիքը մե՞ծ է։
-Ունեմ քույր, եղբայր, ծնողներ, մայրս բանասեր է, իր համար ստեղծագործում է, բայց շատ լավ է ստացվում, համոզում ենք, որ գիրք տպագրի։ Ի դեպ, «Նոր ալիք»-ի առաջին փուլի իմ երգի բառերը հենց մայրս է գրել։
-Իսկ ավելի նեղ անձնականում ի՞նչ կա. սիրած տղա, ընկեր ունե՞ք։
-Դեռ վաղ է այդ մասին խոսել, որովհետեւ շատ գործեր ունեմ։ Որքան էլ ասեն, թե անձնականը չի խանգարում կարիերային, իրականում այդպես չէ. դրանք, ամեն դեպքում, զուգահեռ չեն կարող ընթանալ։ Արդեն որոշակի ճանապարհ անցնելուց, որոշակի ստեղծագործական պատմություն ունենալուց հետո կփորձեմ աձնական կյանք կառուցել։
Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԽԱՉՔԱՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Երեւանի քույր քաղաք Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջեւ բարեկամության, խաչքար է տեղադրվել: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երեւանի պատվիրակության անդամները: Միջոցառմանը մասնակցել են նաեւ հարակից մի քանի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաեւ՝ Անդրանիկ Օզանյանի թոռնուհին: Ի դեպ, Պլեսի Ռոբինսոնն աշխարհի այն եզակի քաղաքներից մեկն է, որի քաղաքապետարանի առջեւ մշտապես ծածանվելու են Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները:
ԳԻՐԻ ՆՈՐ ՍԵՐԸ
64-ամյա հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրը նոր սեր է գտել` 43-ամյա հնդիկ դերասանուհի Պադմա Լաքշմինը: Գիրն առաջին տղամարդն է, ում հետ Պադման հանդիպում է սիրեցյալի՝ Թեոդոր Ֆորսթմանի մահից հետո (2011թ.): Զույգը շատ ժամանակ է միասին անցկացնում: Ի դեպ, Լաքշմին ամուսնացած է եղել հայտնի գրող Սալման Ռուշդի հետ: Ինչ վերաբերում է Գիրին, ապա հիշեցնենք, որ վերջինս մեկ տարի առաջ կնոջից ամուսնալուծվելուց հետո միայնակ է: Ավելի վաղ դերասանն ամուսնացած է եղել նաեւ ֆոտոմոդել Սինդի Քրոուֆորդի հետ:
«ՄԻՍՍ ԳԻՐՈՒԿ-2014»
Պարագվայում, որտեղ բնակչության 57 տոկոսը տապառում է ավելորդ քաշից, անցկացվել է «Միսս գիրուկ-2014» գեղեցկության մրցույթը, որը կազմակերպել են՝ գեր կանանց ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով: Մրցույթի եզրափակչին մասնակցել է 15 կին, որոնց քաշը գերազանցում է 100 կիլոգրամը: Թագի տիրուհին դարձել է երաժշտության 24-ամյա ուսուցչուհի Մոնսերատ Մոնխեսը:
ՄԱՀԱՑԵԼ Է Ս. ՑՎԵՅԳԸ
81 տարեկան հասակում մահացել է գերմանացի գրող Ստեֆան Ցվեյգը, ում զարմիկը տեղեկացրել է, որ նա մահացել է կարճատեւ, բայց լուրջ հիվանդությունից հետո: Գրողին համաշխարհային ճանաչում է բերել «Ոչ մի տեղ Աֆրիկայում» կենսագրական վեպը, որը պատմում է ֆաշիստական Գերմանիայից փախուստից հետո Քենիայում իր եւ ընտանիքի կյանքի մասին: Ի դեպ, Ցվեյգը հրեական ծագում ունի: