Անընդունելի է կուսակցության փոխնախագահի վրա հարձակումը, և պահանջում ենք խստագույնս պատժել: Ոստիկանությունը պետք է անհապաղ բոլոր տեսակի միջոցները ձեռք առնի կասկածները փարատելու համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստին, այս մասին նշեց «Ժառանգության» դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Արամ Մանուկյանը Եռյակի հանրահավաքներից մեկում հայհոյել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արդյոք սա հայհոյանքի արձագանքներ էր, նա նշեց. «Ես չէի ցանկանա ենթադրել, որ Հայաստանում կարող է լինել նախագահ, ով կհանձնարարի ընդդիմադիրներին ծեծի ենթարկել»,- ընդգծեց Արզումանյանը:
«Դատապարտելի է նման դրսևորումը՝ ակնհայտորեն ուղղված քաղաքական գործչի նկատմամբ: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է շատ արագ բացահայտեն, որպեսզի երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտն էլ ավելի չխորանա»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Խոսելով նաև Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի այն հայտարարության մասին, թե «ով Սերժ Սարգսյանին հայհոյի, նա շան թուլի պես ականջները կկտրի», Մինասյանն ասաց.
«Ես դժվարանում եմ հստակ ասել, թե ինչ է ասվել, բայց եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է՝ անկախ այն բանից՝ հանրապետության նախագահի հետ ինչ հարաբերությունների մեջ է, իրավունք չունի հրապարակավ նման հայտարարություն անել»: