ՆՈՐԱԹՈԻԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԽՂՃԻ ՄՏՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ պատգամավոր, ՀԺԱՄ կուսակցության նախկին ղեկավար Վահրամ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շարունակելու է ղեկավարել «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը` հասարակական հիմունքներով: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) իր քաղաքական գործունեության հետ որեւէ առընչություն չունի եւ ինքն անկախ պատգամավոր է:

-Պարոն Մկրտչյան, ինչ ծրագրերով եք եկել խորհրդարան, ի՞նչ եք ցանկանում փոխել օրենսդիր դաշտում:
-Ես ընդգրկված եմ եղել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, հերթն էլ հասել է ինձ` եկել եմ։ Բնականաբար, եթե ընդգրկվել եմ այդ ցուցակում՝ ունեմ քաղաքական նպատակներ, թիմային մտածելակերպ կա, ու եկել եմ այդ նպատակները իրականացնելու: Ցանկանում եմ՝ իմ գործունեությամբ նպաստել երկրի բարեգործությանն ու զարգացմանը: Ես կողմնակից եմ, որ համագործակցային լայն դաշտ ստեղծվի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ խորհրդարանում եւ ամեն ինչ կառուցվի սիրո եւ համագործակցության վրա:
-Այսօր օրենսդրական դաշտում Ձեզ համար ի՞նչ գերխնդիր եք տեսնում, որը պատրաստվում եք լուծել:
-Այդպես մտնել օրենքի տառի մեջ` այս պահին պատրաստ չեմ, որովհետեւ պետք է աշխատենք, փորձագիտական խումբ ունենք, հետագայում կառաջարկենք:
-Այս տարիների ընթացքում Դուք շատ պասիվ քաղաքականություն էիք վարում ու հիմնականում զբաղվում էիք «Բարեպաշտ սերունդ» բարեգործական հիմնադրամի աշխատանքներով: Այժմ ինչպե՞ս եք համատեղելու այդ աշխատանքները:
-«Բարեպաշտ սերունդ»-ի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է` հայտնի գործարար, որը հիմնադրամը հիմնել է 2007 թվականին. նպատակը բարեպաշտ եւ նորարարական ոգով օժտված ուսանողներին աջակցելն է` կրթաթոշակների եւ ուսման վարձերով: Ես տնօրենն եմ ու աշխատում եմ հասարակական հիմունքներով, ու առ այսօր շարունակում եմ զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ դա չի հակասում ԱԺ կանոնակարգին:
-Գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) ի՞նչ դերակատարություն է ունեցել Ձեր` պատգամավոր դառնալու գործում:
-Պարոն Բեգլարյանը շատ բարեպաշտ անձնավորություն է ու ես շատ կցանկանայի, որ այն արժեքները, որոնք կրում է պարոն Բեգլարյանը, կրեին նաեւ մեր մյուս մեծահարուստները: Ես այստեղ եմ ՀԺԱՄ-ի եւ ՀՀԿ-ի համագործակցության արդյունքում: 2012թ. առաջարկություն է եղել, եւ քանի որ մենք միշտ համագործակցել ենք ՀՀԿ-ի հետ տարբեր հարցերում, մենք որոշել ենք միավորման գործընթաց սկսել ու այդ միավորման արդյունքում ես ընդգրկվել եմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի մեջ:
-Ձեր քաղաքական գործունեության «կնքահայրը» համարվում է Բ. Բեգլարյանը…
-Ներողություն եմ խնդրում… ՀՀԿ-ի ղեկավարության հետ որեւէ քաղաքական պայմանավորվածություն չի եղել, այլապես ես համամասնական ցուցակում119-րդը չէի լինի, այլ կլինեի մեկ այլ տեղում: Եթե լոբբինգների եւ ամեն գնով ԱԺ-ում հայտնվելու խնդիր լիներ դրված, ես հենց սկզբից կլինեի ցուցակում: Սա զուտ մեր համագործակցության արդյունքն է: Կոռեկտ չէ այն ձեւակերպումը, թե Բ. Բեգլարյանը քաղաքական «կնքահայր» է:
-Իսկ Դուք ԱԺ-ում չեք լինելո՞ւ Բ. Բեգլարյանի «կոճակ սեղմողի» դերում, արդյո՞ք Ձեր քվեարկությունների վրա լուրջ ազդեցություն չի ունենալու Բ. Բեգլարյանը:
-Դուք փորձում եք պրովոկացիոն հարցեր ուղղել, բայց ես մի բան կասեմ. պատգամավորը հրամայական որեւէ բանով օժտված չէ, պատգամավորը քվեարկում է իր խղճի մտոք եւ ի շահ իր ժողովրդի: Ոչ մի բան ինձ չի կաշկանդում, եթե մի հարցի շուրջ ես տեսնեմ պետականության դեմ քայլ, ես դրան դեմ հանդես կգամ:
-Իսկ քվեարկություններից առաջ չե՞ք խորհրդակցելու Բ. Բեգլարյանի հետ:
-Ես արդեն պատասխանեցի, իսկ դուք հարցնում եք` ես կխորհրդակցեմ, թե ոչ, ինչու եք պրովոկացիոն հարցեր տալիս: Եթե ես պաշտոնավարում եմ բարեգործական մի հիմնադրամում, որտեղ կարող է վաղը չպաշտոնավարեմ, մի՞թե դա ձեզ իրավունք է տալիս նման բան ասել, թե ես ում շահերն եմ պաշտպանելու: Ես պաշտպանում եմ ժողովրդի շահերը: Եթե ես աշխատում եմ մի հիմնադրամում, որի ղեկավարը Բ. Բեգլարյանն է, ո՞ւմ կողքին ես պետք է լինեի: Կոռեկտ չէ մարդուն կապել ենթակայության հիմունքներով, մանավանդ որ ես ունեմ 20 տարվա քաղաքական փորձառություն, բավականին դժվարին քաղաքական ուղի եմ անցել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ՇՔԵՂՈՒԹՅԱՆ» ՀԱՐԿԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ
Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քվեարկության կդնի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 60 հազար ԱՄՆ դոլոր արժողության մեքենաների ներկրման դեպքում վերացնել գործող «շքեղության» հարկը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակների խոսքով՝ պակասել է թանկարժեք մեքենաների ներմուծումը, քանի որ հարկատեսակը բարդություն է առաջացնում ներմուծողի համար: Ընդդիմադիր ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունները քննադատության ենթարկեցին օրենսդրական այս նախաձեռնությունը` պնդելով, որ սա ապազգային նախագիծ է: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը նման քննադատության արժանացրեց նախագիծը` հիմնական զեկուցող Վարդան Այվազյանն ասաց. «Ցանկացած լավ գաղափար կարող են երկու վայրկյանում դարձնել զիբիլ: Թող ասեն՝ անտեղի է, բայց ոչ թե ասեն՝ հակապետական է»: Նշենք, որ օրենսդրական այս փոփոխությունից կօգտվեն այն մարդիկ, ովքեր նախկինում էլ զբաղվել են թանկարժեք մեքենաների ներկրմամբ, իսկ այդպիսիք շատ չեն: Այս օրենքի ընդունումից հետո Հայաստան կներմուծվեն ահռելի քանակությամբ թանկարժեք մեքենաներ, որոնք հնարավոր կլինի իրացնել ռուսական շուկայում: Թեեւ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` հետ կանգնեն իրենց առաջարկից. «Սա կառավարության հետ կապ չունեցող օրենք է, օրենսդրական նախաձեռնություն է, որին միացել են պատգամավորներ, այլընտրանքից էլ կա, իշխանությունից էլ: Դուրները չի գա կհանենք»,- ասաց պատգամավորը:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

ՆԱԽԱՐԱՐ` ԲԱՅՑ Ո՞Ր ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ դադարեցվելու են Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն որոշում կա Ա. Գրիգորյանին նախարար նշանակելու հարցում: Սակայն դեռեւս հստակեցված չէ, թե Ա. Գրիգորյանը որ գերատեսչությունում է նախարար նշանակվելու: Ի սկզբանե որոշում է եղել նրան նշանակել ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի փոխարեն, սակայն Ա. Գրիգորյանը չի ցանկանում նման պատասխանատվություն վերցնել այս պահին, քանի որ նախարարությունում շատ լուրջ խնդիրներ են առկա: Մարզպետը պարզել է, որ նախարարությունում այս տարիների ընթացքում Ա. Հարությունյանն իսկական խառնաշփոթ է ստեղծել եւ ցանկություն է հայտնել զբաղեցնել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, քանի որ այդ գերատեսչությունից կարող է «գլուխ» հանել:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆ՝ ԱՊԱՑՈՒՅՑ
ԱԺ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկված էր երեք քվեաթերթիկ: Մեկը, բնականաբար, անձամբ Հրանտ Բագրատյանն է իրեն քվեարկել, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ երրորդը` Ալեքսանդր Արզումանյանը, ով նաեւ լուսանկարել էր իր քվեաթերթիկը եւ ցույց էր տալիս լրագրողներին: Քվեաթերթիկի լուսանկարելը ուսանելի է այն առումով, որ ԱԺ նախագահի ընտրությունից հետո քվեարկությանը մասնակցած ԲՀԿ-ականները, դասը վատ սերտած աշակերտի նման մոտենում էին Հրանտ Բագրատյանին եւ ասում, որ իր օգտին են քվեարկել, բայց ՀՀԿ-ն կեղծել է իրենց ձայները: Սակայն, մի «լուսանկարն» ինչ էր, որ այդպես էլ ԲՀԿ-ականները չկարողացան ցույց տալ:

 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Armlur.am-ին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները կարծես թե մոտենում են «տրամաբանական» ավարտին: Չի բացառվում` նախարար նշանակվի Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի մյուս որդին՝ Գրիգոր Մինասյանը: Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Երեւանի ավագանու անդամ է, «AM» իրավաբանական ընկերության ղեկավարը: Գ. Մինասյանը վերջերս սկսել էր ակտիվ հանդես գալ մամուլով` հնչեցնելով «ընդդիմադիր» տեսակետներ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կհեռացվի պաշտոնից թերեւս երկու պատճառով. նրա աշխատանքից դժգոհ է ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

ԾՊՏՅԱԼ ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ
Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ ե՛ւ կուսակցությունում, ե՛ւ պաշտոնում: Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում անցկացվող` ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին: «Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձեց ճշտել, թե դո՞ւրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,-ասաց փոխնախարարը, ապա նշեց, որ նախարարությունում կա լրատվության բաժին: Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում:

 

«ԼՈՒԲՐԱՆՈ» ԼՈՔՅԱՆԸ
Հովիկ Աբրահամյանի թիմակիցները կարծես թե չեն շտապում «հեռանալ» խորհրդարանից: Նշենք, որ 2012 թվականին, երբ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները ցուցադրաբար հրաժարականի դիմումներ գրեցին ու աշխատանքից դուրս եկան: Սակայն Հ. Աբրահամյանի` վարչապետ նշանակվելուց հետո, նրա թիմակիցները շարունակում են աշխատել ԱԺ-ում: «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանից պարզել, թե ինչ որոշում է կայացրել նա եւ արդյոք պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Մեր զրուցակիցը նշեց, որ շուտով ինքն այլեւս ԱԺ-ում չի աշխատելու, բայց դեռեւս հայտնի չէ, թե ինչ աշխատանքի է անցնելու:Հավանաբար, վերջինս այնպիսի աշխատանքի կանցնի, որ աշխատավայրը մոտ լինի Օպերայի հարեւանությամբ գործող սեփական «Լուբրանո» ռեստորանին` ընդմիջում անելու համար:

 

ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է պետական միջոցներով կառուցել ու տեղադրել հայտնի գրող, վաղամեռիկ Լեւոն Խեչոյանի մահարձանը, բարեկարգել նրա գերեզմանը: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կառավարությունից այդ նպատակով խնդրում է 2.2 մլն դրամ:




Լրահոս