ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՆՔ ԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 36-րդ նիստում ընդունել է բանաձեւ, համաձայն որի՝ սկսած 2012 թվականից, ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: Բնականաբար, այդ օրը կնշվի նաեւ Հայաստանում, որը հարուստ ջազային ավանդույթներ ունի: Թեեւ «Չիկոն եւ ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանը (Չիկո) մեզ խնդրեց, որպեսզի հայկական ջազ արտահայտությունը չօգտագործենք, որովհետեւ նման բան չկա։

«Հայկական բառը տվյալ դեպքում նեղացնում է մեր տեսադաշտը եւ ամբողջ պատկերը` հայաստանյան ջազի վերաբերյալ, որովհետեւ «հայկական ջազ» ասելով մարդիկ անպայման հայկական ելեւէջներ են պատկերացնում, զուռնա-դհոլ, դուդուկ։ Բայց դա այլ ոճի երաժշտություն է, որը կարելի է, որոշ ճշտությամբ, անվանել կա՛մ էթնո ջազ, կա՛մ ժամանակակից ավանգարդ ֆոլք»,-համոզված է արվեստի վաստակավոր գործիչը։ Ըստ նրա՝ ջազն ունի իր կանոնները, եւ Հայաստանում կան հրաշալի երաժիշտներ, ովքեր ե՛ւ դասական ջազ են նվագում, ե՛ւ քարոզում են այն: «Հայ երաժիշտը կարող է, ասենք թե, Շտրաուս, Շոպեն, Բախ, Չայկովսկի, Բեթհովեն նվագել, բայց դա հո չե՞նք անվանում հայկական դասական երաժշտություն։ Մենք ունենք մեր հայկական դասական երաժշտությունը։ Երբ հայ երաժիշտը ցույց է տալիս իր առնչությունը համաշխարհայինի հետ, դա ավելի արժեքավոր է, քան երբ նա զուռնա-դուդուկով նստում եւ ասում է՝ ես ջազ եմ նվագում։ Ու բոլոր ջազ չիմացողները լսում են ու մտածում. «Եթե սա է ջազը, ուրեմն մենք մանուկ հասակում մեր գյուղերում դա լսել ենք»։ Գոյություն ունի ջազային դասական նվագացանկ, որին վարպետորեն տիրապետում են հայաստանցի տարբեր երաժիշտներ»։
Մեր զրուցակիցն արդեն քանի տասնամյակ նվագում է, 2009թ-ից նաեւ Վահագն Հայրապետյանի եռյակի եւ քառյակի թմբկահարն է։ Իսկ վերջին 30 տարիների ընթացքում ոչ միայն նվագում, այլ նաեւ դասավանդում է Կոնսերվատորիայում (երեք առարկաների ուսուցումը տարվում է իր իսկ կազմած ծրագրերով), մի քանի տարի առաջ հեղինակել է առաջին դասագիրքը, որը կոչվում է «Ռիթմ եւ շարժում»։ Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Ջազը Հայաստանում», որտեղ մանրամասն նկարագրված են հայաստանյան ջազի 75 տարիները։
Բացի այդ, պրոֆեսոր Արմեն Թութունջյանը պրոպագանդում է ջազը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։ Շուտով կլրանա նրա` «Ջազի ժամ» հաղորդաշարի 16 տարին, հեռուստատեսային հաղորդաշարերի 600-ից ավելի ծրագրեր են ներկայացրել։ Մեր զրուցակիցը շատ լավ ծանոթ է ջազի պատմությանը եւ, բնական է, ունի այն հարցի պատասխանը, թե ինչու հարեւան երկրներում, ինչպես նաեւ, օրինակ՝ Ուզբեկստանում, Թաթարստանում, Թուրքմենստանում եւ այլուր ջազը զարգացած չէ. «Չէի ասի, որ վրացիների ջազը ինչ-որ մակարդակ ունի, Բաքվի ամենահզոր ջազմեններն էլ հայեր են եղել։ Մեզ մոտ այն զարգացած է, որովհետեւ նախ՝ կան ընդհանրություններ մեր հայկական երաժշտական ավանդույթների եւ ջազի տարրերի միջեւ։ Եվ երկրորդը, որը շատ ավելի կարեւոր է, մեր ժողովրդի երաժշտական մշակույթի զարգացած լինելն է։ Մենք բարձր երաժշտական մշակույթ ենք կրում, ուրեմն նաեւ ի վիճակի ենք ընկալելու այլ երաժշտական մշակույթներ»։
Ջազմենի գնահատմամբ` եթե առաջ չգիտեին Հայաստանի տեղը, ապա հիմա Երեւանը ջազի համաշխարհային քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի` տարբեր երաժիշտների հաջողությունների շնորհիվ։ «Ամենախոշոր հաջողությունը 2006-ին էր, երբ Տիգրան Համասյանը հաղթեց շատ լուրջ մրցույթում: Տաթեւիկ Հովհաննիսյանին, Վահագն Հայրապետյանին են շատ լավ ճանաչում: Նա, ի դեպ, ապահովում է նաեւ Երեւան-Նյու Յորք կապերը հոյակապ երաժիշտների հետ… Էլ չեմ ասում, որ ունենք մեր հայկական հետքը նաեւ արտասահմանում»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՄ ԵՐԿՆՔԻՆ
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Մուսալեռան հերոսամարտի պատմության եւ մուսալեռցիների ազգագրության թանգարան»-ի կառավարիչ, Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում եւ տեղյակ էլ չէ, թե կառավարության կազմն ինչպիսին է, ովքեր են նոր նախարարները։
Նշենք, որ մենք Դ. Սարգսյանին զանգահարել էինք՝ տեղեկանալու, թե նա ինչ կարծիք ունի ՀՀ կառավարության նոր կազմի, ինչպես նաեւ Հասմիկ Պողոսյանի` ՀՀ մշակույթի նախարար վերանշանակվելու մասին. «Ես իմ անելիքն արել եմ, պայքարել եմ, թող եկողները մտածեն, թե իրենք ինչ են անելու, ինչպես են անելու։ Իսկ եթե կցանկանան խորհուրդ լսել, ես մեծ սիրով իրենց, ամեն դեպքում, խորհուրդներ կտամ։ Ես հիմա աշխատանքի բերումով, կարելի է ասել, շատ ավելի մոտ եմ երկնքին, քան թե երկրին»,- ասաց մեր զրուցակիցը։

 

 

ՀՈԳԵՎՈՐ ԴԱՇՏՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
Հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նոր կառավարությունից որեւէ կոնկրետ սպասելիք չունի։ «Ես ու շատերը սպասում էինք, որ մեր տեսած դաժան արհավիրքներից, պատերազմից հետո մեր օջախները, տները տարին տարվա վրա պետք է շենանան։ Սակայն երբ դրանք անկախ պետականության պայմաններում քայքայվում են, արտագաղթն ահռելի չափերի է հասել, սով է, մարդը անտերության է մատնված, արվեստը եսիմ ուր է գնում, էլ ի՞նչ սպասելիքի մասին կարելի է խոսել։ Այդ կառավարության անդամները միայն իրենց ու իրենց հարազատների շահի մասին են մտածում»,- համոզված է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարի երկարակեցությանը, ապա Ա. Մանուկյանը համոզված է, որ մի քանի հոգի են որոշում՝ ով ապրի, ով չապրի, ում թողնեն, ում հանեն, եւ էական չէ՝ դա մշակույթի՞, առողջապահությա՞ն, թե՞ կրթության նախարարն է։
«Ավետարանն ասում է. «Երանի այն մարդկանց, ովքեր առանց տեսնել են հավատում»։ Այսինքն՝ եթե ներսդ հավատ կա, ու ընդունում ես այդ դրախտային պարտեզը, ուրեմն ամեն ինչ լավ է։ Բայց եթե տեսնում են առօրյայում, թե ինչպես մարդը մարդ է սպանում, ու աչքերը փակում են, դրանցից ի՞նչ սպասենք։ Հոգեւոր դաշտի պակասն է այս ամենի պատճառը»,- եզրակացրեց մեր զրուցակիցը։
Ռ. Թ.

 

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
Ապրիլի 8-13-ը Բուխարեստում կայացել է «Սինեպոլիտիկա» միջազգային 3-րդ կինոփառատոնը, որի շրջանակում ցուցադրվել է Սերժ Ավետիքյանի եւ Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Վերջինիս ցուցադրությանը ներկա են գտնվել Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի դեսպանները, ինչպես նաեւ դիվանագիտական կառույցների այլ ներկայացուցիչներ: Ի դեպ, մրցութային ծրագրի ամփոփման ժամանակ, ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում առաջին անգամ «Օրկեստր+» նախագծի շրջանակներում Էլիանա Բուրկին կներկայացնի ալպհորն շվեյցարական ազգային փողային նվագարանը: Ալպհորնահար Է. Բուրկիին երեւանյան համերգում կընկերակցի Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Բուրկին կներկայացնի դասական, ջազային, արաբական էթնո երաժշտություն: Համերգը կկայանա մայիսի 2-ին: Հիշեցնենք, որ «Օրկեստր+» նախագիծը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին:

 

ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Որքան էլ լուրեր են պտտվում Մայքլ Դուգլասի եւ Քեթրին Զեթա-Ջոնսի ամուսնալուծության մասին, այնուամենայնիվ նրանք Նյու Յորքում միասին են ներկայացել «Chaplin Award»-ին, որը ճանաչված կինոգործիչներին տրվող ամենամյա մրցանակ է: 41-րդ փառատոնի Կարմիր գորգին հայտնվել են Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զեթա-Ջոնսը, Մեգ Ռայանը, Մարտին Սկորսեզեն, Բիլլի Կրիստալը եւ այլք: Փառատոնի հերոսը դարձել է ռեժիսոր Ռոբ Ռայները, ով այս տարի ստացել է պատվավոր մրցանակը:
Նշենք, որ զույգի շրջապատում ասում են, որ 69-ամյա Դուգլասն ու նրա 44-ամյա կինը լրջորեն զբաղվում են իրենց ամուսնությունը փրկելով եւ ծրագրում են համատեղ արձակուրդն անցկացնել Իտալիայում:

 

ՄԱՍՏՐՈՅԱՆԻԻ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ
Կաննի 67-րդ ամենամյա կինոփառատոնի հաղթողին կընտրեն ռեժիսորներ Սոֆիա Կոպպոլան եւ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը, դերասաններ Կարոլ Բուկեն, Ուիլլեմ Դեֆոն, Գաել Գարսիա Բերնալը: Ջեյն Քեմփիոնի նախագահությամբ ժյուրիի կազմում ընդգրկվել են նաեւ հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Ընը, իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին եւ չին ռեժիսոր Ցզյա Չժանկեն: Նշենք, որ այս տարի Կաննի 67-րդ միջազգային փառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը՝ Մարչելո Մաստրոյանիի նշանի ներքո:




Լրահոս