ՀՀ Ազգային ժողովում դեռեւս 2003-ից «աշխատում» է Արկադի Համբարձումյան անուն ազգանունով մի պատգամավոր, որը երբեւէ խորհրդարանի ամբիոնի կողքով անգամ չի անցել` ուր մնաց որեւէ միտք հայտներ: Նա եւս դասական «կոճակ սեղմող» է աշխատում ԱԺ-ում:Բայց քանի որ մեր ընթերցողին որեւէ բան չի ասի Արկադի Համբարձումյան անուն-ազգանունը, տեղեկացնենք, որ այդ օրենսդիրը մի շատ կարեւոր մականուն ունի` «Դերժավայի Արկադ»: Այս մականունով նրան ճանաչում են ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ բիզնես միջավայրում: Բայց մինչ նրա այդ գործունեությանն անդրադառնալը, մի քանի դրվագներ հիշատակելով Արկադի կենսագրությունից, փորձենք «Ժողովուրդ»-ի ընթերցողներին լուսավորել, թե ով է այսօր ՀՀ քաղաքացիների համար օրենքներ ընդունում (հեղինակել ասվածը Արկադի դեպքում ուղղակի ծիծաղելի է-Ա. Խ.):Եւ այսպես, Արկադի Համբարձումյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, լուրջ իրավաբան է: Բայց ցավալի եւ նույնիսկ շատ ամոթալի է, որ չի ծառայել հայոց բանակում: Համենայնդեպս նրա պաշտոնական կենսագրությունն այդ մասին «լռում է»: Բավականին «աղքատիկ» կենսագրական տվյալների մեջ գրված է, որ Համբարձումյանն աշխատել է Երեւանի թիվ 5 հացի գործարանում` բանվոր, ապա` ««Կաթ» արտադրական միավորման ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար»: «Ազատ քարտուղարի» պարտականություններից հետո Արկադի Համբարձումյանը անմիջապես մտել է ուժային ոլորտ. նա մեկ տարի Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ է աշխատել, որից հետո մեկ տարվա ընթացքում դարձել է «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահը: Նշենք, որ Արկադի Համբարձումյանի հայրը բավականին հարգված մարդ է եւ իր որդու համար հարթ ուղի է գծել` քննիչից դարձնելով խոշոր գործարար: Պատերազմի տարիներից գործարարությամբ զբաղվող Արկադի Համբարձումյանը 2003-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «տաքուկ» տեղավորվեց «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակում` դառնալով ԱԺ պատգամավոր: Իհարկե, նա այդպես էլ հավատավոր ՕԵԿ-ական չդարձավ: Միայն սուսուփուս կատարում էր բոլոր քվեարկությունների համար ՕԵԿ-ից ու նախագահականից իջեցված պատվերները ու սեղմելով իրեն հասանելիք կոճակը, հեռանում խորհրդարանից: Ի տարբերություն այսօրվա ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի, Արկադի Համբարձումյանի ճակատին «Օրինաց երկրի» մասով որեւէ բան գրված չէ:Ինչեւէ, երբ ՕԵԿ-ը «գաղափարական տարաձայնությունների» պատճառով դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, Արկադի Համբարձումյանը հասկացավ, որ ինքը որեւէ տարաձայնություն չունի իշխանության հետ եւ լքեց այդ օրերին խորտակվող ՕԵԿ-ի նավը: Չգիտենք` հիմա փոշմանե՞լ է, թե՞ ոչ: Նշենք, որ ՕԵԿ քվոտայով ներքին գործերի մշտական հանձնաժողովի երբեմնի ներկայացուցիչ Համբարձումյանը, 2007-ի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ 29 ընտրատարածքից: Սկզբում նա խորհրդարանում զբաղվում էր արտաքին հարաբերություններով, հետո հասկացավ, որ իրեն առավել հոգեհարազատ է գյուղատնտեսությունն ու բնապահպանությունը, ընդգրկվեց այդ հանձնաժողովի կազմում: Պետք է նկատել, որ Համբարձումյանը ԱԺ ամենապասիվ պատգամավորներից է ու այդ պասիվությունը նկատվում է ոչ միայն խորհրդարանի դահլիճում, այլ նաեւ հանձնաժողովների նիստերին: Նա այն պատգամավորներից է, որին մանդատը անհրաժեշտ է խորհրդարանի պատերից դուրս` «գործի համար»: «Սուսուփուս» պատգամավորի համարում ունեցող Արկադի Համբարձումյանը ցավոք, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին պատգամավորն է, ով ՀՀ սահմանադրությունը ոտնահարում է հրապարակավ` առանց դույզն-ինչ վատ զգալու: Նա «Սնիկերսի», «Մարսի» եւ մի քանի այլ համեղ կոնֆետների ներկրողն է Հայաստանում: Նաեւ մի քանի մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներ է ներկրում (չենք նշում` գովազդից խուսափելու համար), շինանյութ եւ այսպես շարունակ: Դրա համար էլ խորհրդարանում աշխատելու համար ժամանակ չունի: Բա ո՞վ պետք է կառավարի բիզնեսը, փողն այնտեղ է, ոչ թե խորհրդարանում:Այժմ Արկադի Համբարձումյանը «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության անդամ է եւ երբեմն տարբեր բարեգործություններ է կատարում, որպեսզի ՀՀԿ-ում շատ «չնեղեն»: Բայց դատելով կուսակցության վերնախավի նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից, դժվար թե Արկադի Համբարձումյանը հաջորդ խորհրդարանում տեղ ունենա: Նա որեւէ չափանիշով չի կարողանա դառնալ ՀՀԿ գաղափարական մարտիկ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ում դժվար թե ընդունեն. արդեն գրել ենք, որ տեղերը սահմանափակ են: Մի խոսքով, Դերժավայի Արկադը պետք է իր բիզնեսի համար մի նոր «տանիք» ման գա: Ի դեպ, նախորդ խորհրդարանում գործող «Գործարար» խմբի պատգամավորներից միայն Արկադի Համբարձումյանը չէ, որ այս կարգավիճակում է: ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ11 02 2011
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԵԿ, ԱՅՍՕՐ ՀՀԿ, ՎԱՂՆ ԷԼ ԱՆՀԱՅՏ Է…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ