4 տարի գերության մեջ գտնվող ընտանիքի հայրն Ադրբեջանում բազմիցս հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կշարունակի հնարավորության սահմաններում աջակցել 4 տարի շարունակ ադրբեջանական գերությունից այսօր հայրենադարձված ընտանիքին: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ մամուլի խոսնակ Զառա Ամատունին, ում խոսքով՝ հայկական ընտանիքի՝ Ադրբեջանի սահմանում գտնվելու ողջ ընթացքում Կարմիր խաչը սերտ համագործակցել է երկու կողմերի իշխանությունների հետ:

Ընտանիքի հետագա կարգավիճակի և նրանց հետ կապված այլ հարցերի շուրջ մեր զրուցակիցն այլ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ ԿԽՄԿ մանդատի շրջանակներից դուրս է այլ պարզաբանումներ անելը:

«Հետագայում այցելություն կատարվելու են: Այլ մանրամասներ չեմ կարող նշել: Մեր հաղորդագրությունն ավարտվում է այն տեղեկատվությամբ, որ ընտանիքը հայրենադարձվել է»,- շարունակեց Զառա Ամատունին: Մեր հարցին՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, թե Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում ընտանիքի հայրը՝ 1958 թվականին ծնված Եղիշե Գևորգյանը, հոգեկան շեղումներ է ստացել, ոչ ադեկվատ վարք դրսևորել, մեր զրուցակիցը պարաբանեց, որ այս հարցի շուրջ ևս որևէ մեկնաբանություն անել չի կարող:

Նշենք, որ այսօր Իջևանի և Ղազախի միջանկյալ հատվածում տեղի է ունեցել 5 հոգուց բաղկացած ընտանիքի փոխանցումը: Այս ընտանիքը 2014 թվականին ապաստան է խնդրել Ադրբեջանից, ավելի ուշ երրորդ երկիր տեղափոխվելու խնդրանքով է հանդես եկել, ինչը հակառակորդ կողմը մերժել է՝ առաջարկելով Ադրբեջանի քաղաքացիություն: Սրանից Հայաստանի քաղաքացիները հրաժարվել են:

Այս պահին ընտանիքի անդամները բուժզննում են անցնում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Ի դեպ, ադրբեջանական կայքերը նշում են, որ իրենց տարածքում գտնվելու ժամանակ հայկական ընտանիքի անդամները պարբերաբար բուժզննում են անցել, և նրանց մոտ առողջական որևէ խնդիր չի հայտնաբերվել: Չնայած այս ամենին՝ Գևորգյանն իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, տարբեր պահանջներ է ներկայացրել, միջազգային կառույցների հետ հանդիպումների ժամանակ անտեղի սպառնալիքներ է հնչեցրել, ինչես նաև՝ բազմիցս հացադուլ հայտարարել:

Լուսանկարը՝ yerkir.am




Լրահոս