ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի թեժ ընտրությունները են տեղի ունենալու: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սեդրակ Դավթյանը եւ ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, ով «Ջրային հայելի» ընկերության անվտանգության ինժեներ է: Նախընտրական գործընթացի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված երկու թեկնածուների՝ Սահակ Ալեքսանյանի եւ Սեդրակ Դավթյանի հետ: Ի դեպ, վերջինս երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը:
-Պարո՛ն Ալեքսանյան, նախընտրական լարվածություն կա՞ գյուղում:
-Լարվածություն չկա: Ինքն էլ է գյուղացիների հետ նախընտրական հանդիպում անցկացնում, ես էլ:
-Նախորդ ընտրություններին չեք ընտրվել, իսկ այս անգամ ի՞նչ ակնկալիք ունեք: Կանցնե՞ք, թե՞ ոչ:
-Կարելի է ասել, որ արդեն անցած եմ: Մի գրամ կասկած չունեմ: Իմ կողմից կազմակերպած նախընտրական քարոզարշավին տեսնում եմ, թե որքան մարդ է գալիս, իրեն էլ: Իր կողքին մնացել են իր երեք որդին ու մի հինգ մարդ, ովքեր կախված են իրենից:
-Ինչպե՞ս եք համոզում գյուղացիներին, որ Ձեզ ընտրեն:
-Ես չեմ համոզում, ժողովուրդն է ինձ համոզել: Նրանք են ինձ առաջարկել առաջադրվել: Իմ համբերության բաժակն ավելի շուտ էր լցվել, քան ժողովրդինը, դրա համար էլ իրենք ինձ այդ հարցով դիմեցին: Ես մտադրություն չունեի թեկնածություն դնելու, ուղղակի գյուղացիները խնդրեցին, պահանջեցին, որպեսզի առաջադրվեմ: Քանի որ գյուղում տիրող իրավիճակը շատ վատ է: Գյուղն անկում է ապրում:
-Ի՞նչ իրավիճակ է:
-Գիշերային լուսավորություն չունենք, ճանապարհները գտնվում են վատ վիճակում: Դուք, որ մտնեք մեր գյուղ, կտեսնեք, թե ինչ վատթար վիճակում է այն գտնվում: Չունենք ասֆալտապատված ճանապարհ, մարդիկ մինչեւ ծնկները ցեխի մեջ են ման գալիս: Չունենք ոռոգման եւ խմելու ջրի համակարգ: Չունենք բուժական ամբուլատորիա, մշակույթի տուն: Այս ութը տարվա ընթացքում գյուղում ոչ մի դրական բան չի եղել: Այս պատճառով էլ գյուղացիներն ինձ դիմեցին ու ասացին, թե դու միայն կարող ես փրկել գյուղն այս վիճակից:
-Ձեր մրցակիցն ինչպե՞ս է համոզում գյուղացիներին:
-Գնում է ու գյուղի տներով շրջում է: Գյուղացիներին մարզպետարանից, նախարարություններից օգնություն է գալիս: Այդ օգնությունները բաժանելով՝ մարդկանց համոզում է, որ իրեն ձայն տան: Իր որդին աշխատում է մեր մոտ գտնվող հրշեջ մասում եւ իր գործընկերներին է համոզում, որ ձայն տան: Իր ընտանիքի ողջ անձնակազմն աշխատում է գյուղի մանկապարտեզում: Այսպես է նա աշխատում: Խոստումներ է տալիս, բայց ութը տարի ինքը բան չի արել գյուղի համար: Բայց գյուղացին չի հավատում ու մտածում է՝ եթե անող էր, ապա մինչեւ հիմա կաներ:
-Օգնության մեջ ի՞նչ է մտնում:
-Օգնությունը գարու, ցորենի տեսքով է: Այս տարի գարի է եկել, մարդիկ պահել են ամիսներով, հիմա ընտրությունից առաջ բաժանում են գյուղացիներին, որ ձայն հավաքեն: Բայց համայնքի բնակիչների անունով է եկել այդ օգնությունը: Իհարկե, շատ մարդիկ կան, որ գարին հետ են տվել ու ասել են, որ մի մեշոկ գարիով մենք չենք ուզում վաճառել մեր հոգին, մեր ձայնը:
-Ինչո՞ւ նախորդ տարի չընտրվեցիք:
-Այնպես չթվա, որ նախորդ ընտրություններում ինքն է ընտրվել: Ո՛չ: Ուղղակի նախորդ ընտրություններում նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ճնշման ազդեցության տակ մարդիկ ստիպված իրեն ընտրեցին:
-Հիմա թիկունք չունի՞:
-Թիկունքի հարցը չէ, այլ ճնշում չկա հիմա: Մարդիկ հիմա կարողանում են իրենց բարի կամքն ազատ արտահայտել:
-Չե՞ք մտահոգվում. նախկին մարզպետը հիմա վարչապետի խորհրդականն է:
-Ի՞նչ անենք: Ինքը վարչապետի հետ է աշխատում, ես էլ՝ համայնքի: Հիմա դա էական նշանակություն չունի: Գյուղացիների համբերության բաժակը լցվել է:
-Իսկ Ձեր թիկունքն ո՞վ է:
-Իմ թիկունքը գյուղի ժողովուրդն է, բարեկամներս, ընկերներս:
-Իսկ հայտնի հեղինակություն Վստրեչի՞ Ապերը, որը Ձեր քեռու որդին է:
-Ինքը հեղինակություն վայելող մարդ է, ես էլ դրանով ուրախ եմ: Ձեր բարեկամը, որ հեղինակություն վայելեր, Դուք վա՞տ կզգայիք Ձեզ: Իմ մորեղբոր որդին է եւ իր հնարավորությունների սահմաններում ինձ աջակցում է:
-Ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանն ո՞ւմ է պաշտպանում:
-Ներկայիս մարզպետը չեզոք դիրք է գրավում: Ասում է՝ կողջունեմ նրան, ով կհաղթի:
-Պարո՛ն Դավթյան, գյուղապետի պաշտոնի համար պայքարելու եք Դուք եւ Սահակ Ալեքսանյանը:
-Ես որեւէ մեկի հետ պայքարելու չունեմ: Ով է ասում, որ ես պայքարելու եմ, ես գործող գյուղապետ եմ, նորից դրել եմ իմ թեկնածությունը եւ անցնելու եմ:
-Լարվածություն կա՞ Ձեր եւ մրցակցի միջեւ:
-Ի՞նչ լարվածության մասին է խոսքը, մենք թշնամիներ չենք, որտեղ տեսնում ենք իրար, բարեւ-բայլուս ենք տալիս: Հո՞ քոչարի չենք պարելու:
-Պարո՛ն Դավթյան, հանդիպումներ ունենո՞ւմ եք գյուղացիների հետ:
-Այո՛, հանդիպում եմ նրանց հետ, ներկայացնում եմ իմ ծրագրերը:
-Ձեր մրցակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Դուք ամիսներ առաջ մարզպետարանի կողմից ստացած ցորենն ու գարին հիմա եք գյուղացիներին որպես օգնություն բաժանում եւ դրա դիմաց բնակիչներից պահանջում եք, որ քվեարկեն Ձեզ համար:
-Նման բան չկա: Սերմացու գարի ենք միայն ստացել, սելիտրա, դիզելային վառելիք, որն էլ գարնանն է բաժանվել:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ