
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի կողմից թույլ տրված չարաշահումների գործը կրկին վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քննության: Հիշեցնենք՝ դեռեւս հոկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ մի քաղաքացի բողոք է ներկայացրել ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին: Ըստ բողոքի՝ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել:
Հետագայում, երբ այս դիմումին ընթացք էր տրվել եւ քրեական գործ էր հարուցվել, ՀՀ քննչական կոմիտեից այն ուղարկել էին ՀՀ գլխավոր դատախազություն` ընդդատության հարցը որոշելու համար: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ քրգործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով վարչություն` քննությունը շարունակելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետի կողմից չարաշահումներ թույլ տալու մեղադրանքով այս գործում խառնաշփոթ է ստեղծվել դիմումատուի ցուցմունքների արդյունքում: Բանն այն է, որ քաղաքապետի դեմ բողոք ներկայացրած կինը հայտարարել է, թե իբր իրեն ոստիկանն է ասել, որպեսզի նման բողոք գրի: