«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը որոշակի պարտքեր է կուտակել գյուղացիներին, որոնցից կաթ է ձեռք բերել:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Աշտարակ կաթ» ընկերությանը, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Այո՛, «Աշտարակ կաթ» ընկերությունն ունի կաթի մթերման դիմաց կուտակված որոշակի պարտքեր: Ամռան ամիսներին մթերվող կաթի քանակությունը միշտ ավելի շատ է լինում, քան ձմռան ամիսներին: Ավելցուկային կաթն ուղղվում է պանրի եւ չոր կաթի արտադրությանը, սակայն դրանց վաճառքն իրականացվում է հետագա ամիսներին: Արդյունքում՝ ընկերությունում ժամանակավորապես առաջանում է շրջանառու միջոցների պակաս, եւ գոյանում է որոշակի պարտք:
Ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից, եւ խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը»: